12 05 2023

«Կարճ ասած»․ Փախուստը՝ որպես փրկություն․ քիչ է մնում իշխանությունը արտագաղթի տոմս բաժանի



Աստիճանաբար պակասում են Հայաստանում բնակվող մեր ընկերների, ծանոթների թիվը ու նրանց շնորհիվ մեծանում է ընկերների աշխարհագրությունը տարբեր երկրներում։ Վստահ եմ՝ բոլորիդ շրջապատում է այսպես։ Մարդիկ կան՝ իրենց մանկապարտեզի ընկերներին անգամ կանչում-բերում են Հայաստան, պաշտոն ու լավ գործ են տալիս, հենա,Նիկոլի ախպերը խոպանից եկավ, 10 տեղ դիրեկտոր նշանակվեց․ որովհետև դիրք ունեն, լծակ ունեն, էն մի անհաջողակին բերում են ԱՄՆ-ից ու ամբողջ կոմիտե վստահում, էն մյուսին նշանակում խորհրդական, իսկ եղած մասնագետները համալրում են Սփյուռքահայերի շարքերը ու էնտեղից են ասում արի Ամերիկա, Մոսկվա, Լիոն, Մոնրեալ, պրոբլեմ չունես։

Ծանոթներիցս մեկը ընտանյոք հանդերձ երեք օր առաջ գնաց Սանկտ Պետերբուրգ ապրելու․ աշխատանք էլ, հնարավորություն էլ ուներ, բայց չկարողացավ մնալ։ Կապիտուլյացիայից հետո մնաց, երբ թշնամին մտավ Սյունիք ու տարածքներ գրավեց, մնաց։ (Ի դեպ՝ հենց այսօր լրացավ երկու տարին, որ թշնամին մտավ ու հասավ մինչև Սև լճի կեսը)։ Մտան Ջերկուկ, էլի զսպեց, մնաց, մտան Տեղ գյուղ ու էլի՝ մեր ՊՆ-ն դեմները չառավ, նա արդեն սկսեց անհանգստանալ, որ մոտենում են իրենց տներին։ 3 երեխա ունի, երկուսը աղջիկ, շուտով չափահաս են դառնալու, անհանգստանում է՝ Հայաստանում ինչ է լինելու իրենց վիճակը։

Արցախում ու Հայաստանում հազարավոր ընտանիքներ փախստական դարձան վեջին երեք տարիներին․ քա՞նիսը մնաց Հայաստանում, քա՞նիսին տեր կանգնեց պետությունը։ Որդուն ուղարկել էին բանակ, մինչև հետ եկավ, հազար ու մի հիվանդություն ստացան, անընդհատ կրակոցներ, վիրավորներ, ամեն կրակոցի հետ շտապօգնությունը հայաթում կանգնած էր, էլ չասեմ, որ պետությունից շատ իրենց էրեխուն բանակում պահեցին․ էլ տաք շոր ղրկեք, կիտել ղրկեք, բատինկա հասցրեք, սիգարետ ու սնունդ հասցրեք։ Անձամբ ես երկու անգամ ֆորմա եմ ուղարկել, իմ կողմից։ Երկու տարին օրացույց ջնջելով գլորեցին, երեքշաբթի բանակի քեֆն արեցին, շաբաթ օրը ընտանիքով հեռացան Հայաստանից։ Ոչ էն ա մեղադրես, ասես բա երկիրը, հայրենիքը, ոչ էն ա, ասես ճիշտ եք անում։

Բերում եմ օրինակներ իմ շրջապատից ու տեսադաշտից, բայց բոլորդ էլ ունեք նման ծնոթներ ու ընկերներ։ 4 տարի առաջ գնացել էր խոպան, չմոռանամ ասել՝ Նիկոլին ընտրելուց հետո, երեք ամիս առաջ եկավ ամուսնացավ, ինքը քիչ էր, կնոջն էլ առավ գնաց, մի քանի օր հետո էլ աներորդուն տարավ, վաղը հերն ու մերն էլ են գնալու։ Ասում ա՝ 4 տարի աշխատել եմ Ռուսաստանում, տուն եմ առել, Հայաստանում քա՞նի տարի աշխատեմ։ Պակասում ենք, ժողովուրդ ջան։ Ուրախ-ուրախ վիճակագրություն են հրապարակում՝ այս տարի Զվարթնոց օդանավակայանում շատացել են ուղևորափոխադրումները․ հա, բայց ամեն ինքնաթիռ քա՞նի ընտանիք է տարել ու նրանց փոխարեն ընդամենը տուրիստ բերել կամ ռուս։ Նրանք հո չե՞ն համալրելու քո երկրի մշտական բնակչության կազմը, մի օր գնում են։ Ջերմուկի դեպքերից հետո գիտե՞ք քանի ռուս, որ իբր հաստատվել էր Հայաստանում, գնաց Վրաստան։

Նայեք ինչ երիտասարդություն է դուրս գալիս երկրից։ Ընդդիմադիր լինելու համար գործից հեռացրել են, լավ մասնագետ է, բայց հակաիշխանական, պետական համակարգում է աշխատում։ Հելավ գնաց Գերմանիա, գնահատեցին, լավ վարձատրում են, հեշտացված կարգով քաղաքացիություն են խոստացել։ Մարդու ուղեղի մեջ չի տեղավրվում, ստացել է բարձրագույն կրթություն, դժգոհում է, որ հիմնարկը փակել են, Քերոբյան Վահանն ասում է՝ նշաձողդ իջեցրու, գնա բանվորություն արա։ Պետական ծրագրով քաղաքացին կրթություն էր ստացել Չինաստանում, եկավ, չհարմարվեց, նորմալ գործ չճարեց ու հավաքեց գնաց էստեղից։ Հիմա մեկը գնաց սահմանային խնդիրների պատճառով, մեկը հանիրավի դատվելու պատճառով, մեկը բիզնեսը կորցնելու պատճառով, տունը կորցնելու պատճառով ու մեկ էլ տեսնում ես, որ շրջապատիդ կեսը երկրում չէ արդեն․ գնում են ու մի տեսակ վրադ խնդալով, քեզ խղճալով ասում ինչի՞ ես մնացել, հել արի, վաղը մի բան էլ քո գլխին կսարքեն։ Տեսնում ես, որ այս իշխանությունը գնալու համար ավելի շատ առիթներ է ստեղծել, քան մնալու համար։ 3 հոգանոց ընտանիք ապրում էր փոքր գյուղում, դպրոցը փոքր էր, մի քանի աշակերտ, փակվեց, տեղափոխեցին հարևան դպրոց, էն էլ փակվեց, մի քանի գյուղ միասին ծննդատուն ունեին, 2020 թվականին դա էլ փակվեց, մանկապարտեզ չկա, արվեստի դրպրոց չկա, շատ անասուն ունեին, ծախեցին գնացին Ռուսաստան։ Դե թող հա Նիկոլը խոսի տարածքային համաչափ զարգացման մասին։ Հենց էսօր կրակել են Սոթքի ուղղությամբ ունենք երկու վիրավոր։ Հանքը մի քանի օր չի գործում, մարդիկ ապրելու խնդիր ունեն․ մտածում են՝ լավ, սենց որքա՞ն ապրեն, վերջը չի երևում։

Սոցիալական ճգնաժամ, բարոյահոգեբանական, անվտանգային, տնտեսական, կրթական, սաղ ճգնաժամերը գումարվում են իրար ու մեկ էլ տեսնում ես, որ արդեն անհնար է։ Էն ոնց ա, որ գնում ես բժշկի թոքերդ ստուգելու, մեկ էլ պարզվում ա, որ թոքերը քո ամենափոքր խնդիրներ են, էնքան հիվանդություն ա դուրս գալիս, այ դա մեր քաղաքացու մոտ առկա ճգնաժամներն են։

Դրա համար էլ տարին նոր է սկսել, առաջին եռամսյակում արդեն 9 հազար հայաստանցի ՌԴ քաղացքացիություն է ստացել։ Բայց հո մենակ Ռուսաստանը չէ։ Կին է ճարել, 30 հազար դոլարով ֆիկտիվ ամուսնություն կնքել, մեկնել ԱՄՆ, հազարավոր մարդիկ մեքսիկա-ամերիկա սահմանում են, այնինչ Հայաստանում էին լավ ապագա խոստացել նրանց։ Ամեն տարի մեր երկրի բնակչության լուրջ տոկոս երկրից հեռանում է զանազան պատճառներով։ Ու շարունակելու են գնալ, քանի էս վիճակն է։ Հայաստանում մնալու են մեծամասամբ նրանք, որոնք կամ գնալու տեղ չունեն, կամ գնալու փող չունեն, տարիքը թույլ չի տալիս գնալ ու զրոյից սկսել։ Ինչ-որ քննարկումներ են սկսում՝ դուք հայրենասեր չեք, որ լքում եք հայրենիքը, հեռանում եք, սահմանը թողնում եք, գյուղը թողնում եք։ Անպտուղ քննարկումներ են, իմ կարծիքով։ Էդ հայրենասիրությունը չես կարող պահանջես, դա կամ կա, կամ՝ ոչ։ Հետո, ամենքի հայրենասիրությունը մի ձևի է, կարծում եմ տեղ մեղադրելու բան չկա, ամեն մեկս մեր հարցերն ունենք, բայց նաև պատկերացումները։ Բայց նաև հասկանում եմ, որ չեն կարող բիզնեսը ձեռքից առնել, ինչ է թե նախկին պաշտոնյաներից մեկի հետ քավոր սանիկ է, գործից հանել, որովհետև լայքել է Քոչարյանի ասուլիսը, չի կարելի մարդկանց իրականում դարձնել տուգանքի մատերիալ, անվտագությունը չապահովել, նորմալ աշխատանք չտալ, թոշակ չտալ, կրթություն չտալ, բայց ասել՝ ապագա կա, մնա, որ հայրենիքը պահես։ Հայրենիքի պահապաններին հազարներով տարան գերեզման, ծնողներին էլ ասֆալտով քարշ են տալիս որդիների գերեզմանների մոտ, պատերազմում վիրավորների մի մասն իր միջոցներով է բուժում ստանում, տնից զրկվածները փողոցում են։ Այսօրվա իշխանության ձեռքին, մեր պետությունը ոչ մի պարտականությունը չի կատարում ու պահանջում ենք, որ քաղաքացին պետք է ի՞նչ անի։

Կարճ ասած՝ իշխանությունը արտագաղթի համար բոլոր պայմանները ստեղծել է, մնում է տոմսն էլ առնի ու ասի ցտեսություն։ Իրեն ձեռք է տալիս, որ գնան, ինչքան քիչ մարդ, էնքան քիչ դժգոհություն, չէ՞ որ գնացողները մեծամասամբ ինչ-որ բանից դժգոհներն են։ 2000-ականներին մի քանի տարի շարունակ կար ներգաղթ․ ինչո՞ւ․ որովհետև կար կայունություն, զարգացում, կար հեռանկար, ապագայի նկատմամբ վստահություն։ Իսկ այս իշխանությունը որևէ վստահություն չի ներշնչում, իհարկե՝ հայ ժողովրդին։ Երբ ամեն մի գնացողի հետևից ասում են՝ գնաց փրկվեց, երանությամբ են նայում, ուրեմն մեծ պրոբլեմի մեջ ենք։ Չի կարող փախուստը դիտվել որպես փրկություն, ժողովուրդ, դա սուտ է, իրականում՝ աղետ է։ Պետք է մնալ և տեղում մեր հարցերը լուծել, դժվար է, բայց այլ տարբերակ չկա։

 

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ