02 02 2023

«Կարճ ասած»․ Լաչինի միջանցքը փակ է 53 օր․ Ինչո՞վ էին զբաղված պատասխանատուները վերջին 7 օրում



 

53-րդ օրն է, ինչ փակ է Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը։ Կյանքի ճանապարհը, ինչպես դա կոչվում էր մեկ էլ 92 թվին, դրանից հետո էլ չէ, մշտապես մերն է եղել, անվտանգ, ապահով։ Հիմա էլի փակ է, Արցախը Հայաստանից կտրված։ Երբեմն հնարավոր է լինում մարդասիրական բեռներ տեղափոխել։ Եվ ամեն անգամ, երբ ապրանք են ստանում, մեծ հերթեր են գոյանում, վաճառում են քիչ քիչ, որ բոլորին հերիքի, բայց չի հերիքում։ Մենք որ մտնում ենք սուպերմարկետ ու դրամարկղի մոտ մի փոքր հերթ է լինում, նեղվում ենք, որ մի 10 րոպե կարող է հերթի մեջ կանգնենք․ մեր Արցախի հայրենակիցները մի ամբողջ օր հերթ են կանգնում, որ մի կիլո գազար առնեն ու վերջում պարզվում է՝ պրծել է արդեն։ Օրերով հերթ կանգնել սննդի համար, սարսափելի է։ Լևոնի թվերը հիշեցի, երեխա էինք, մեզ տանում-թողնում էին, որ հացի հերթ պահենք։ Տարրական ապրելն արդեն պայքար է։ Շուրջ 100 փոքր ու միջին տնտեսվարող դադարեցրել է աշխատանքը, շուրջ 5 հազար մարդ կորցրել է աշխատանքը։ Երեխաները դպրոց չեն գնում, հիվանդները տեղում են հարցերը լուծում, միայն ծայրահեղ վիճակի հիվանդներին հերոսաբար, այն էլ Կարմիր խաչի կամ խաղաղապահների միջնորդությամբ են բերում Երևան, ընտանիքները իրարից կտրվածն են, ով էլ կարողանում է մի բան անել, միանում են իրար, փորձում հաղթահարել օրեկան դժվարությունները, ու բոլորի մոտ շատ ավելի սարսափելի վիճակի սպասում կա, մոտ ապագայում։

Արցախի էս վիճակի համար կա գլխավոր պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Ինչքան էլ այլ թեմաներով շեղեն, չտեսնելու տան, ինչքան էլ սրա-նրա վրա մեղքը բարդեն, այս վիճակի գլխավոր պատասխանատուն իրենք են, ովքեր տարբեր ֆորմատներով բանակցում են ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների հետ, ովքեր երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն են ապահովում ու երաշխավորում։ Իսկ ինչո՞վ են զբաղված նրանք, այդ երաշխավորածները։

Թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյան․ 53 օր Արցախը փակ է, նա տիկնոջ հետ մեկնում է Ղազախստանը տեսնելու։ Ոչ մեկ չի կարող մեզ համոզել, որ գնացել են ու պետական հարցեր են քննարկում, Լաչինի բացման համար կոտորվելու են։ Հետն էլ մի սամալյոտ մարդ է տանում, հատուկ չվերթով։ Իր պատճառով մեր հայրենակիցները կիսասոված են, արտաքին աշխարհից կտրված։ Լավ, կասեք դա էսօր․ իսկ ի՞նչ էր անում նախորդ օրը․ դիպուկահարներով այցելել էր Ջրային կոմիտե, խոսում էր ոռոգման ջրից, Սևանից ջուր բաց թողնելուց՝ առանց ասելու, որ իր օրոք Սևանը աննախադեպ իջել է, մենակ մեկ տարում՝ 14 սանտիմետրով։ Լավ, հետո՞։ Ասեմ, երեկ հանդիպում էր Արևմուտքի շահերի համար հոգի տվող քաղաքական խմբերի ղեկավարների հետ, որոնց կոչում է արտախորհրդարանական ուժեր։ Այ մարդ, ի՞նչ ուժեր, մարդիկ են, որ ամենքը մի կուսակցություն գրանցել իր համար նստել է։ Էս ծանր իրավիճակում էդ մարդու պատկերացրած օրակարգը սա է։ Էնպես չէ, թե մենակ մենք ու Արցախն ենք այս վիճակի մեջ, բոլորից ավելի շատ Նիկոլ Փաշինյանն ինքն է․ բայց մարդը այլ թեմաներով չտեսնելու է տալիս դա, փորձում է չնկատել, ասում է՝ դուք էլ մի նկատեք։

Մյուս պատասխանատուն Արտաքին գործերի նախարարն է. Արարատ Միրզոյանի գուրծունեության մասով, համենայն դեպս, այն, ինչ հրապարակվել է․ վերջին 7 օրում ընդամենը երեք բան է արել՝ հեռախոսազրույց Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ, հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարին, հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ։ Վերջ, աշխատում է, որ ամբողջ շաբաթվա անելիքը լինի 2 հոգու հետ հեռախոսով խոսելը, մեկին հանդիպել-գալաջի անելը, իսկ որ առանց արդյունքի, դա սովորական է։ Արարատ Միրզոյանը, որպես Փաշինյանի կառավարության արտգործնախարար պատասխանատու է Լաչինի միջանցքի համար։ Երբ իրեն հարցնում էին, թե ինչի՞ ես Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը էնպես ժպտում, որ 32 ատամդ էլ երևում էր, ասում էր՝ եթե ես իմանամ, որ իմ ժպիտով գեթ մեկ կյանք կփրկեմ, պատրաստ եմ ժպտալ, ժպտալ ու անվերջ ժպտալ։ Պարոն Արարատ, հենց նույն Չավուշօղլուն ասում է՝ մենք աջակցում ենք Լաչինի միջանցքի փակելուն, քանի Ադբեջանը իր խնդիրը չի կարգավորել, պետք է չբացի, բա չես ուզո՞ւմ գնաս ժպտաս ու 120 հազար կյանք փրկես։ Չես կարող չէ՞։ Հիշեցնեմ, Արցախում 53 օր մարդիկ գոյատևում են, տալոնով բրինձ են առնում, Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկու օր տեսանելի ոչ մի բան չի արել։

Լաչինի միջանցքի բացման մյուս պատասխանատուն պաշտպանության նախարարն է, որի ենթակայության տակ բազմահազարանոց զորք կա։ Որքան էլ որ ծիծաղելի է, բայց, այո, ստացվել է այնպես, որ մեր երկրում Սուրեն Պապիկյանից էլ է բան կախված։ Վերջին 6 օրում  ի՞նչ է արել։ Մասնակցել է բանակի օրվա ձևական միջոցառումներին և այցելել է զորամաս։ Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը, 140 քառակուսի կիլոմետր կորցրած երկրի պաշպանության նախարարը, Արցախի անվտանգության երաշխավոր բանակի ղեկավարը, 6 օրում երկու բան է արել՝ ունեցել է մի արհեստական ելույթ բանակի օրվա առթիվ, դա էլ ստիպված էր ու այցելել է զորամաս․ սա էլ փիար քայլ էր։ Ուզում է ցույց տալ, որ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած հրդեհից հետո ինքը դեռևս պաշտպանության նախարար է։ Իր անտարբերության պատճառով մենք կորցրեցինք 15 զինծառայողի, Պապիկյանը գնացել է նրանց ընկերների հետ հաց է կիսում, բայց ցուցադրական զորամասում, ոչ այնպիսի, ինչպիսին հրդեհված Ազատ գյուղի խրճիթն էր․ վստահ եմ, որ եթե տղերքը զինվորի կարգավիճակում չլինեին, փակ հաստատությունում չլինեին, սանկցիաներով կաշկանդված չլինեին, հետը չէին էլ շփվելու։ Հաղորդագրություն են տարածել, թե Պապիկյանը որոշել է հաճախ անակնկալ այցելել զորամասեր։ Ու այսպես ասած՝ անակնկալ այցելել է մի զորամաս, որտեղ ճաշարանը փայլուն վիճակում է, զինանոցը նորմալ, զինվորները կոկիկ։ Ու դա էլ նկարել ցույց են տալիս։ Էլի խաբում են, ուզում են ցույց տալ, թե մեր զորամասերը էդ վիճակում են, դե երևի էն հրդեհված խրճիթն էլ Սերժի վախտերից էր, խեղճ Նիկոլն ու Սուրոն չէին հասցրել նորոգել։ Ո՛չ, մեր զորամոսերը, զորանոցները էդ վիճակում չեն, վախենամ հիմնականում էն վիճակում են, ինչպիսին գտնվում էր Ազատ գյուղի զորանոցը, խրճիթում են։ Պապիկյանը ինչի՞ չգնաց Ազատ գյուղի մյուս զորանոցը, որ էլի էն հրդեհվածի պես էր, գնար նրանց ճաշարանում հաց ուտեր, ինչի՞ չգնաց մյուս գյուղի զորանոցներ․ չգնաց, որովհետև լուսանկարելու բան չկար, ո՞րտեղ սելֆի աներ, ցելֆոնած ու ճաղավանդակներով խրճիթների ֆոնի՞ն։ Պաշտոնի են նշանակվում, սելֆիի ձողը հետերը տանում են։

Ինչ-որ բարեփոխումներից էին խոսում՝ «ներդրել ենք պաշտպան հայրենյաց նոր ծրագիր», ու հայրենյաց պաշտպաններից 15-ին տարել ենք ողջկիզման։ Պապիկյանի ղեկավարն ասում է՝ սպան պետության հենասյունն է, բանակը պետության հենասյունն է․ բա էս ի՞նչ ձև եք պահում այդ հենասյունը, որ 15 օր առաջ այդ հենասյունը դարձավ մոխիր։ Հրդեհից անցել է 2 շաբաթ, ի՞նչ եք արել զորանոցներում մարդկային պայմաններ ստեղծելու համար, դա ցույց տվեք՝ իմանանք։

Ահա թե Հայաստանի ու Արցախի պատասխանատու-երաշխավորները մեկ շաբաթում ինչով էին զբաղված։ Կարծես ոչինչ էլ չի եղել, սովորական պաշտոնյայի առօրյա, ոչմի ճգնաժամ էլ չկա, ոչ մի շրջափակում էլ չկա։ Ու իմացեք՝ իրենք ամեն շաբաթ են նման աննշան բաներով իրենց օրը լցնում։ Կրկնում եմ՝ ում վրա էլ մեղքը գցեք, Հայաստանի համար, անվտանգության համար, Արցախի համար, Լաչինի միջանցքի համար պատասխանատուն դուք եք։ Էնպես չէ, որ կարող եք խոսքերով էդ պատասխանատվությունը գցեք ձեր ուսերից։ Հայաստանը Արցախի նկատմամբ պարտավորություն ունի Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, բազմաթիվ օրենքներով ու որոշումներով։ Բացի այդ, չես կարող գնալ ու Արցախի անունից բանակցել, կամ քո անունից բանակցել, բայց որոշել, որ պետք է Արցախի հարցը լուծես Ադրբեջանի կազմում թողնելով, բայց գաս ու ասես՝ ես միջանցքը բացելու հետ կապ չունեմ։ Միջանցքը փակվել է ՀՀ իշխանությունների անհեռատես քայլերի պատճառով։ Հայաստանի իշխանությունը ասում է կապ չունեմ, բայց բանակցում է, որ Արցախը դառնա Ադրբեջանի կազմում, այսինքն՝ արցախցին դառնում է Ադրբեջանի քաղաքացի, իսկ Լաչինի միջանցքը, այդ տրամաբանությամբ, դառնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների բացման հարց։

Կարճ ասած՝ ավելի քան վստահ եմ, որ Լաչինի միջանցքի բացման հարցով որևէ իրատեսական բանակցություն տեղի չի ունենում, թվարկածներիցս և ոչ մեկի կողմից։ Սպասում են, որ հարցը կարգավորվի խաղաղության պայմանագիր կոչված սև թղթի ստորագրման շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնեց Ադրբեջանի պլանները՝ հղում տալով իր հավաստի աղբյուրներին։ Այն է, թե՝ Լաչինի միջանցքը կբացեն, հետո էլի կփակեն ու այնքան, մինչև Արցախցիները հոգնեն ու հեռանան Արցախից։ Որքան էլ ցանկանաք՝ դա չի լինելու․ ես վստահ եմ, որ լինելու է այսպես՝ հենց բացվի միջանցքը, արցախցիները ոչ թե հեռանալու են, այլ առնվազն մի տարվա առևտուր են անելու, որովհետև արդեն գիտեն՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները համագործակցելով են աշխատում ու իրենցից ամեն ինչ սպասելի է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ