02 03 2023

«Կարճ ասած»․ Բա ամոթ չէ՞ հրաժարական տանք



Երեկ մի իրադարձություն տեղի ունեցավ, որ համացանցի հայկական տիրույթում շատ ավելի քննարկվեց, քան երևի դա տեղի ունեցած երկրում․ հրաժարական տվեց Հունաստանի տրանսպորտի նախարարը․ երկաթուղային վթար էր եղել, զոհվել էր 36 մարդ․ ասաց՝  ինձ վրա եմ վերցնում քաղաքական պատասխանատվությունը ու դա ամենաքիչն է, որ կարող եմ անել զոհերի հիշատակի համար։ Այդ դեպքը բոլորը համեմատում էին Ազատ գյուղում զինվորների կացարանի հետ, որում զոհ գնաց 15 զինվոր, ու պաշտպանության նախարարը իրեն պահեց էնպես, կարծես ոչ մի կապ չուներ։

Ընդհանրապես, աշխարհում եթե նայենք, թե ինչ պատճառներով են տեղի ունենում հրաժարականները, կհասկանաք, որ Հայաստանում գործողը ոչ թե կառավարություն է, այլ անինքնասերների կուպե։ Ուզում եմ այսօր անդրադառնալ տասնյակ հազարավոր այդ հրաժարականներից մի քանիսին ու համեմատենք Հայաստանի հետ։

Քանի որ Պապիկյանից սկսեցինք, հիշեցնեմ օրերս հրապարակվածը, որ Սուրեն Պապիկյանը մոտ կես միլիոն դոլարանոց էլիտար տուն է առել՝ շատ ավելի էժան գնով։ Երեկ պարզվեց, որ ՔՊ-ական մի քանի պաշտոնյաներ էլ այդ էլիտար թաղամասում բնակարանների են սպասում։ Ընդհանրապես, դղյակների թեման շատ արդիական է մեզանում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, աներձագ Հրաչ, Մելքոնյան Գագիկ և այլն։ Գիտե՞ք Բուլղարիայի արդարադատության նախարարը ինչի համար հրաժարական տվեց․ որովհետև մամուլը գրել էր, որ էլիտար բնակարան է գնել շուկայականից ցածր գնով։ Նույն Բուլղարիայում մի քանի տարի առաջ հրաժարական տվեց նախարար, որովհետև ինքը աղքատության պայմաններում ձեռք էր բերել թանկարժեք գույք։ Դուք հասկանում ե՞ք մենք ինչից ենք խոսում, Հայաստանում աղքատությունը խորացել է, իսկ մենք խոսում ենք պաշտոնյաների դղյակներից։

Պերուի ՆԳ նախարարը 2018 թվականին հրաժարական տվեց, որովհետև կոռուպցիայի մեջ կասկածվող դատավորը կարողացել էր փախչել Իսպանիա։ Հայաստանում, կարծում եմ, քիչ չեն մեծահարուստները, թեկուզ նախկիններից, որոնք կարողացան գնալ երկրից ու չգալ Նիկոլ Փաշինյանի օրոք, ու քաղաքացիներից շատերը հարց են տալիս՝ ինչքա՞ն գումար վերցրիք, որ նրանց բաց թողեցիք երկրից։

Ճապոնիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Ֆրանսիայում ու լիքը երկրներ բարձր պաշտոնյաներ են հրաժարական տվել, նախարարներ, որոնք ծառայողական ավտոմեքենաները, թիկնապահներին աշխատանքային ժամերից դուրս և իրենց հանգստի ժամանակ օգտագործել են։ Հիմա հարց՝ Նիկոլը, որ Գյումրիում գնացել էր պեռաշկի ու կուկուռուզ ուտելու, Սուրեն Պապիկյանը, որ թիկնապահներով գնացել էր Ստեփանավանի դենդրոպարկ շրջագայելու, դա աշխատանքային պարտականությունների մեջ է՞ր մտնում։

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց 2018 թվականին անմիջապես այն բանից հետո, երբ Պաղեստինի հետ հրադադար կնքեցին Գազայի հատվածում։ Ասում էր՝ սա նշանակում է մենք հանձնվեցինք ահաբեկչությանն ու կապիտուլյացիայի գնացինք։ Իսրայելի ներգաղթի նախարարն էլ նույն պատճառով հրաժարական տվեց, ասաց իմ ոլորտը չէ, բաց ես չեմ կարող ձեզ հետ աշխատել։ Նիկոլը կապիտուլյացիա է ստորագրել, դրանից հետո էլի թղթեր է ստորագրել, գրավոր ու բանավոր հանձնել է, զորքերը հետ է քաշել, էլի տարածքնեևր է տվել, հիմա տարածքներ է սակարկում, ո՞վ հրաժարական տվեց, ո՞վ ասաց համաձայն չեմ, ո՞վ նման սկզբունքայնություն որդեգրեց։ Սիրիայից Թրամփը դուրս բերեց ամերիկացի զինվորականներին, ԱՄՆ պաշտպանության նախարարը, հատուկ ներկայացուցիչը, անգամ Պենտագոնի աշխատակազմի ղեկավարը հրաժարական տվեցին, ասացին՝ էս ի՞նչ ես անում։ Մեր երկրում մեր զորքերը դուրս են հանում հենց մեր տարածքից, Սյունիքից, Պաշտպանության նախարարը, գենշտաբի պետը ծպտուն հանել ե՞ն։

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը Մակրոնին առաջարկել էր բարեփոխում անել, ասել էր՝ դրա ժամանակը չէ, առաջնահերթ բաներ կան, հրաժարական տվեց, մեզ մոտ առանց փորձաքննության հանք են շահագործում, որովհետև կառավարությունը փայ է մտել, շրջակա միջավայրի նախարարը կամ եղած կամ չեղած։ Տոպրակների բարեփոխում են արել, տապալել են, էլի վեջը չէ։

Պերուի նախագահը հայտարարել էր, որ պետք է կառավարությունում կանանց թիվը մեծացնել, որովհետև 19 տղամարդ է, 14 կին, վարչապետը հրաժարական տվեց, ասաց ես գնում եմ, թող կին գա․ Հայաստանի վարչապետ-փոխվարչապետ-նախարարներից 16-ից 2-ն է կին, ո՞ր մեկը տեղը կզիջի, կասի գնում եմ, թող կին գա։ Նիկոլը տեղը կզիջի՞։

Բրազիլիայի արդարադատության նախարարը 2020 թվականին հրաժարական տվեց, ասաց՝ նախագահը ուղիղ կապ է ուզում, ես իրավունք չունեմ նրա հետ առնչվել։ Հայաստանում վարչապետը տեղյակ է բոլոր քրեական գործերից, զեկուցում են ու մեկի մտքով չի անցնում ասի լավ դե, գլխավոր դատախազ եմ, արդարադատության նախարար եմ, ԲԴԽ նախագահ եմ, սենց չի լինի, արի իմ ու պետության հեղինակության համար հրաժարական տամ։

Չինաստանում, Ճապոնիայում, Թուրքիայում նախարարի են գործից հանել, պատգամավոր է հրաժարական տվել իր երեխայի հարսանիքը մի փոքր ճոխ նշելու համար։ Մեզ մոտ ՔՊ-ականները ամենաճոխ հարսանիք անողներն են, Պապիկյան Սուրենը վկա, ու Նիկոլն էլ էդ բոլոր հարսանիքների պարի կավալերն է:

Էստոնիայում ԱՄՆ դեսպանը հրաժարական տվեց, ասաց ես Թրամփի քաղաքականության հետ համաձայն չեմ։ Էսօր դիվանագետների օրն է, մեր բոլոր դիվանագետները համաձայն ե՞ն Նիկոլի քաղաքականության հետ։

Մի անզգույշ քայլի, խոսքի պատճառով ներողություն են խնդրում ու հրաժարական են տալիս քաղաքակիրթ աշխարհում․ մեզ մոտ նախարարը բլթացնում ա, ասում ա կատակ եմ արել, վարչապետն էլ ասում է դե ես չեմ թողել հրաժարական տա, ես կորոշեմ երբ տա, որովհետև նա իմ ստրուկն ա, մոտավորապես սենց մի բան։

Հունաստանում հետախուզության ղեկավարը հրաժարական է տալիս օրինական ընթացակարգերով լրագրողին գաղտնալսելու համար․ Օրինական էր, բայց հայտնի դարձավ, ամոթից հրաժարական տվեց․ մեզ մոտ 7 մլն դոլարով գաղտնալսման ծրագիր են գնում ու աջ ու ձախ գաղտնալսում։

Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական տվեց, որովհետև երկու պատանու սպանել էին ու նրանցից մեկի սպանություն կատարողին չէին գտնում։ Հիմա ուզում եմ հարցնել՝ Ապարանի դեպքերից ի՞նչ կա։

Չինաստանի ճանապարհային ոստիկանության պետը հեռացվեց աշխատանքից, որովհետև մահվան ելքով ավտովթարի վայրում լուսանկարի մեջ ժպտում էր։ Պատկերացնումե՞ք, ընդամենը ժպտացել էր։ Մեզ մոտ 16 կյանք խլած պայթյունի վայրում թեկնածուն քարոզարշավ է անում, Եռաբլուրում էլ կուսակցական թիմը հռհռում է, ու մեկը չի մտածում անգամ ներողություն խնդրելու մասին։

Լատվիայի վարչապետը հրաժարական տվեց, որովհետև Ռիգայի «Մաքսիմ» առևտրային կենտրոնի պատն ու տանիքը փլուզվել էր, 54 մարդ զոհվել էր։ Ասաց ես պատասխանատու եմ որպես կառավարության ղեկավար։ Սուրմալուի 16 զոհի դեպքում կառավարությունից ո՞վ հրաժարական տվեց։ Ի՞նչ եք կարծում, եթե զոհերի թիվը 100 լիներ, կտայի՞ն հրաժարական։ 5 հազար զոհի դեպքում չեն տվել։ Իսկ միգուցե սպասում են 10000-ի՞․․․ Չէ, ուղղակի հարցնում եմ։ Որ ասում ես, ինչի՞ հրաժարական չէք տալիս, ասում է դե ժողովուրդը մեզ է ընտրել․․․ Բայց, այ տնաշենն էր, էդ Բրազիլիայի, Արգենտինայի, Հունաստանի կամ Էստոնիայի իշխանությանը, կարողա՞ նախկիններն են նշանակել, բայց մարդիկ թասիբ ունեն, ինքնասիրություն, պատիվ վերջ իվերջո։ Հետո ձեզ ո՞վ է ասել, որ ժողովուրդը որ ձեզ ընտրել է, ասել է ինչ ուզում ես արա, հանկարծ չգնաս։

Այնքան շատ են հրաժարականների դեպքերը, որ պարզապես անհնար է այդ բոլորը ֆիքսելն ու անդրադառնալը, ու ամեն մեկն էլ համեմատելի է Հայաստանի համանման իրավիճակի հետ։ Կարելի էր խոսել, թե ինչպես է երկրներից մեկում մեկ մարտական դիրք կորցրած բանակի հրամանատարը հրաժարական տալիս, իսկ Ջերմուկի դիրքերի 90 տոկոսը կորցրածը ոչ, կարելի էր հիշել, թե ինչպես Սուդանի վարչապետը հրաժարական տվեց, որովհետև անվտանգության ուժերը երկու քաղաքացու էին սպանել։ Իսկ մեզ մոտ երկու քաղաքացու՝ հղի կնոջն ու իր երեխային սպանեց հենց վարչապետի շարասյունը ու մարսեց, անգամ։ Սուդանը գիտենք ինչ երկիր է, իսկ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն։ Կարելի է հիշել, թե ինչպես է Կանադայի գյուղնախարարը աշխատավայրում հարբելու պատճառով աշխատանքից ազատման դիմում գրում, իսկ Հայաստանը նախարարը էնպիսի պահվածքով ելույթ ունենում ԱԺ ամբիոնից, որ մարդիկ մտածում են՝ ծխած է, կարելի է հիշել, թե ինչպես է ՄԱԿ ծրագրի գործադիր տնօրենը հրաժարական տալիս, քանի որ պարզվում է՝ երկու տարում գործուղումների վրա ծախսել էր 500 հազար դոլար, իսկ մեզ մոտ մեկ գործուղման վրա վարչապետը անգամ 1 մլն դոլարից ավելի գումար է ծախսել և ոչմի բան։ Ինչոր չեմ հիշում, որ Փաշինյանը իր ընտրողներից տենց մանդատ ստացած լինի, որ կարող է միլիոնանոց շրջագայությունների գնալ, իսկ ընտրողներին 3 մատից կոմբինացիա ցույց տա։ Ֆրանսիայում ՆԳ նախարարը հրաժարական տվեց, որովհետև իր դուստրերին աշխատանքով էր ապահովել, մեզ մոտ մարդ ու կնիկ դեպուտատ են, ազգուտակով պաշտոնի են ու դա հեչ։ Հպարտ Պողոսները, տենց մատդատ են տվե՞լ լենանազարյաններին ու մյուսներին։ ԱԺ նախագահը հրաժարական է տալիս այլ երկրում, որովհետև գործուղման էր գնացել ընտանիքի անդամի հետ, էսօր նայում եմ Նիկոլը գործուղման ստեղից Գերմանիա կնոջն ու աղջկան է տարել։

Կարճ ասած՝ աշխարհի քաղաքակիրթ երկրներում ընդունված պրակտիկա է անզգույշ խոսքի, գործունեության, թերացման, թիմի անդամի սխալի, կոռուպցիայի, ավելորդ ծախսերի և այլ բաների համար առնվազն հրաժարական տալը չեն սպասում բողոքի ակցիա լինի, հասկանում են ու հրաժարական տալիս՝ պետության և թիմի հեղինակությունը չվնասելու համար։ Իսկ մեզ մոտ հա՛մ թիմի, հա՛մ պետության, հա՛մ իրենք իրենց չեղած հեղինակությունը գետնով են տալիս՝ հանուն պաշտոնի ու պարգավճարների։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ