Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է տեղի ունենար Փաշինյանի-Ալիևի հանդիպում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։ Արցախում Ալիևի վերջին օրերի վայրագությունները չէր խանգարել, որ հանդիպման գնա։ Ալիևն առաջ անցավ և ի՛նքը հրաժարվեց բանակցություններից։ Նիկոլն ասում է՝ շատ կառուցողական էին տրամադրված, լավատեսական և շրջադարձային նշանակության փաստաթուղթ կարող էին ստորագրել։ Անտրամաբանական է, իհարկե, թե ինչ լավատեսական ու կառուցողականի մասին է խոսքը, երբ ընդամենը երեկ ցեղասպանություն էր ու բռնագաղթ։ Հատկապես էս մասում չեմ խորանում, քանի որ Նիկոլը սովոր է մեր երկրի թշնամիներին համարել կիրթ ու կառուցողական։ Բայց անհասկանալի է, թե էդ ոնց է լինում, որ մի տարի բանակցում եք, հասել եք «շրջադարձային փաստաթղթի ստորագրման» ու հանկարծ չեղարկվում է մի մարդու պատճառով, որը ի սկզբանե պետք է չմասակցեր հանդիպմանը։
Այս հանդիպումը ծրագրված էր ամիսներ առաջ ու կազմը հայտնի էր և ուրեմն ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց վերջին օրը՝ պատճառ բռնելով Էրդողանի չմասնակցությունը և Մակրոնի մասնակցությունը։ Հարցն այն է, որ Ալիևը Արցախը հայերից զրկեց հենց հանդիպումից երկու օր առաջ ու համոզվելով, որ էլ հայ չի մնացել, հրաժարվեց հանդիպումից․ Ալիևի ինչի՞ն է պետք, արդեն, էդ «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը։ Նիկոլ Փաշինյանը մեզ համոզել է, թե դա մեր կադաստրի վկայականն է, մեզ է պետք․ Ալիևի ինչի՞ն է պետք մեզ կադաստրի վկայական տա, եթե մանավանդ, ինքը արդեն երկու վկայական ունի, Նիկոլի բառապաշարով ասած։ Սրանք պետք է գնային-բանակցեին՝ դու ինձ կտաս էս, ես կտամ սա, կճանաչենք իրար տարածքային ամբողջականությունը։ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ տվել է այն, ինչը, եթե տալու լիներ, պետք է տար բանակցությունների արդյունքում։ Արցախ հանձնելը դավաճանություն է ցանկացած դեպքում, և ինքը մեր հայրենիքը հանձնում է առանց բան ստանալու։ Ալիևը պետք է այսօր գնար Նիկոլի հետ հանդիպման, որպեսզի ստորագրեր մի թուղթ, որ Ղարաբաղի հարցը լուծվում է։ Ինքը երկու օր առաջ արդեն լուծել է հարցը Նիկոլի մեծ օգնությամբ։ 2022 թվականի հոկտեմբեի 6-ին, երբ նիկոլը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ուղիղ չհայտարարեց, որ Ադրբեջանն էլ ճանաչելու է մեր 29,800 քառակուսի կիլոմետրը, ասում էին՝ մենք հույս ունենք՝ կճանաչի։ Ալիևը մինչև հիմա մի տող չի ասել ճանաչելու մասին։ Ամենակարևորը, որ պետք է ստանար Ադրբեջանը, Արցախն է, դա էլ ստացել է, այնտեղ այլևս հայ չկա․ Փաշինյանն ու Ալիևը էնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ չմորթվելու համար հանձնվեց Արցախը։ Հայաստանն ասում էր՝ կա՛մ նացեք մորթվեք, կամ էլ կարող եք գալ, տանիք կտամ, բայց Ղարաբաղ պահելու համար զենք չեմ վերցնի, ձեր հողից ու 120 հազար մարդուց ավելի թանկ մեր 29,800-ն է ու 3 միլիոն ժողովուրդը։ 10 միլիոնանոց երկիրը թուրքական ու իսրայելական զենքերով հարձակվել է 120 հազար բնակչության վրա, որոնցից երկու տարի առաջ խլել ես զենքերը, մնային կոտորվեի՞ն։ Հայրը նայեր, թե ոնց է ռումբը ընկնում երեխաների գլխի՞ն, թե՞ հանձներ տունը փախչեր։ Իսկի դու էդքան հանձնեցիր՝ ինքնասպան չեղար։
Ալիևը ոչ թե չի գնում հանդիպման նրա համար, որ էնտեղ Մակրոն կա և Էրդողան չկա, այլ նրա համար, որ ինքն է թելադրում․ ու թելադրում է, որովհետև իր դիմաց նստած ես դու։ Ուզի՝ կգա, ուզի՝ չի գա ու կվերցնի։ Պետք է թուղթ ստորագրեին, որ անկլավներ հանձնե՞ր։ Ալիևի տեսանկյունից, դա կարող է վերցնել նաև առանց թղթի։ Կասկածում ե՞ք։ Հիշեք՝ թշնամին մինչև Սև լճի կեսը գրավել է առանց կրակոցի։ 150 քառակուսի կիլոմետր այժմ օկուպացրել է, Վարդենիսի կարևոր դրքերը վերցրել է, ի՞նչն է խանգարում, որ անկլավներն էլ վերցնի, Պապիկյան Սուրո՞ն։ Պետք է թուղթ ստորագրի, որ իր ժողովրդին Հայաստանում բնակեցնի՞։ Ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կլուծի, միջանցքի հարցն էլ կլուծի։ Չէ՞ որ Նիկոլի շնորհիվ Ադրբեջանը կասկածի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու վախը բռնել է, գիտի, որ սա հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ է․ ինչ պետք է՝ կհանձնի ու կսկսի աջ ու ձախ մեղադրել։
Ալիևն այդքան ինքնավստահ է, որովհետև հիմա ոչ միայն արդեն ունի Արցախ, այլև Նիկոլը Հայաստանի անվտանգության միակ պարտնյորի հետ կիսաբախումային վիճակում է։ Ասենք վաղը հարձակվեց Հայաստանի վրա, ո՞ւմ են դիմելու, էս հաստիքավոր հակառուսները, որ լցված են ամեն օր Հ1-ի եթեր, զանգելու են Մակրոնի՞ն, թե՞ էլի ասելու են՝ բա ռուսները ուր են։ Իսկ այդքան երես ունե՞ս ռուսներին զանգելու։ Քո անվտանգային համակարգը վարի ես տվել։ Հույսներս Իրանն էր, մեռավ ասելով՝ եկեք զորավարժություններ անենք, ուզում էր, ըստ օդում կախված տեղեկությունների, դեռ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ, զորք բերել Սյունիքը պաշտպանելու։ Հանուն քո վերընտրվելու, Եվրոպայի խոստումների, հրաժարվեցիր։ Մենք երեկ լսեցինք Իրանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների մասին։ Ադրբեջանը տեսնում է, որ ռուսի հետ վատ ես, Իրանի համար անհասկանալի մարդ ես, ոչ մի տեղից աջակցություն չունես, ինչո՞ւ պետք է քո հետ խաղաղություն կնքի ու չհարձակման պարտավորություն ստանձնի։
Գրանադայի հանդիպմանը ովքե՞ր պետք է մասնակցեին՝ Նիկոլը, Ալիևը, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները, ԵԽ նախագահը․ էս պահին Ալիևը Արևմուտքի եղբայրն է, քեզ էլ Ռուսաստանից պոկեց-բերեց իբր թե արևմուտք, որոնց հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է․ գազ է տալիս, հեչ որ չէ, դո՞ւ ինչ ես տալիս։ Երեկ ասել եմ և հիմա հիշեցնում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերը․ ասում ա՝ հիսասթափված ենք, որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, բայց, ամեն դեպքում նա մեր դաշնակիցն է։ Վերջ, թեման փակվեց։
ժողովուրդ ջան, ձեզ կթվա, թե պատային վիճակ է, բայց իրականում այդպես չէ։ Անկումից, որ գնալով խորանում է, դեռ ելք կա․ պետք է սա գնա, ու գա էս վիճակին վերջ տալու ունակ մեկը։ Դա չի նշանակում պատերազմ։ Հուս ունեմ, որ իշխանությունից հրաժարվելու պարագայում Նիկոլը Ալիևին չի խնդրի հարձակվել Հայաստանի վրա։ Բայց իմացեք, որ այս հանձնումներն ավելի են մոտեցնում պատերազմին, ոչ թե հեռվացնում են։ Ալիևը եթե հրաժարվում է բանակցությունից, ուրեմն վստահ է, որ զենքով ու ժամանակի ընթացքում լուծելու է իր հարցերը։ Մանրից կվերցնի ինչ ուզում է․ Ղարաբաղը չվերցրե՞ց։ Հարձակվեցին, հետո փակեցին, բլոկադա արեցին, հետո էլի հարձակվեցին, ճամփեն բացեցին ասացին՝ դե գնացեք։ Իսկ ինչու՞ էր այդքան վստահ. Ի՞նչ է, կռվող չկա՞ր, զորք չկա՞ր, դո՞ւխ չէր մնացել հայի մոտ․ ոչ, որովհետև վստահ էր, որ Փաշինյանը ոչինչ էլ չի անելու, 100% վստահ էր, այդքան բան: Հլը թող նորմալ ղեկավար ունենայինք, տեսնեինք՝ ռիսկ կանե՞ր հարձակվել կամ բլոկադայի մեջ պահել 100 հազար հայի․ մտքով էլ չէր անցնի, որ կարող է Հայաստանը չխառնվել: Իսկ Նիկոլի վրա ուղղակի վստահ էր:
ԱԺ ամբիոնից Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց՝ Պրահայի հանդիպման արդյունքներից հրաժարումը նշանակում է Հայաստանի անկախությունից հրաժարում։ Սրանք պետք է գնային Գրանադա՝ Պրահայի հանդիպման արդյունքները հաստատելու։ Չեղարկվեց․ այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի անկախությունը հարցականի տակ է։ Նիկոլը էնպիսի բան է պայմանավորվել Պրահայում, որ եթե չկատարի, Հայաստանի անկախությունը վտանգի տակ է։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ արցախը կորցրեցինք, որովհետև ես նշաձողը ցածրացրել էի, իրենք բարձրացրեցին։ Հիմա հարց, Հայաստանի նշաձողը որքա՞ն ես ցածրացրել, մինչև ո՞ւր ես ցածրացրել։ Հայաստանը պետք է ունենա նոր ղեկավար և լուրջ ղեկավար, որ կարողանա սրանց՝ ցած գցած նշաձողը անվնաս բարձրացնի, կարողանա դաշնակիցների հետ պայմանավորվել մեր անվտագային հարցերի շուրջ։ Տեսնում եմ, որ ինչ կատարվում է՝ ժողովրդի սրտով էլ չէ և ուզում է կտրուկ փոփոխել էս աղետալիի վիճակը, որին ամեն անգամ նոր աղետներ են գումարվում։ Ընդ որում, եթե մինչ այս մեր ուշքումիտքը անվտանգությունն էր ու Արցախը, հիմա այդ ամենին գումարվում է այն ահռելի խնդիրները, որ գալիս են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուց։ Հարց՝ հիմա ո՞ւմ դիմագրավել՝ աջից ձախ եկող մարտահրավերների՞ն, թե՞ հեռացնել այդ մարտահրավերների հեղինակներին։ Ի՞նչ անել, ժողովուրդ, բացե՞լ խցանված կոյուղին, թե՞ անընդհատ տանից մաքրել կեղտաջրերը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը