21 03 2023

«Կարճ ասած»․ Որ պետություն չենք թողել, կրթությո՞ւնն ինչ եք անում․ ՔՊ բանաձևը



2018 թվականին, երբ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը նոր-նոր էր ու մետրոյով էր տեղ գնում, ասաց, թե առաջիկայում կրթության ոլորտը կապաքաղաքականացվի։ Դա իրենց, այսինքն՝ այս իշխանության ամենաշատ խոսացած թեմաներից մեկն էր՝ բուհերը քաղաքականացված են, դպրոցները քաղաքականացված են, պետք է մաքրել և այլն։ Անցել է 5 տարի․ եկեք միասին նայենք, թե ինչ ունենք։ Ո՞վ էր 2017 թվականին, այսինքն «մերժված Սերժի» վախտ մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը։ Ո՞վ է այդ պաշտոնում հիմա․ կրթության նախարար, Նիկոլի թիմակից Ժաննա Անդրեասյանը: Ո՞վ էր Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Սերժ Սարգսյանը։ Ո՞վ է հիմա․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կրթության նախարար Դումանյանն ասում էր ստիպված ենք Պապիկյանին տարել, որ բարելավի մթնոլորտը․ ինչքան բանակում ու սահմանին բարելավեց մթնոլորտը, Եռաբլուրն ա վկան։

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում Սերժի վախտ հոգաբարձուների խորհրդի նախագահը իր թիմակից Տարոն Մարգարյանն էր, ասում էինք վատ ա, քաղաքականացվում ա, հիմա Նիկոլի թիմակից, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն է, անդամները՝ էլի  Նիկոլի թիմակիցները՝ կրթութան նախարարի տեղակալը, տարածքային կառավարման նախարարի տեղակալը, կադաստրի կոմիտեի նախագահը և այլն։

Բրյուսովի համալսարանում նախագահի օգնական Ավետիս Բերբերյանն էր, կուսակցական կարկառուն դեմք չէր, ո՞վ է հիմա՝ մինչև էս վերջերս փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր, հիմա ժամանակավոր խորհուրդ է՝ կրթության նախարարը, արդարադատության նախարարի տեղակալը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Տնտեսագիտական համալսարանում Սերժի վախտ նախարար Վաչե Գաբրիելյանն էր, հիմա դաշնակահար Վահագն Խաչատուրյանն է։ Դե զգացեք տարբերությունը։ Ո՞վ մնաց․ հա, Պոլիտեխնիկում ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանն էր, հիմա Տիգրան Ավինյանն է։ Ու էս համատարած քաղաքականացմանը Նիկոլ Փաշինյանը տվել է աշխարհի ամենածիծաղելի պատասխանը․ ասում է՝ ՔՊ-ականներին տանում եմ բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահներ, որպեսզի վստահ լինեք, որ բուհերը չենք քաղաքականացնում։ Կոշկակարին նշանակել եմ գլխավոր ինֆեկցիոնիստ, որ վստահ լինեմ, վարակվածը չի մահանա, աղվեսին նշանակել եմ հավաբնի պահակ, որ վստահ լինեմ՝ հավերի վրայից մի փետուր չի պակասի, Ղարաբաղը հանձնում եմ Ադրբեջանին, որ վստահ լինեմ՝ ցեղասպանություն չի լինի։

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակներում միայն հոգաբարձուների խորհուրդներն էին ձևավորում իրենց մարդկանցով, սրանք ռեկտորերն էլ, զամռտեկտորներն էլ, անգամ դաախոսներին են իրենցականներին նշանակում։ Ո՞վ է ԵՊՀ ռեկտորը, նախկին Իմ քայլը ֆրակցիայի դեպուտատ, Հովհաննես Հովհաննիսյանը։ Սերժի ժամանակներում ԵՊՀ ռեկտոր ինչպես կար գիտնական Արամ Սիմոնյանը, այդպես էլ մնաց, դրանից առաջ էլ Ռադիկ Մարտիրոսյանն էր, ոչ կուսակցական էին, ոչ էլ դեպուտատ կամ մինիստր եղած։

Էս քանի օրը կրքերը թեժ են Բրյուսովում։ Ո՞վ նշանակվեց ռեկտոր՝ ՔՊ թեկնածուն, որը ձայն չէր հավաքել նախորդ ընտրությանը։ Կրթության նախարարը գնում է Բրյուսով, ասում է՝ ուսանողներ, գիտե՞ք ինչ, ձեր գործը սովորելն է։ Պարտված թեկնածուին ռեկտոր են նշանակել, ասում են ուսանող, դա քո գործը չէ, դասախոսի գործը չէ, Նիկոլի գործն ա, դու գնա բարձր արժեքներ սովորի մեր կեղծիքների ներքո։ Կրթության նախարարը ազատվում է աշխատանքից ոչ թե նրա համար, որ մշակույթի հուշարձանների հերն անիծել են, որ երկու պատմական արժեքի վրա 8 հազար հատ մեխ են շարել, այլ նրա համար, որ չի կարողացել Նիկոլի մարդուն ընտրել տա Բրյուսովի ռեկտոր։ Էդ պատճառով փոխվարչապետի են գործից հանում։ Ու այդ ամենը փայլուն գիտեն թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, բայց իրենք թքած ունեն, թքած ունի անգամ էդ Նիկոլի միջամտությամբ, զոռռով նշանակվող ռեկտորի պաշտոնակատար մարդը, իրեն նորմալ է, որ ինքը չի ընտրվել, թքած ունի, որ իրեն էլ կյանքում ոչ ոք չի հարգի, որովհետև ինքն այդ կարգավիճակում է միմիայն դավաճանի համարում ունեցող մարդու կապրիզի արդյունքում, այլ ոչ իր հարգված լինելու, կամ հատուկ արժանիքների։ Հիմա այդ ամենը որ տեսնում է ուսանողը, որը նոր նոր մեծ կյանք է մտնում, ի՞նչ պիտի մտածի։ Տեսնում է, որ կապ չունի որքան ես քո վրա աշխատել, ինչ գիտելիք կամ շրջապատում համարում ունես, հերիք է միայն լինել հնազանդ գործող իշխանավորին ու անկախ ամենից, կնշանակվես բարձր պաշտոնի։

Բուհերը արդեն ամբողջությամբ իրենցը անելուն զուգահեռ, անցան միջին մասնագիտական հաստատություններին, դրա հետ միասին՝ դպրոցներին։ Որ կրթական ՊՈԱԿ-ում ՔՊ-ն թեկնածու չի ունենում, մարզպետը, նախարարը թեկնածու չեն ունենում, տապալում են ընտրությունները, մինչև թեկնածու կճարեն։ Այդպես է չնչին բացառություններով։ Արթիկն ասեմ, Եղեգնաձորը, Քաջարանը, Գավառը, ո՞ր մեկն ասեմ․ մի թեկնածու է, բայց տապալում է մարզպետը ընտրությունները, որովհետև ՔՊ-ական չէ։ Թող լինի պոլի փետ, բայց ՔՊ-ական։ Դպրոցների խորհուրդներում նշանակվում են ՔՊ անդամներ, կապ չունի՝ կրթության հետ կապ ունեն, կրթություն ունեն, թե չէ, պատգամավորներ, նրանց օգնականները և այլն։ Մամուլը անընդհատ գրում է դրոցների կառավարման խորհուրդների մասին, լիազոր ներկայացուցիչները ՔՊ-ականներ են։ Հիշում եմ, թե քանի անգամ ենք դասադուլ նկարել, քանի դպրոցի տնօրենի, հիմնարկի տնօրենի, ռեկտորի, անգամ գյուղապետի պաշտոնակատարի են սրանք տարել անձնակազմին ներկայացրել ոստիկաններով շրջապատված, որովհետև չի ընդունում անձնակազմը, դրսի մարդ է, օտար է, ինչ-որ անարժան ՔՊ-ական է, մարզպետի բարեկամ է, այսինչ պաշտոնյայի բարեկամ է, անգամ կնոջ ընկերուհի։

Արդյո՞ք դպրոցները առաջ ավելի քաղաքականացված էին։ «Հայոց լեզվի» օլիմպիադայում երեխաներին հանձնարարում են շարադրություն գրել Նիկոլի հեղափոխական երգի թեմայով՝ «Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում…»։ Հիշեցնեմ, սրանք էին ասում, որ քաղաքականությունը դպրոցներում պետք է լինի զրո, դրա վրա էին գալիս իշխանության, որ իբր արմատախիլ անեն։ Արարատի մարզում դպրոցի տնօրենը կամերաների առաջ հայտարարում է, որ իրեն ստիպել են քարոզարշավ անել կոկորդիլոսագետի օգտին, չի արել, գործից հանել են։ Հըն, գործ հարուցել ե՞ք, տիկին դատախազ կամ հակակոռուպցիոն կոմիտեի Խաչատրյան Սասուն։ Հենց Չարչյանի, Խաչատուրովի, Օհանյանի ու մյուսների վրա գործը սարքեք-պրծնեք, մի հատ մտեք էդ դպրոց, տեսանյութերը ինտեռնետում լցված են։ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավներում սաղ երեխաներ էին, ուսումնական ժամին։ Կամ քա՞նի ուսուցիչ ասեմ, որ ՔՊ կողմից ավագանու անդամն է առաջադրվել։

Ցավոք՝ ժամանակ չկա, թե չէ անդրադառնալու էի մանկպարտեզներին։ Դուք մատաղ սերունդը փչացնում եք հենց մանկապարտեզից։ Տեղի է ունենում ՀՀ կրթական համակարգի ամբողջական քաղաքականացում և ապականում։ Կրթության հերն անիծեցին հայոց լեզվի, պատմության, եկեղեցու դեմ ոտնձգություներվ։ Ապականել են դասագրքերը, զանազան նորամուծություններ, կեղծ պատմություններով շարադրում․ դա մի առանձին թեմա է, որին կանդրադառնամ։ Մենակ բուհերն ու կրթությունը չէ․ անկախ մարմինները, ապաքաղաքական մարմինները, մասնագիտական կառույցները լրիվ այլանդակել են, կուսակցականացրել՝ դավաճանի խարանը իրենց վրայից քսելով հնազանդվողներին։

Կարճ ասած՝ Ի սկզբանե, Սերժ Սարգսյանի, կամ ցանկացած ուրիշ ղեկավարի ժամանակների հետ համեմատելը իհարկե սխալ է, որովհետև որևէ մեկը նախկին իշխանություններից չէր կանգնում ու ասում այ էս նախկինները սաղ քաղաքականացրել են, մենք գանք սաղ կդզենք․․․ Ո՛չ, ոչ մեկը այդպիսի բան էր չէր ասել, արել են, ինչպես ստացվել ա, մի քիչ լավ, մի քիչ վատ։ Բայց այ սրանց հայտարարածը և արածը, բոլոր ոլորտներում 180 աստիճանով է տարբեր։

Ծնողներից մի քանիսն ասում էին դե ինչ կապ ունի ով ա ռեկտորը կամ հոգաբաձուների խորհրդի նախագահը, կրթություն պետք է ստանան, կստանան։ Ոչ, ժողովուրդ ջան, դա սխալ մտածողությունն է։ Հիշեք պատերազմը, ունենայիր նորմալ նախարար, նորմալ գերագույն հրամանատար, չէիր ունենա էդ կոտորածն ու հանձնումները, ունենայիր նորմալ քաղավիացիայի պետ, մինչև հիմա օդանավերդ չէին լինի սև ցուցակում, ունենայիր նորմալ սոցապնախարար, էկոնոմիկայի նախարար, ֆինանսների նախարար և ընդհանրապես՝ կառավարություն, ամեն երկրորդ քաղաքացիդ աղքատ չէր լինի, էս գնաճը չէր լինի։ Ավինյանի, Պապիկյանի, ժաննա Անդրեասյանի ու էդ թիմի ղեկավարած բուհերում մոռացեք ձեր ծրագրած ապագայի մասին, այդ երեխաները, ուսանողները այսօր զրկվում են կրթվելու մոտիվացիայից։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ