Հիշում եք, դեռ 2018ի իշխանափոխությունից սկսած Հայաստանի նոր, ջահել, ազնիվ իշխանականները, թե՝ էլ նախկինը չի լինելու, հերիք է պարենք այլոց դուդուկի տակ, վերջ՝ մենք ինքնիշխան երկիր ենք, պետք է ոչ թե մենք հարմարվենք որևէ մեկին, այլ իրենք պետք է հարմարվեն մեզ, պետք է ադապտացվեն մեր արած հեղափոխության արժեքներին և այլն։ Մի տեսակ տարակուսելի էր, որ մինչ այդ մենք ինքնիշխան չէինք, բայց ահա Փաշին և խմբակը մեզ վերադարձրեցին մեր անկախությունը, բայց դա այնքան էր ասվում, խոսվում, որ ժողովուրդը սկսեց, այդ նույն ցնդաբանությունները կրկնել, հրճվել դրանով, հպաաարտ զգալ․․․ Գիտե՞ք, խնդալու էր, բայց ախր շատ շատ էին խոսում։ Հետո, այդ նույն տարվա աշնանը երբ Պուտինը եկավ Հայաստան, Փաշինյանը չգնաց դիմավորեր․․․ Մի հատ էլ էդտեղ սկսվեց, թե՝ տեսեեեք, ինչ ինքնիշխան ենք, Փաշինյանը չի էլ դիմավորում, տո բանի տեղ էլ չի դնում, որովհետև նրանք բոլորը ավտորիտար ռեժիմներ պահողներ են, իսկ այ մեր Նիկոլը, դե մերն ա, ժողովրդի ծոցից, տո սիրուց ծնված․․․ Պուտինն ո՞վ ա, որ մեր Նիկոլը գնա դիմավորի, էդ Պուտինը պետք ա գա, դիմավորի և այլն, և այլն․․․ Իհարկե՝ Փաշինյանը այդ նույն օրը, գլորվելով կոնյակը ձեռքին վազեց օդանավակայան Պուտինին ճանապարհելու, բայց դրա մասին, ինքնիշխանությունից արբած ժողովուրդը էլ տեղյակ չեղավ։ Կարևորը միշտ դիմացից մի մեշոկ քաղցր դոզա ստանալն է, ջհանդամ թե շուտով պացիենտը ստիպված պետքա Ինսուլին սրսկվի, որ ապրի։
Այս ամենը, անգամներով ենք տեսել, բայց վերջերս նոր, անհավանական բաներ եմ տեսնում, ու զարմանում։ Զարմանում եմ, որովհետև նույն նախադասության մեջ, սրանք կարող են խոսել ինչ-որ մեկին հանձնված լինելու մասին, ու ասել, որ մենք ազատ ենք, ինքնիշխան ենք։
Օրինակ՝ ասում են չէ՞, որ Հայաստանը իրենց օրոք, ինչոր հատուկ ինքնիշխան է, բայց հետո ասում են՝ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը, գիտեք ինչ՝ Ռուսաստանի Դաշնություն է։ Բա էլ ի՞նչ ինքնիշխան, եթե քո անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, անգամ դա չես կարողանոմ ապահովել ինքդ։ Առաջին անգամ որ Փաշինյանը արտաբերեց այդ նախադասությունը, մի տեսակ ականջներս զնգացին, ինձ թվաց՝ սխալ եմ լսել, որովհետև արդեն 32 տարի է՝ ես, մենք, բոլորս իմացել ենք, որ մենք ենք մեր անվտանգության երաշխավորն էլ, պահողն էլ, էս ի՞նչ թազա բան էր, այն էլ իրեն ամենից ինքիշխան հայտարարած իշխանության կողմից։ Երբեք չեմ լսել, որ Հայաստանի իշխանությունները նախկինում, օրինակ, ասեն, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Հակառակ, միշտ մատնացույց է արվել և փառաբանվել են մեր Զինված Ուժերը, մեր բանակը, մեր ազգային անվտանգությունը, այ էս տղերքն են եղել, մեր հանգիստ ու խաղաղ քնելու երաշխավորը։ Աքսիոմա էր, որ հայկական պետությունների երաշխավորը հայկական բանակն է՝ ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը։ Ընդ որում, Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն էր ամբողջությամբ՝ թե՛ սահմանային, թե՛ տնտեսական, էներգետիկ և այլն։ Հայաստանի անվտանգության երաշխավորն էլ էր Հայաստանը։ Այդ ամենը դեռ մինչ այսօր գրված է Մայր օրենքի մեջ՝ Սահմանադրության։ Ռուսաստանն, օրինակ, այստեղ ուներ և ունի ազդեցություն, և բնական է, որովհետև ունի խոշոր ներդրած կապիտալ, ռազմաբազա, հայ-թուրքական սահմանին իրենց սահմանապահներն են կանգնած մերոնց հետ․ մեզ էժան կամ ձրի զենք է տալիս, մենք ունենք արտագնա աշխատանքի մեկնողներ, ունենք տրանսֆերտների հոսք, այն միջազգային կառույցների մեջ ենք, որոնք լիդերություն է անում Ռուսաստանը։ Բայց այդուհանդերձ, որքան էլ որ կարող էր ստեղծվել տպավորություն, դա չէինք ընկալում անվտանգության երաշխավոր։ Համենայն դեպս այդ ձևակերպումը չէր անում իշխանությունը, այդպես չէր ընկալում ժողովուրդը։ Հիմա, սրանք, այս ինքիշխանության պատռած դրոշակը ձեռքներին իշխանավորները, հայտարարում են, որ մեր անվտանգությունը ուղղակի և միանձյա կախված է Ռուսաստանից։
ժողովուրդ, նոր բան չեմ ասում ու կապ չունի՝ ռուսներին սիրում եք, չեք սիրում, սա իրողություն է բոլորի համար, Նիկոլն է դա ասում, անգամ նրանց համար, ովքեր առավոտից իրիկուն Ռուսաստանի իշխանություն են քլնգում։ Երբ քո երկրի տարածք է մտել թշնամին, դու ոչինչ չես անում, ասում ես՝ իրենց հեռացնելը մեր գործը չէ, մեզանից կախված չէ, Լաչինի միջանցքի բացումը ինձնից կախված չէ, պատերազմը կանխելը ինքձնից կախված չէ, ուրեմն դու այդ ինքնիշխանությունից հրաժարվել ես՝ քո անելիքները հետզհետե բարդելով ուրիշի վրա։ Հայաստանի այս իշխանությունն է ինքիշխանությունը փաթեթավորել ու հանձնել է ռուսներին։
Բայց զավեշտն այն է, որ հա՛մ ասում են ռուսները ձեռքները քաշեցին՝ կորած ենք, հա՛մ էլ պետական մակարդակով ինչ ասես ասում ու անում են ռուսներին։ Էն աստիճանի, որ իրենց գործողություններով անգամ սպառնում են ձերբակալել Ռուսաստանի նախագահին։ Այ այստեղ է, որ դեռ զարմանում եմ։ Հիմա, ինչպե՞ս հասկանանք՝ դուք այդ ամենը անում եք ընդդեմ Ռուսաստանի՞, թե՞ ընդդեմ Հայաստանի։ Ինչի՞ եք աքլորություն անում, չէ՞ որ, դրա հետևանքներն ենք մեր մաշկի վրա զգում մենք ու արցախցիները։
Փաստն այն է, որ հայտարարում ես, որ ունենք կախում այդ երկրից, անվտանգային կախում, բայց խաղեր ես տալիս՝ առանց հաշվի առնելու հետևանքները։ Մտնում ես մի դաշտ, որտեղ խաղում են Ռուսաստանի թշնամիները։ Վրացիները, որ ռուսների հետ 2008-ից հետո, լավ չեն, հասկացել են, որ պետք է չմտնել ուրիշի խաղի մեջ։ Մերոնք չեն հասկանում։ Հայաստանում շատ խելացի մարդիկ ի սկզբանե ասում էին, որ երբ որ դու քո կադրերով, քո ելույթներով, քո որոշումներով հակառուսականություն ես խաղում, տուժելու ես։ Ոնցոր լեզվով մոտենաս հոսանքի վարդակին, տեսնես ինչ կլինի։ Ոնցոր տունդ պաժառ ընկնի, փրկարարներին ասես այ անասուններ, օգնեք, թե չէ բռնել կտամ։ Ռուսաստանից զորք է խնդրում, հետո հայտարարում է՝ ռուսական զորքը մեր անվտանգության սպառնալիք է։ Լուրջ եմ ասում, եթե սա նպատակաուղղված դավաճանություն չի, ես չեմ հասկանում սրա նպատակը։
Բաքուն սադրանքի ինչո՞ւ ա դիմում անընդհատ․ որովհետև, ըստ ինձ, տեսնում է՝ միակ կանխողը ռուսներն են, ռուսներին էլ ինչ ասես ասում եք։ Հայաստանը անդադար հայտարարում է Ռազմական համակարգից դուրս է գալու, եթե․․․ Բայց փոխարենը ոչինչ չունենք։ Էնպես չէ, թե Արևմուտքից ինչոր-բա ես ստացել, ստանում, կամ մի փայլուն հարաբերություն ունես հետները․ այդպես չէ, այլապես գոնե դատապարտած կլինեին ու սանկցիաներ կիրառած կլինեին Ալիևի նկատմամաբ։ Հլը տեսեք, Ուկրաինայի խաթր ինչ են անում, Ռուսաստանի նկատմամբ։ Բա եթե այդքան լավ լինեին, դրա մի 15 տոկոսն էլ թող Ադրբեջանի նկատմամբ անեին, էլի գոհ կլինեինք, կմտածեինք՝ կարողա՞ վսյոտակի․ Բա, էնեղից ոչինչ չես ստանում, դաշնակիցներիցդ էլ զրկվում ես․ ի՞նչ ես անում, ի՞նչ է լինելու վերջը, ես չգիտեմ։
Հլը մի պահ պատկերացրեք, որ ռուսներն ասեն՝ խաղաղապահների ժամկետը երկարացնել պետք չէ, եթե մեզ համաձայն չեք, հիմա էլ գնում ենք, ի՞նչ ենք անելու։ Մեկ այլ երկիր պատրա՞ստ է, ցանկություն հայտնե՞լ է խաղաղապահ զորախումբ բերել ու կանգնեցնել հայի ու ադրբեջանցու մեջտեղը: Որևէ երկիր պատրա՞ստ է ուժով փակել ադրբեջանցիների ճանապարհը։ Արդյո՞ք կա այդպիսի մի երկիր, որն այդ պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ նաև հաշվի առնելով Ալիևի հաբռգածությունը, Նիկոլի՝ ամեն պահի «քցելու» ունակությունը։ Եվրոպացի դիտորդներ են բերել, նրանք էլ ասում են մենք մենակ հեռադիտակ ունենք, ուրիշ ոչ մի բան։ Էդ հեռադիտակով քեզ ինչի՞ց են պաշտպանելու։ Անգամ, Ուկրաինայի օրինակը վատն է․ դրդեցին, բզբզացին, քանդեցին, ու էսօր Զելինսկին արդեն ասում է՝ կարող ա գնամ բանակցությունների ռուսների հետ, որովհետև ոնցոր միջազգային հանրությունը Պուտինի հետ համագործակցելու է։ Ես չգիտեմ՝ մեր իշխանությունը ինչ խնդիր է Հայաստանի համար լուծել, բայց որ լիքը խնդիրների մեջ է խրել, դա ակնհայտ է։
Կարճ ասած՝ այս խառը ժամանակներում ցանկացած երկրի համար ամենավատն այն է, որ ինքը լինի արևմտամետ, հակաարևմտյան, ռուսամետ, հակառուս, ամերիկամետ և այլն․ ամենակարևորը, որ դու պատկերացնես քո երկրի շահը ու ատամներով պահես։ Կարող ա քեզ իշխանության հասցրած ուժերի շահը պահանջում է այն, ինչ հիմա դու անում ես, բայց արդյո՞ք երաշխիք ունեք այս ձեր խելքով այդ մեծ ավանտյուրայի տակից դուրս գալու, մեզ էլ հանելու։ Կասկածում եմ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը