19 04 2023

«Կարճ ասած»․ Այ ժողովուրդ ջան, հող տալը ո՞րն է, էս ի՞նչ են սրանք մտցրել մեջներդ



Երեկ հայ ժողովրդի վրա մատ թափ տվեցին միաժամանակ և՛ Նիկոլը, և՛ Ալիևը։ Մեկը խոսեց հանձնելու մասին, մյուսը՝ գրավելու։ Կարծես Հայաստանում խոսեր Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչը, ոչ թե ինքնիշխան պետության ղեկավար։ Առհասարակ, չեմ հիշում որևէ պետության ղեկավար, որ իր ժողովրդին ասի՝ հեսա-հեսա, հայրենիքի մի մասից հրաժարվում է՝ ճանաչում այլ պետության կազմում։ Լուրջ՝ չեմ հիշում, արդյո՞ք եղել է այդպիսի բան, թե էլի մենք աննախադեպ ենք, Նժդեհի հայտնի բառերը վկա։ Փաշինյանը խեղաթյուրում էր փաստերը նախկինում բանակցությունների, իսկ Ալիևը՝ վաղուց նախկինը մոռացել է ու աքլորացած խոսում է, թե ինչ է արել 3 տարի առաջ ու ինչ է անելու։ Նիկոլը միայն 2022 թվականին 4 եռակողմ հանդիպում է ունեցել Ալիևի հետ, 2 քառակողմ հանդիպում, 6 անգամ՝ արտգործնախարարներն են հանդիպել, բայց ասում է՝ ես բան չեմ բանակցել։ Ալիևն էլ ասում է՝ բանակցել է, որ Արցախն Ադրբեջան է, մնում է հայտարարի։ Ու նա, որ ԱԺ ամբիոնից ասում էր ես ոչինչ չեմ բանակցել, 2020 թվականի մայիսի 6-ին ասում էր՝ ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ։ Հա՛մ նույն ամբիոնից էր ասում, հա՛մ նույն կոստյումն ու փողկապն էր հագել։

Նիկոլը, բնականաբար, ոչ միայն բանակցել է, այլև ինչ բանակցել է՝ կոնկրետ տապալել է։ Արդյունքն էլ կա, միայն ամիս-ամսաթվերը չեն դրա մասին հուշում։ 2020 թվականի պատերազմից առաջ ասում էր «Չի լինելու այնպես, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներներս դողա, որ վայ, հանկարծ, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Բանակցությունները, այն էլ՝ տարածքի, հողի մասին, այո, այնպիսին են, որ պետք է բանակցողը մտածի ամեն բառի մասին, ամեն միտք ասելուց առաջ 10 անգամ մտածի։ Նիկոլն ասում էր կգնամ կբանակցեմ, տեսնեմ դա չստացվեց, ուրիշ բան կբանակցեմ։ Այ էդքան հեշտ։ Երևի մտածում էր, թե ադրբեջանական կողմը մոտավորապես ՔՊ խմբակցության պես մի բան է, որ ոնց ուզի վրեքները գոռա, Ալիևն էլ պետք է հաշվի նստեր Հայաստանում հեղափոխության հետ, թե չէ Նիկոլը սպառնում էր էնպես բաներ ասել, որ Ադրբեջանում էլ հեղափոխություն լինի։ Հիշում ենք։ Մտածել էր՝ սաղ հեչ, ինչ մի պրոբլեմ ա, որ էսքան ձգձգում են, գնամ-խոսամ-լուծեմ-գամ։ Սերժին մերժել էր, Քոչարյանին կալանք էր տվել, Լևոն Տեր-Պետրոսյանին էր հանդիպել, ասում էր՝ ոչ մի օգտակար բան չասաց ու առանց բանակցությունների պատմությանը, էությանը տեղյակ լինելու, բոբիկ ելավ-գնաց Ալիևի հետ մտավ Դուշանբեի լիֆտ ու կարելի է ասել՝ հանձնած դուրս եկավ։ Ինչպես ինքն է ասում, չվախեցավ սխալ փռշտալուց, գնաց ու սկսեց փռշտալ հարբուխ ընկածի պես։ Կարող ենք ասել, որ 2018 թվականին առաջին բանակցություններից, էն որ խնդրում էր չկրակել, մինչև երկրի ներսում ընդդիմության հարցերը լուծի, մինչև հիմա, ոչ մի ճիշտ բանակցային քայլ չի կատարել․ թույլ է տվել սխալ սխալի հետևից, իսկ Ալիևը, որ հլը էն ժամանակ հոր հետ միասին էր գնում բանակցությունների, մերի համեմատ՝ հմուտ դիվանագետ է, հասկացել է, թե ինչ գանձ է իր ձեռքը ընկել ու օգտվել է բոլոր սխալներից։ Բանակցությունների ընթացքում Նիկոլը հերթով Ալիևին հանձնել է էն հաղթաթղթերը, բանակցային առավելությունները, սակարկման տարբերակները, որ ուներ, շատ արագ՝ ընդամենը երկու տարում բերել-հասցրել են էն կետին, որ Նիկոլը պետք է հանձներ Արցախը, բայց չի հանձնել, որ երկրի ներսում իր դեմ դուրս չգա ժողովուրդը, ու եղավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Իսկ հետոն բոլորիս աչքի առաջ է։ Ամենը վարի տվեց, ու հիմա Հայաստանի տարածքի մի մասը պահում է տարածքի մյուս մասը հանձնելու գնով ու դեռ հարց է՝ կարողանո՞ւմ է պահել, թե չէ։ Գորիսը տամ, որ Մալիշկան պահեմ եզրույթը ոչ միայն դավաճանական է, այլև՝ չգործող։

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ երևի միակ կամ այն քիչ ղեկավարներից է, որը, ըստ տարբեր տեղեկությունների ֆեյքերի թիվ մեկ գործատուն է։ Ու այդ ֆեյքերով ոչ թե խնդիր դրեց պատերազմի հետևանքները մեղմել, այլ՝ իր բանակցությունները հետին թվով շուռ տալ։ Ալիևը ակտիվ լեգալացնում էր պատերազմի ձեռքբերումները, սա զբաղված էր մեղադրանքներ ցրելով։

Կրկնում եմ, էս ամենը նրա պատճառով է, որ Փաշինյանը սկսեց մտածել, որ բանակցելու համար խելք պետք չէ։ Ու քանի որ պրավալ է տվել, հիմա ասում է՝ ես չեմ բանակցել․ վաղը կասի՝ ես որպես վարչապետ չեմ բանակցել, պետության գլուխը նախագահն էր, թող նա բանակցեր։ Ի դեպ, ժողովուրդ, որ էդքան հանգիստ նստած լսում ու ղժում ես վարչապետիդ կամ նրա ասածների վրա, ասեմ, որ հաջորդ մեղավորը արդեն դուք եք դուրս գալու։ Ասում է՝ ինձ բանակցություներին լիազորել է ժողովուրդը։ Ինքն է ինձ թույլ տվել բանակցել, ես էլ բանակցում եմ։ Ժողովուրդ ջան, հո չես ասի՝ ես իրեն ձայն չեմ տվել․ ձայն տվել ես, թե չես տվել, նա բանակցում է քո անունից։ Նա ասում է ժողովուրդն է ինձ 2018 թվականին ասել գնա բանակցի, 2021 թվականին էլ հաստատել է:

Լավ, սա հասկացանք, բա հետոն։ Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք պատկերացնում են, թե ինչ է լինելու՝ ընդդիմադիրներ, վերլուծաբաններ, լրագրողներ և այլք պետք է անկեղծ խոսեն ժողովրդի հետ, գտնեն իրենց ասելիքը տեղ հասցնելու ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես գնում եմ ցավոտ զիջումների, հողերը տալու, ու պետք է ժողովրդին բացատրեմ, որ ճիշտը դա է․ եթե ուզում ենք զարգանանք, պետք է հանձնենք։ ՔՊ-ական Գևորգ Պապոյանի լեզուն երեկ իբր առաջ ընկավ ու ասաց՝ ամեն գնով խաղաղություն։ Պատկերացրեք՝ Տեր-Պետրոսյանը 27 տարի առաջ՝ «քանի չենք հանձնել, լավ չեք ապրի»։ Բայց եթե նա Ղարաբաղի մասին էր ասում, Նիկոլը՝ Հայաստանից տարածքների, Ղարաբաղը արդեն հանձնել է։ Հիմա պետական քարոզչությամբ, իրենց ֆեյքերով, թուրքի հետ առևտրի պատրաստ գործարարներով, մեդիաներով, տնե-տուն գնալով՝ դա են քարոզելու՝ հանձնվենք, որ ապրենք։ Ու մի կասկածեք, որ կարող է Նիկոլի արտահայտած վախերի տակ մնած լիքը մարդիկ համաձայնեն։ Պատերազմից հետո շուրջ 700 հազար ձայն է տարել, չկասկածեք ժողովրդի՝ ամենաանտրամաբանական որոշման վրա։ 

Հիմա մյուս կողմը, ովքեր այս ամենի վտանգը տեսնում են, հասկանում են, որ խաղաղություն անհնար է, նրանք էլ նույն կերպ պետք է բոլորին տնե-տուն, բեսեդկա առ բեսեդկա բացատրեն գլխներիս գալիքը։ Կոնկրետ փաստերով․ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը բունկերից ուղիղ եթերով ասաց, թե կապիտուլյացիոն փաստաթուղթը խաղաղության մասին է։ Դրանից հետո տարբեր մարզերից ունեցել ենք 150 քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ, հարյուրավոր զոհեր, քանի անգամ հանդիպել է Ալիևին, այնքան անգամ հանձնել է մի բան․ ու հիմա որևէ հանձնում վերջը չի լինելու։ Խաղամոլը երբ մտնում է կազինո, կեսից կանգ չի առնում, կրվում է մինչև վերջին կոպեկը։ Մենք Կանադան չենք, որ անծայրածիր երկիր է ու էնտեղից գալիս-զարմանում են, թե ոնց կարելի է հողի համար իրար սպանել․ դու հող չունես։

Ժողովուրդ, մեր ակնկալիքն այն չէ, թե Նիկոլը հերթական ստերը բռնվելուց հետո, զիջումներից հետո կգնա։ Չի գնա։ Նա, ըստ օդում կախված լուրերի, թանկարժեք վերանորոգել է բունկերը, հենց սրանա, կմտնի, խաղաղվեց, դուրս կգա ու կսկսի հոխորտալ ու ասել, թե փախնող տեսակ չէ։ Նիկոլի բանականության վրա հույս դնելն անհույս է։ Նա, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը լուսացրեց, ուրեմն չոռ էլ չի կպնի։ Եվ քանի որ նրա վրա հույս չենք դնում, ուրեմն հույսը ժողովուրդն է։ Այ այստեղ է, որ կարիք կա ժողովրդի հետ խոսելու, խոսելու պարզ հանգիստ։ Պետք է բացատրել, որ Ջերմուկն էլ տա, Սևանն էլ տա, ինչ էլ տա՝ չի լինելու խաղաղություն։ Եվ առհասարակ, այ ժողովուրդ ջան, հող տալը ո՞րն է, էս ի՞նչ են սրանք մտցրել մեջներդ, ի՞նչ հող տալ, ի՞նչ հայրենիք տալ․․․ Ձեր մորը, տունը, հարազատի գերեզմանը կտա՞ք թշնամուն, մի հատ մտածեք, էլի, ինչ են սրանք խոսում։ Զարմանում ենք, բայց երևի պետք է սա տեղ հասցնել։ Քաղաքացիներից մեկն ինձ ասում է՝ բա ինչ, թողնի պատերա՞զմ լինի։ Ասում եմ՝ ինչքան էլ զիջես, մեկ է, լինելու, եթե Նիոլն է։ Իր կերպարով, տեսքով, բանակցություններում հայացքով, կանգնած ու նստած դիրքով պատերազմի ու պարտության երաշխիք է։ Ալիևին հարցրեք՝ կասի։

Կարճ ասած՝ այն, ինչի անունը դրել են խաղաղության պայմանագիր, իրականում հանձնման պայմանագիր է, հերիք է իրականությունը փոխեք, այլ անուն դնեք։ Այն, ինչի մասին խոսում է Փաշինյանը, իր թրքասեր թիմակիցները, դա խաղաղության հետ կապ չունի, դա հանձնելու մասին է ու վերջ։ Իսկ հանձնելը անվերջ է լինելու, միայն բնակավայրեր չեն լինելու, լինելու են նաև ռեպարացիաներ, այստեղի քաղաքականության մեջ միջամտել, սրան դրեք-նրան հանեք․․․ Անպայման։ Չնայած․․․ Էսօր ի՞նչ է, այդպես չէ՞։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ