Դարձյալ ցավալի լուրեր սահմանից, որոնք արդեն մշտական բնույթ են կրում։ Թշնամին առանց դիմադրության, առանց խոչընդոտի եկել ու մտել է Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքի Տեղ գյուղում ու հիմա մեր տարածքից կրակում է մեզ վրա։ Կան զոհեր ու վիրավորներ։ Պաշտպանության նախարարը երկրում չէ, ինչպես որ երկրում չի լինում սովորաբար նման սադրանքների ժամանակ։ Չնայած ի՞նչ օգուտ նրանից՝ երկրում է, թե չէ։
44-օրյա պատերազմում ստորագրված կապիտուլյացիոն թղթի և դրան հաջորդած այլ հանձնումների արդյունքում Հայաստանի սահմանները ոչ միայն փոքրացել են, այլև հարյուրավոր կիլոմետրերով երկարել են։ Հայաստանի իշխանությունը, իմ կարծիքով, ոչ միայն ռեսուրս, այլև ցանկություն էլ չունի պահպանելու այդ սահմանները։ Եթե գնում ենք խաղաղության պայմանագրի, սահմանին զինվորն ի՞նչ ենք անում տրամաբանությամբ։ Դրա համար էլ, իմ կարծիքով, իրենց ավելի ձեռնտու է 200 հազար դոլար տան ու մի հատ Երևանում համերգ կազմակերպեն, գուցե կողքից ատկատներ էլ անեն, քան այդքան գումարով մի քանի դիրք կահավորեն։ Խաղաղության գործընթացում էլ դեռ միայն տեսնում ենք թշնամու առաջխաղացումն ու զոհերը։ Այսօր, Հայաստանի սահմաններից շատ մեծ հատվածներ բոլորովին ազատ են թշնամու ելումուտի համար։ Մի քանի անգամ թեմային անդրադարձել ենք․ Պատերազմի արդյունքում Հայաստանից, Արցախից հայկական համարանիշներով հազարավոր ավտոմեքենաներ անցել են թշնամու տիրապետության տակ, արդյո՞ք մենք վստահ ենք, ոչ այդ ավտոմեքենաներով չհսկվող սահմաններով Հայաստան չեն մտել թշնամիները։ Հնարավոր է՝ մտել են, լիքը վարձով տներ կան վերցրել, տեղավորվել ու հանգիստ սպասում են իրենց հրահանգներին։ Քա՞նի հազար անգամ են ահազանգել, որ փողոցներում ադրբեջաներեն խոսակցություն են լսում քաղաքացիները։
Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ապրիլի 10-ի գիշերը ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ու նշում է, որ մեկին էլ որոնում են։ Մի կողմ եմ դնում այն, որ ադրբեջանցուն հայտնաբերելուց 12 ժամ հետո նոր ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածում։ Մի կողմ եմ դնում, որ էդ հայտնաբերելն էլ իրենց հետ կապ չունի․ մի կողմ եմ դնում, որ ՊՆ-ն անգամ ադրբեջանցիներին թիվը չգիտի․ ո՞վ ասաց 2 հոգի են, այսօր պարզվեց՝ 3 են, գուցե 10 հոգով են եղել։ ՊՆ-ն պարտավոր է պարզաբանել՝ այդ ինչպե՞ս է եղել, որ նրանք կարողացել են ոչ միայն անցնել սահմանը, այլև ավելի քան 20 կիլոմետր խորանալ ու հասնել մինչև Սիսիան, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ ընտրողները «ապագա կա» կարգախոսին քվե տվեցին։ Սա ուղիղ ապացույցն է այն բանի, որ մեր երկրում անվտանգության բացարձակ զրո մակարդակ է։ Նիկոլ Փաշինյանը գնում էր Եղեգնաձոր, հետը կային էլ թիկնազոր, դիպուկահարներ, ԱԱԾ աշխատողներ, ոստիկաններ, ու բոլորը հողն ու տունը կորցրած մի հուսահատ կնոջ նետած զոնտիկն էին բռնում, բայց զինված ադրբեջանցին թակում էր անպաշտպան գյուղացիների դռները։
Վարչապետի տիկինը խոսում է դասալքության մասին։ Հիմա որ թուրքը մտել է սահմանից ներս, ո՞ւմ դասալքության արդյունքն է, տիկին Աննա, չլինի՞ Պապիկյանի, որ անհասկանալի պատճառներով թռավ Բրյուսել, մինչ երկրում թշնամու զինվորներ կան, ԳՇ պետի՞, գերագույն հրամանատարի՞։ Ո՞վ է իր պոստը թողել։ Որ երկրի ներսում 20 կիլոմետր խորացել են այդ այսպես ասած՝ մոլորված դիվերսանտները, ո՞ւմ դասալքության արդյունքն է, ԱԱԾ-ի՞, ոստիկանությա՞ն, պարեկների՞։ Մենք տեսնում ենք, որ ՊՆ-ն լռում է, թշնամու այս քայլերին որակում չի տալիս, չի ոչնչացնում, սակայն պարտավոր է, երևի ասում են՝ ձայն չհանենք, էսկալացիայի չվերածի։ Մենք ունեցել ենք նախադեպեր, որ թշնամին երկու զինծառայողի հրազենային վիրավորում է հասցրել և նրանք հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում, Հայաստամի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե ունեն թեթև քերծվածքներ, երևի որպեսզի թնամուն չմեղադրենք։ Հիմա նույնն է։ Հայաստանից ծերունի հովիվ էր մոլորված անցնել թշնամու սահմանը, ձևակերպել էին դիվերսանտ, տանջել էին, նրանցից զինվորներ են եկել, Հայաստանի պաշտոնյաները օգնում են Ադրբեջանին արդարանալ՝ կարող ա մոլորվել էին, կարող ա զորամասից էին փախել և այլն։ Իսկ գուցե եկել էին հետախուզության նպատակով ու պարզե՞լ են, որ սահմանը չի վերահսկվում, կարող են 400 հեկտար էլ էս կոմից առաջ գալ, ինչպես Տեղ գյուղից եկան։ Իսկ որ բարդակ է, դա հենց նրանից է երևում, որ թշնամին հասնում է մինչև Սյունիք։
Կարող է Ադրբեջանի կառավարությունը վստահ լինել, որ այստեղից ինչով կարող են ՔՊ-ականները կօգնեն իրենց զինվորներին։ Ու հիմա մարդկանց մոտ մտավախություն կա, որ թշնամու զիվորներին առոք-փառոք կվերադարձնեն՝ առանց գլխից մի մազ պակասելու, առանց փոխանակելու մեր գերինեի հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Մենք ունենք տխրահռչակ փորձ, երբ 2014 թվականին Հայաստանում ու Արցախում դիվերսիա իրականացրած և ցմահ դատապարտված Ադրբեջանցիներին Նիկոլ Փաշինյանը ուղղակի վերադարձրեց որպես բարի կամքի նվեր։
Ժողովուրդ, սա է մեր անվտանգության մակարդակը․ Նիկոլին էնպես են հսկում, որ անգամ զոնտիկ չկպնի, իսկ գյուղացուն ասում են առանց սահմանապահներին տեղեկացնելու, ով գիտի՝ առանց նոտարով տրված տեղեկանքի չգնաս հողամասդ քաղհան անելու, պատասխանատու չենք։ Թշնամու զինվորի դեմն առնում են գյուղացիները, ոչ թե պետության ներկայացուցիչները, ուժայինները, որովհետև նրանք զբաղված են մի հոգու բռնելով, որ Ալեն Սիմոնյանը ուղտի պես թքի։ Իրավապահները զբաղված են Փաշինյանին պաշտպանելով իր զոհից։ Հենց այն ժամանակ երբ մեր երկիրը էին մտել ադրբեջանցի դիվերսանտներ, Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում խոսում էր խաղաղության օրակարգի մասին։ Թեման շեղեց, դեպի Մալիշկա գյուղում Նիկոլի վրա անձրևանոց նետած կինը։ Ինչո՞ւ էր նետում անձրևանոցը․ կարո՞ղ եք ասել, Նիկոլ Փաշինյանի պատճառով, այդ կինը կորցրել է իր տունը, հողը Բերձորում, եկել է ու ապրում է այստեղ թափառականի կյանքով․ այդ կնոջ համար ո՞վ է ավելի վտանգավոր, ադրբեջանցի դիվերսա՞նտը, թե՞ Հայաստանի վարչապետը, որը իրեն զրկել է իր ամեն ինչից։ Տեղ գյուղի բնակիչն ասում է իր հողի մեջ թուրքը դիրք է ամրացրել, բայց ինքն է հողի հարկը վճարում, էն մեկն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով զրկվել է բիզնեսից, մնացել է թշնամուն, բայց բանկը պահանջում է վճարել։ Հիմա եթե նրանք հանդիպեն Նիկոլին, ի՞նչ են շպրտելու իր ուղղությամբ։ Դուք ի՞նչ կանեիք։ Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի ձեռքից վերցնի Երազ թաղամասում առած տունը, Բյուրեղ թաղամասում առածը, Արարատ Միրզոյանի ձեռքից վերցնի դղյակը, Ալեն Սիմոնյանից վերցնի տների կոլեկցիան, եղբոր ասֆալտի բզինեսը, նրա՞նք ի՞նչ կնետեն Փաշինյանի ուղղությամբ։ Բա էդ բերձորցի տիկնոջ հա՛մ տունն է խլվել հա՛մ հայրենիքը։ Նիկոլը թիկնազորով է ման գալիս, որ զոնտիկ նետողից պաշտպանեն, բայց զոնտիկ նետողին տանից վռնդել են, ու ոչ մի պաշտպան չի ունեցել։
Կարճ ասած՝ ո՞վ չգիտի Նիկոլի իշխանության նպատակներն ու գինը։ Ո՞վ իր մեջ չի բնորոշել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն բառով, որից սրանք ազդվում են։ Իրենք դա են, ու խնդիրը իրենց մեջ չէ արդեն, իրենք բացահայտ ասում են ու անում են այն, ինչի համար եկել են։ Խնդիրը մենք ենք, որ մեզ համար սովորական է դառնում էս վիճակը։ Ո՞նց է Սիրիայում սովորական դարձել երկրի քարուքանդ լինելը, ուկրաինացիների համար սովորական է դառնում պատերազմն ու ավերները, Իսրայելում ու Պաղեստինում սովորական են մշտական հրթիռային հարվածները, մեզ մոտ էլ նույնն է դառնում։ Քաղաքացին սովորում է ապրել դրա տակ, ոչ թե ըմբոստանում է։ Բայց հարցն էլ այն էր, որ ըմբոստանալը նրան կհաներ այս վիճակից։ Եթե չկա այդ քաղաքացիական կեցվածքը, ուրեմն մնում է ամեն օր արդեն արձանագրել, թե թշնամու դիվերսանտը կամ մոլորված զինվորը հաջորդը ում դուռն է թակելու։ Նա թակելու է բոլորի դռները։ Իսկ մեզ ասում են, դուք հետևեք խորհրդարանում բեմադրվող շոուներին․ դրանք ձեզ զվարճացնելու համար են, որ թեթև տանեք կործանումը։ Այդպես նվագում էին մեկ էլ երաժիշտները՝ Տիտանիկի խորտակման ժամանակ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը