Թերևս կարելի էր արդեն հնացած համարել Հայաստանում Ադրբեջանի դրոշի՝ որոշների կողմից պաշտամունքի թեման ու անրադառնալ կարևոր այլ թեմաների։ Բայց քանի որ առաջիկայում մեր երկրում սպասվում է իրադարձություն և վստահաբար՝ նորից վառվելու են դրոշներ, դրան հետևելու են ոգևորություններ, բայց նաև վայնասուններ, կարծում եմ տեղին է թեմային անդրադառնալը։ Ապրիլի 23-ին ջահերով երթ է, որի ժամանակ վառվում է Թուրքիայի դրոշը։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մտերմանալ փորձող փաշինյանական խմբակի համար հերթական տխուր փաստն է դա։ Հավանաբար, բոլորդ տեղյակ եք, բայց հիշեցնեմ, որ ապրիլի 14-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ հայ երիտասարդ Արամ Նիկոլյանը վազեց բեմ և վառեց Ադրբեջանի դրոշը։ Հանրությունը բաժանվեց երկու անհավասար մասերի ու ծայր առան բանավեճերը․ մեծ մասը, բնականաբար, քաջալերում էր Արամ Նիկոլյանի քայլը, փոքրաթիվ մասը՝ հիմնականում ՔՊ-ականներ և իշխանության մերձավորներ, դատապարտում։ Ով էր դրոշ վառողը, կազմակերպված էր, թե ոչ, ինչու արեց, դրան չեմ անդրադառնա, այլ զուտ փաստին ու արձագանքներին։ Իհարկե՝ կարևոր է, որ մինչ այս նման կեցվածքով հանդես չեկած անձինք են սկսել ակցիա անել ու այլևս թշնամու դրոշ վառելը Դաշնակցության մենաշնորհը չէ։ Բայց կրկին ապացուցվեց, որ հանրության ու իշխանության մեջ ծայրահեղ բևեռացվածություն կա։
Վերջին տարիներին տասնյակ դեպքեր են հայտնի, երբ Ադրբեջանը անգհարգալից է եղել հայ մարզիկների, Հայաստանի ու Արցախի դրոշների նկատմամբ․ ընդամենը վերջերս՝ մարտի 28-ին, Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ, երբ հայ երիտասարդները բարձրացրել են Արցախի և Հայաստանի դրոշները, Ադրբեջանի հավաքականի մարզչի օգնականը քաշքշել էր Արցախի դրոշը և հայհոյել։ Չեմ հիշում Ալիևը Հովիկ Աղազարյանի պես քաղաքակիրթ լիներ ու ներողություն խնդրեր։ Բայց որ ՔՊ-ին թողնես, երևի ներողություն խնդրեն, որ Թեհլերյանը սպանել է Թալեաթին։
Հայաստանում բազմիցս իրականացվել են հարցումներ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, ու հարցվածների 80 տոկոսից ավելին խիստ բացասաբար է վերաբերվել այդ հարաբերություններին։ Չնայած դրան՝ իշխանությունը գնում է բարեկամանալու անհեռանկար ճանապարհով։ Ժողովրդի կարծիքը հաշվի չառնելով՝ արարատմիրզոյանները, արսենթորոսյանները ողջ հայ ժողովրդի անունից ցավակցություն են հայտնում, սգում թշնամու համար։ Այնինչ այս օրերին վերահաստատվում է հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը․ դրոշը վառեց մեկ հոգի, դրոշ վառողին քաջալերեցին հազարները։ Այսինքն, իշխանությունը որևէ իրավունք չունի հայ ժողովրդի անունից ցավակցելու թշնամիներին, օգնություն առաջարկելու։
Ինչ-որ անմիտ քննարկումներ են, թե՝ դրոշ վառելու փոխարեն գնացեք սահման։ Իսկ ո՞րտեղ է սահմանը։ Սահմանը Թալի՞շն է։ Դա հանձնել է նիկոլը։ Սահմանը Բերձո՞րն է, դա էլ է հանձնել Նիկոլը, առանց սահման պահողի կարծիքը հարցնելու, Տեղ գյո՞ւղն է սահմանը, դա էլ են տալիս՝ 4 սահման պահողի հանձնեցին Եռաբլուրում պատրաստ սպասող փոսերին։ Ո՞ւր է սահմանը, հարցնեմ այդ կոչ անողներին, գուցե կառավարության, ԱԺ շենքերն ու կառավարական դաչանե՞րն են, մանավանդ որ ուժայինները դրանք են հսկում սահմանի փոխարեն։
Կամ ասում են՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը ընկնում է, մեր երկրում այլևս սպորտային մեծամասշտաբ միջոցառումներ տեղի չեն ունենա: Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի պատճառով Հայաստանում վերջին տարիներին միակ մասսայական միջոցառումը թաղումներն են։ Իրենք այդ միջոցառումը փայլուն կազմակերպել են ու կազմակերպում են մինչև օրս։ Մեր հեղինակությունը դրոշ վառելո՞ւց է շատ ընկնում, թե՞ նրանից, որ թշնամին մտնում է երկրից ներս, օկուպացնում, թշնամու զինվորները ման են գալիս մեր երկրով, մարդ են սպանում, ու դու օգնություն մուրալուց բացի բան չես անում։
Անբարոյական թեզ եմ համարում այն, թե՝ դրոշ վառելու պատճառով Սոթքում թշնամին կրակեց։ 10 օր առաջ սահմանը եռում էր խաղաղության քարոզով, ի՞նչ տեղի ունեցավ Տեղ գյուղում։ Սեպտեմբերի 13-ին, որ 224 հոգու սարքեցիք մատաղացու, դրանից առաջ է՞լ էին դրոշ վառել։ Թշնամին կրակում է, որովհետև սահման չունես, սահման չես կահավորում, ուժ ցույց չես տալիս։ Բա նախկինների վախտ էլ էին դրոշ վառում, ինչի՞սահմանին բան չէր փոխվում։ Ինչի՞ չէիք ասում մեղկ են տղերքը։ Որովհետև տղերքն էլ սահմանին էին իրենց գործը անում, չէ՞։ Իսկ դուք միայն խաղաղություն, խաղաղություն ասելով նրանց թիկունքը այդպես էլ չպահեցիք, հերիք չէ, վերջում էլ հայտարարեցիք էլ դավաճան, էլ պոստը թողած-փախած դասալիք։
Հատկապես էն կանայք, որ սգում են Ադրբեջանի դրոշի ողբերգական այրումը, հիշո՞ւմ են սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ էն կանանց, որոնց մորթեցին ադրբեջանցի «տղամարդիկ»։ Թե՞ հոշոտված հայ կնոջ մարմինը ձեզ ավելի քիչ է հետաքրքրում, քան Ադրբեջանի վառված դրոշը։ Ուզում եք Ադրբեջանի դրոշը, տարեք ձեր տուն, ձեր բալկոններում տնկեք, մեկ է՝ էդ ժամանակ էլ են կրակելու, ու իրենց հայտյածության ծրագրից չեն շեղվելու։ Վերջ տվեք էդ արհեստական ու կեղծ քաղաքակրթական շարժումներից, իրականության աչքերի մեջ նայեք։ Ադրբեջանի դրոշը 44-օրյա պատերազմն է, կապիտուլյացիան է, 5 հազար զոհերն են։ Ու ամենամեծ սադրանքն արեցին նրանք, ովքեր էսքանից հետո ադրբեջանցիներին Հայաստանում անվտանգության երաշխիք տվեցին, որ գան մասնակցեն միջոցառմանը։ Նման բան կարելի էր թույլ տալ սրանից 5, 10, 15, 20 տարի առաջ, երբ մենք հաղթածն էինք ու վերևից էինք նայում, ոչ թե հիմա, երբ էդ դրոշի տակ ամենօրյա դիվերսիաներ են լինում ու 5 հազար զոհ ենք ունեցել։ Ի դեպ, հենց էդ իմ նշած ժամանակ, երբ Հայաստանում պետք է տեղի ունենար միջազգային մրցաշար ու մասնակցեր նաև Ադրբեջանը, Նիկոլը իր թերթում գրում էր, թե պատկերացնում ե՞ք, թե ադրբեջանցիները գան ու ոսկե մեդալի արժանանան ու Ծիծեռնակաբերդի հարևանությամբ էլ իրենց դրոշը ծածանվի։ Նույն Նիկոլը հիմա ոչ միայն չի հրաժարվում նրանց ընդունելուց, այլև կարծես ուրախ կլինի, որ ծածանվի թշնամու դրոշը մեր երկրում։ Էլի եմ ասում, էն ժամանակները այլ էր, ընկալումն էլ էր այլ, համեմատելու եզրեր չկան, ցավոք։
Ի դեպ, նույն իշխանական շրջանակները, որ էսօր վայ-վույ են դրել Ադրբեջանի դրոշի համար, վերջերս քաջալերում էին օպերայի բակում Ռուսաստանի դրոշի այրումը։ Ավելին ասեմ, տարիներ առաջ էլ անձամբ էին վառում Ռուսաստանի դրոշը։ 2015 թվականին Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն այրելու ակցիայի ժամանակ ակտիվ էին այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Արագածոտնի մարզպետ աշխատած Դավիթ Գևորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարը։ Այսինքն՝ թշնամու դրոշը քաղաքացու կողմից այրելը՝ պետության հեղինակության հետ խաղալ է, իսկ ռազմավարական գործընկերոջ երկրի դրոշ այրելը ի՞նչ է, հեղինակության բարձրացու՞մ։
Կարճ ասած՝ կրկին ապացուցվում է, որ հայ ժողովուրդը ու Հայաստանի իշխանությունը ծայրահեղ բևեռացված են, ու դա գնալով խորանում է։ Դրոշի այրումը ավելի շատ ընկալվեց ոչ թե ակցիա Ադրբեջանի դեմ, այլ՝ Ադրբեջանի հետ քիրվայություն անող Նիկոլի իշխանության դեմ։ Ընդ որում, հերթական անգամ կոնկրետ զատվեց, թե Հայաստանում, Հայաստանի ներսում ովքեր կարող են լինել այսպես կոչված՝ 5-րդ շարասյունը։ Դա հաստատ Արամ Նիկոլյանը չէ։ Հերիք է միայն դատապարտող գրառումների տակ նայել՝ ովքեր են հավանում տալիս՝ դրանք ադրբեջանցիներ են, թուրքեր։ Ադրբեջանցիները, ինքներն այդ ակցիան դատապարտեցին կես-բերան, որովհետև այստեղ արդեն նրանց «գործընկերները» հա՛մ դատապրտել էին, համ ներողություն խնդրել, հետն էլ՝ ձերբակալել։ Հը՞, դեռ խոսելու ե՞ք 5-րդ շարասյունից։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը