25 07 2024

Ադրբեջանը մինչև 2025 թվականը պատրաստվում է ավարտին հասցնել և շահագործել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը. «Հրապարակ»

Ադրբեջանը մինչև 2025 թվականը պատրաստվում է ավարտին հասցնել և շահագործել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը մինչեւ 2025 թվականը պատրաստվում է ավարտին հասցնել  եւ շահագործման հանձնել Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը, իրենց տերմինոլոգիայով` «Զանգեզուրի միջանցքը», որն անցնելու է Հայաստանի տարածքով։ Մայրուղու ադրբեջանական մասում գտնվող հատվածը, այսինքն` մոտ 80 տոկոսն արդեն ավարտված է։ Այն սկիզբ է առնում Հորադիզից, ավարտվում է Սյունիքի մարզին սահմանակից Ագբանդ բնակավայրում։ Այսինքն, Ադրբեջանն ամբողջությամբ կառուցել ավարտել է «Զանգեզուրի միջանցքի»` իր հատվածը, բերել հասցրել է Հայաստանի սահմանին եւ սպասում է, որ հայկական կողմն էլ իր հատվածը պետք է կառուցի:

123,5 կիլոմետր երկարությամբ այդ մայրուղին, որի շինարարությունն իրականացնում են թուրքական ընկերությունները, առաջին կատեգորիայի ճանապարհ է լինելու, ունենալու է 58 ստորգետնյա անցում, 27 կամուրջ, 3 թունել, երթեւեկության 6 գոտի։ «Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։ Տեղանքի շինարարությունը կսկսվի երկու երկրների միջև վերջնական համաձայնության գալուց հետո»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թ. դեկտեմբերին իսպանական «El Pais» պարբերականին տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջեւան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում։ Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար պատմական նշանակություն ունի՝ թյուրքական երկու պետությունն իրար կապելու եւ «Մեծ Թուրանի» գաղափարախոսությունը կյանքի կոչելու հարցում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ