Արցախում այս ծանր վիրավիճակի համար մտահոգ ենք բոլորս՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Վստահ եմ, որ անգամ ՔՊ-ական իշխանությունն է մտահոգ, ուղղակի ամեն ինչ ավարտվում է հենց մտահոգությամբ։ Հայաստանի իշխանությունը այսօր, ըստ իրենց, Լաչինի միջանցքի վերաբերյալ ունի նույն հնարավորությունները, պարտավորությունները, ինչ-որ սովորական քաղաքացին։ Օրինակ՝ ես։ Ես կարո՞ղ եմ բացել Լաչինի միջանցքը, ոչ չեմ կարող․ բայց մեր ու իշխանավորների տարբերությունն այն է, որ իրենք այս իրավիճակի թե պատճառն են, թե պատասխանատուն և տենց ասելով չէ, որ մենք կապ չունենք՝ հա՛մ կապը ունեք, հա՛մ էլ պատասխանատուն եք ու շատ ավելի շատ, քան մնացած բոլորը։ Բայց․․․
Հայաստանի բնակչությունից թվով կրկնակի ու անգամ եռակի ավելի մեր սփյուռքյան հայրենակիցներն են․ նրանց մեջ կան հարուր հազարավոր դեմքեր, որոնք չնայած որ չեն ընտրել այս աղետի բերած իշխանություններին, բայց եռանդուն ողջունել են, քարոզել են, կան շատ ազդեցիկ դեմքեր, մարդիկ, որոնք իրենց երկրներում եղանակ փոխող մարդիկ են, բայց նրանց ակտիվությունը չի զգացվում․ այո, լինում են հայտարարություններ, կազմակերպում են ելութներ, կարծիքներ ձևավորում, տարբեր կազմակերպություններ են աշխատում, Հայ դատի գրասենյակները, բայց հավատացեք, որ ի համեմատ նախկինում եղածի, այժմ այդ ակտիվության փոքր մասն է միայն։ Ակնհայտ է միասնականության բացակայությունը, և Հայաստան պետության աշխատանքի բացակայությունը։ Մշտապես սփյուռքահայերը գրում են, բարձրաձայնում են, ահնանգստանում են ու ահազանգում են կապերի քայքայման մասին։ Ասում են, որ Հայաստանի իշխանության տարաբնույթ գործողությունների արդյունքում Հայաստանի ժողովրդից ոչ պակաս պառակտվածություն կա Սփյուռքում և Հայաստան-Սփյուռք կապերում։
Դա արել է Հայաստանի իշխանությունը իր անհեռատես ելույթներով, սխալ կադրային քաղաքականությամբ, ոչ մասնագիտական մոտեցմամբ, տարբեր գործողություններով։ Դա սկսվեց հենց իշխանափոխությունից հետո։ էս մարդիկ նշանակեցին Սփյուռքի նախարար մի մարդու, որը աշխատանքային ու քաղաքական կենսագրություն չուներ՝ թեկուզ տարիքի բերումով․ եկավ ու առաջին ելույթներից մեկն էր՝ նշանակվել եմ Սփյուռքի նախարար, որ ապացուցեմ, որ մեզ Սփյուռքի նախարարություն պետք չէ։ Փակեցին նախարարությունը, բացին հանձնակատարի գրասենյակ ու հանձնակատար նշանակեցին իբր Սփյուռքից եկած մեկին, որը անգամ իր բնակած ԱՄՆ հայախոս շրջանում չի վայելում հեղինակություն։
Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ելույթներում վիրավորել է սփյուռքահայերին․ մարդիկ իրենց միջոցներից ուղարկում, Հայաստան ու Արցախ էին սարքում, Նիկոլը հանձնում էր իրենց սարքածն ու հայտարարում էր՝ 30 տարի բան չեն արել, էդ մարդիկ նեղվում էին, ասում էին ախր մենք մեր ձեռներով ենք արել։ Սփյուռքահայերը հանգանակում էին միլիոնավոր դոլարներ, որ Արցախին օգնեն պատերազմի ժամանակ, Նիկոլը էդ գումարներով պարգևավճար էր բաժանում իր թիմակիցներին։ Էնտեղ կազմակերպում էին ակցիաներ, Հայաստանի նկատմամբ դիրքորոշումներ էին ձևավորում, էստեղ Նիկոլ Փաշինյանը կազմում էր սփյուռքահայերի ցուցակ, որոնք անցանկալի անձինք են Հայաստանում, որովհետև իրեն քննադատել են։ Թուրքերն ու ադրբեջանցիները մեր երկիր ազատ ելումուտ ունեն, բայց բազմաթիվ դրսի հայեր կան, որոնց մուտքը արգելված է՝ Նիկոլին քննադատելու համար։ Հայաստանում կազմակերպում են ցեղասպանության գլոբալ ֆորում ու Հայ դատի գրասենյակներին չեն հրավիրում, ոչ մի ազդեցիկ Սփյուռքի գործիչ չեն հրավիրում։
Էսօրվա Հայաստան-Սփյուռք կապը լրիվ այն է, ինչ տասնամյակներով ուզեցել են մեր թշնամիները՝ պառակտված, թուլացած, բարոյալքված ու սա, կարծում եմ, մեր թշնամու պատվերն է եղել, ոչ միայն ցանկությունը։ Այսօր ակնհայտ է, որ ոչ թե շնամու ցանկությունները, այլ պահանջները լավ էլ կատարվում են․ պահանջում էին, որ Ղարաբաղում հայկական զորք չլինի, հայկական զորքը Նիկոլը հանեց ու 5 անգամ հրապարակային զեկուցեց։ Ասում են՝ ծանր զինտեխնիկան էլ է ամբողջությամբ հանել։ Մեր թշնամին վստահաբար պատվիրել է, որ Հայաստանը զորավարժություն չանի․ Հայաստանը զորավարժություն չի անում, պլանավորածները չեղարկում է ու ՔՊ-ական պատգամավորներն ասում են, որ չեն ուզում կատաղացնել Ադրբեջանին։ Էլ ո՞նց ասեն։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ ասենք զորավարժություն արեցին, գնացին, բա հետո՞։ Կարծում եմ, պատվիրվել էր պառակտել Սփյուռքը, հաջողությամբ կատարել են։ Well Done ինչպես ասում են։ Էն հայերի ու ոչ հայերի ցանկը, որոնց մուտքը Հայաստան արգելված է, բոլորը ազգայնական գործիչներ են, հիմնականում դաշնակցական ուղն ու ծուծով, նրանք դրսում ու՞մ դեմ են եղել մշտապես՝ Թուրքիայի քաղաքականության, ու՞մ է ձեռնատու նրանց պառակտել, հիասթափեցնելը՝ կարծում եմ պարզ է։ Թուրքիան հարյուրավոր որոշումներ ու ծրագրեր ունի հայկական Սփյուռքի վերաբերյալ աշխատանքի, որոնց բոլորի արդյունքը Սփյուռքի կառույցների քանդումն էր։ Ինչը տասնամյակներով նրանց չհաջողվեց, արի ու տես որ Նիկոլին հաջողվում է։
Կարո՞ղ եք ասել, թե Նիկոլ Փաշինյանի նշանակած դիվանագետները որքանով են աշխատում մեր սփյուռքի հայրենակիցների հետ․ Մակունց Լիլիթը ընդունված կերպա՞ր է ԱՄՆ հայ համայնքում։
Մի քանի օր առաջ Սփյուռքի հանձնակատար Սինանյանին հարցնում են՝ Սփյուռքում ի՞նչ քայլեր են անում Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ասում է՝ Սփյուռքում ինքնակազմակերպման խնդիր կա, համայնքների ներսում խնդիրներ կան։ Այս մասին ասում է Սփյուռքի հանձնակատարը, որը երեք տարի է՝ մեր պետական փողերով շրջում է Սփյուռքում ու նիկոլականություն քարոզում։ Գաղտնիք չէ, որ ներսում խնդիրներ կան, ուղղակի զավեշտալի է, որ ընդամենը վերջերս Հայաստան-Սփյուռք համաժողով էին անում ու անունն էլ դրել էին համաշխարհային հայկական գագաթնաժողով ու ասում էին ամեն ինչ փայլուն է, սենց միասնականություն․․․ Մասնակցում էր 600 հոգի, որոնց կեսը Սփյուռքից չէին, ու Նիկոլը հայտարարում էր, թե ամբողջ Սփյուռքը ներառել են՝ 95 տոկոսով։ Հոգևոր դասը մերժել էր, ազդեցիկ կուսակցություններն ու դեմքերը մերժել էին, բայց մարդը ասում էր՝ սաղ կան։ Ու ո՞նց չմերժեին․ եռօրյա համաժողով են անում ու օրակարգում չկար ո՛չ այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ոչ քննարկման մեջ կար Արցախը, ոչ այնտեղ այց կար առհասարակ։ Մենք նախկինում ունեցել ենք Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոն, Համահայկական մարզական խաղեր, «Բազե», Հայագիտական գիտաժողով, համահայկական հավաքներ, լիքը բաներ ենք ունեցել, էդ բոլորը անում էր պետությունը, և որոնք միտված էին կապերի ամրապնդմանը։ Հիմա չկա մի մարմին, մի կառույց, ում հետ չի այրվել կամուրջները։ Ու քանդելուց հետո Նիկոլը հայտարարեց․ «Իմ կարծիքով, ձեւավորվում են Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ»: Էլի նոր, էլի զրոյական՝ իր կետից, որը, ցավոք, միշտ տանում է գիտենք ուր։
Ու բնական է, որ այդքանից հետո երբ Նիկոլը գնում է մի մայրաքաղաք, որտեղ 10 հազար հայ է ապրում, ընդամենը 50 հայի են կարողանում համոզել, որ գա մասնակցի իր հետ հանդիպման։ Ու տրամաբանական է, որ այսօրվա օրհասական պահին արդեն մենք պատշաճ արձագանք չենք ստանում։ Վաղը կփոխվի ամեն ինչ, կգա նոր իշխանություն, բայց էնքան դժվար կլինի այդ կապերը վերականգնելը։
Կարճ ասած՝ Նիկոլի օրոք Սփյուռքը միասնական է եղել երկու անգամ, մեկ՝ պատերազմի ժամանակ հանգանակություններ անելով, որը գնաց դարձավ հիմնականում աշխատավարձ-թոշակի բաժին, մեկ էլ պատերազմից հետո, երբ բազմաթիվ մարդիկ ու կառույցներ պահանջեցին Նիկոլի հրաժարականը։ Հիմա մեր դրսի բարեկամ-հարազատների, մեր ազգակիցների կարիքը շատ կա, նրանք պետք է բռունցք դառնան ու միանան Հայաստանի ու Արցախի հայրենասեր քաղաքացիներին։ Որովհետև հայրենիքի կորստից, պետականության կորստից հետո, Հայաստանից դուրս ապրող հայերը միանգամից որբանալու են, դառնալու են թափառաշրջիկ՝ անկախ իրենց դիրքից, հեղինակությունից ու միջոցներից։ Հայաստանն ու Արցախը ձեզ համար ևս հենման կետ է։ Անգամ եթե այս ղեկավարությունն է մեր երկրում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը