16 12 2022

«Կարճ ասած»․ Գաղթականները՝ 1915 և 2022 թվականներին․ պատմությունը կրկնվում է 100 տարի անց



 

Այսօր այն եզակի դեպքն էր, որ ես կարող էի այս հաղորդման մեջ ոչ մի բառ չխոսել։ Ընդամենը նայեիք այս լուսանկարների ուղիղ համեմատությունը և ամբողջ իրավիճակը ինքներդ փայլուն կվերլուծեիք իմ փոխարեն։ Ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ հենց այնպես չեն հրապարակում պետության ղեկավարները։ Երբ ընդամենը մի երկու ամիս վարչապետ աշխատելուց հետո երկրի թիվ մեկ պաշտոնյան հրապարակում է լուսանկար, որտեղ ինքը ենթադրվում է՝ հարբած-քնած է, նա դրանով հասկացնում է, որ իրենից ոչինչ մի սպասեք, նա, այո, լինելու է ձեզ պես, ոչինչ չանող, բոլորին անուն դնող, սրա նրա վրա մեղքը բարդող։ Այս ուղերձը ուղղված էր, մեր հասարակության մի, բայց առավել լայն հատվածին, ոչ բոլորին։

Նայեք լուսանկարներին, այս ցերեկով քնած վարչապետի ժամանակ, բնական է, որ ունենալու էիր իրավիճակ, երբ երեխաները միջազգային կազմակերպությունների դիմաց խնդրելու էին թույլ տալ գնալ տուն, այլ երկրներին տեր կանգնել իրենց։ Իսկ էս կարգի լուսանկարներ գիտե՞ք երբ ենք մեկ էլ ունեցել․ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվին, դրանից հետո՝ աշխարհի տարբեր որբանոցների դիմաց։ Երրորդ լուսանկարում ցեղասպանությունից հետո հայ որբերն են Սիրիայի գաղթակայանում։ Ցավում եմ, բայց այսօր արցախցիների վիճակը շատ նման է 1915 թվականի ցեղասպանության նախորդող իրավիճակին։ Այս լուսանկարների ուղիղ պատճառը՝ ձախ կողմում ցերեկով քնած մարդն է։

Իմ հետևում չորրորդ լուսանկարը տեսարան է Էրզրումի հայերի բռնագաղթից։ Իսկ վերջին լուսանկարը տեղահանված հայերի գաղթակայանն է Ռաս Ուլ-Այնում։ Էս կարգի գաղթականներ ունեցել ենք 2020 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, երբ պատերազմի ընթացքում ու պատերազմի արդյունքում գաղթեցին տներից, ունեցել ենք 2022 թվականի օգոստոսին, երբ բռնագաղթեցին Քաշաթաղից ու եկել էին կառավարության դիմաց, ասում էին տեղ չունենք մնալու, տեղահանել եք, տեր կանգնեք մեզ։ Միակ տարբերությունն այն է, որ էն ժամանակ սայլերով էին, հիմա՝ ավտոմեքենաներով։ Ու 107 տարի անց կրկնվող պատմության մեղավորը, պատասխանատուն այս անգամ այս խմած-քնած մարդն է։

Երբ երկրում կար նորմալ ղեկավար, պետության ու բանակի գինը հասկացող ղեկավար, ունեիր մարտունակ բանակ, էդ երեխեքը մանկություն էին վայելում, զարգանում էին, երազանքներ ունեին, անհոգ ապրում էին, ընտանիքները որքանով բարեկեցիկ էին, դա էլ կարևոր չէր, ամենակարևորը՝ անվտանգ էին․ իրական խաղաղ պայմաններում ապրում էին, մեծանում-դառնում Ռոբերտ Աբաջյան, Հենրիխ Մխիթարյան․․․ նու նաև Վահագ Ալեքսանյան․․․ Այո, նման օրինակներ էլ ունենք։ Հիմա երբ ունենք էս կարգի ղեկավար,  տրամաբանական չէ՞, որ դժվար ժամանակներում, ամենայն հավանականությամբ էնպես է  ստացվելու, ինչպես հիմա է, որ մեր հայրենակից երեխան Ձմեռ պապիկին նամակ գրի ու նվերի փոխարեն խնդրի, որ հոր դին թշնամիները վերադարձնեն, էն մյուս երեխան նամակ գրի խնդրի հորը գերությունից հետ բերեն։ Այլ երեխաներ, որոնց բախտը բերել է, որ ծնողները կենդանի են, գնան ՄԱԿ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Չինաստանի դեսպանատների դիմաց ճանապարհ խնդրեն դեպի իրենց տուն։ Վատ բան եմ ասում, շատ ցավով եմ ասում, բայց այլ պատճառ ման չեմ գա, որովհետև շատ եմ խոսել այս մասին ու կանխատեսել մինչ այս աղետը, որը եկավ մեր դուռը։ Ես ձեզ ասեմ, որ մեր ողբերգությունը նրանում է, որ էս տեսակի ղեկավարություն է նաև Արցախում․ դրա մասին էլ եմ խոսել, դեռ Արցախի ընտրություններից առաջ։ Մի հատ պատկերացրեք էլի։ Արցախի ղեկավարությունը, այսօր, հպարտանում է, որ գազը Ադրբեջանը բացել է առանց նախապայմանների․ բանը հասել է այնտեղ, որ եթե մի պարտավորություն թշնամին կատարում է, արդեն մտածում ենք, որ դրա դիմաց մի բան զիջել են։ Չեմ կարող չշեշտել՝ այսօրվա այստեղի և այնտեղի իշխանությունները արժանապատիվ պայքարից հրաժարվել ու ընտրել են ողորմությամբ հարցեր լուծելու ճանապարհը։ Մի բանն են մոռացել․ որ երբ խոստանում էր խաղաղություն, պետք է ոչ թե գնայիր խաղաղ քնեիր, այլ պետք է աշխատեիր գիշեր-ցերեկ։ Ժողովուրդ, դա աքսիոմա է։

Ժամը 6-ին աշխատանքից տուն գնացող քաղաքացին երբ հանդիպում է աշխատանքից տուն գնացող վարչապետի ավտոշարասյանը, սա նաև դրա արդյունքն է։

44 օր ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրունը լկտի ստեր է ասել, խաբել է ժողովրդին, հանրությանը, բոլորին հիմարացրել է, զգոնությունը թուլացրել, պատերազմը խայտառակ պարտվել, հետո կապիտուլյացիայի են գնացել, հիմա քննիչին ասում է՝ դե սխալվել եմ։ Արծրունը առանց խղճի խայթի ասում ու անցնում է առաջ, որովհետև դրանից առաջ, երբ կորոնավիրուսի վատ կառավարման արդյունքում մեզ մոտ հազարներով մարդիկ մահացան, Նիկոլն ընդամենը ասեց սխալներ եղել են, պատերազմում զոհեր տվեցին, հող հանձնեցին, ասաց սխալներ եղել են։ Ու իրենք մարսեցին էդ սխալները, գնացին հանգիստ ուտել-խմելու։ Ժողովուրդն էլ այս չտեսնված անպատասխանատվությունից, երեսպաշտությունից, անբարոյականության աստիճանից հիասթափվել, դարձել է անտարբեր իր, իր հայրենակցի, առհասարակ, ցավի նկատմամբ։

Հարցնում են՝ բոլո՞ր ժողովուրդներն են էսպես անտարբեր իրենց վիճակի նկատմամբ։ Գիտե՞ք խնդիրը, կարծում եմ այդքան էլ ժողովրդի մեջ չէ։ ժողովորդը միշտ էլ ձգտել է լավ ապրել, խաղաղ ապրել, որ իրեն չխանգարեն, պետք եկած ժամանակ հարկերը մուծի, օրենք չշրջանցի․ պետությունը, իշխանությունը, զանազան էլիտաները փորձել են իրենց տիրույթում ու իրենց ուսադիրների համապատասխան ստեղծել կարգ ու կանոն, որ հանրությունը, այդ թվում՝ պաշտոնյաները չշեղվեն դրանից ու բարդակ չդառնա։ Այպես չէ, որ չարաշահողներ չեն եղել, եղել են, շատ թե քիչ, դա չէ հարցը, հարցը այնտեղ է, որ կարողանաս կարևորը պահելով, պատասխանատվությունը վերցնելով, հիմնական հարցերը լուծես։ Որևէ անգամ Հայաստանի որևէ քաղաքացի, Արցախի որևէ քաղաքացի չի մտածել անգվտանգության հարցերը ոնց են լուծում, ինքն իր համար խաղաղ ապրել է, այդ հարցերը լուծողները եղել են, լուծել են։ 25 տարի ո՞վ է մտածել, որ Թուրքիայի հետ սահմանը փակ է, Ադրբեջանի հետ փակ է ու դա վատ է կամ լավ։

Հիմա, երբ իր ղեկավարը խմած քնածի կերպարով է, դրա համար էլ քաղաքացին ինքն է առաջարկներ անում՝ ադրբեջանցիներին ծեծեք, էն հողը զիջեք, էն մեկելը մի զիջեք, Իսկանդերը բերեք, ջրամբարը խփեք, գնանք Եվրոպա, չէ, Ամերիկա, Պուտինին թո դիմավորի, վայ հանկարծ չդիմավորի, ճիշտը սենց ա, նենց ա․ դա նրանից ա, որովհետև դու ունես էնպիսի ղեկավար, որ ամեն մեկը վստահ է՝ ինքը ավելի լավ կաներ։ Ու երևի ճիշտ ա։ Բոլոր երկրներում էլ կան էլիտաներ պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ էն վերևից մինչև թաղային հեղինակություն․ կազմակերպվում է կյանքը, տալիս են ազդակներ, ու հանրությունը իր հիմնական շրջանակներից դուրս չի գալիս, հասկանում է ճիշտ ու սխալը հիմնականում որն է, ընդհանուր հայտնի կոնցեպտի մեջ է, ուրեմն նորմալ է, այսպես թացն ու չորը իրար խառնված չի լինում, մարդիկ տարբերում են։ Սա շատ ընդարձակ թեմա է, մի օր առանձին կանդրադառնամ, բայց մի բան նշեմ՝ տեսնեք ոնց ամեն բան փչացրեցին․ քանի որ իրենք հեղինակություն չունեին, եթե հիշում եք, ամենից առաջ սկսեցին ինչքան հեղինակություն, կարծիք ձևավորող մարդ կար, հանրության մեջ հարգանք վայելող, վարկաբեկելու գործընթաց։ Հիշեք՝ Վեհափառ, նախկին նախագահներ, վարչապետներ, զինվորականներ, գործարարներ, ու որ այդ ազդեցիկ մարդկանց վրա գործ էին հարուցում ու կալանքի էին տանում, ամենակարևոր պատճառաբանությունն էր, թե, հլա տեսեք՝ ունի բարձր հեղինակություն, մնալով ազատության մեջ՝ այս կանի, այն կանի։

Իրենք, ամեն բան արեցին, որ մեր երկրում միջակությունը, սովորական մարդուց ավելի ցածր կարգավիճակով ղեկավարը, դառնա նորմալ երևույթ, ու երբ կլինի աղետ, նրանից մեկ է՝ սպասելու բան չկա, նա խեղճ է, հարիֆ է, թույլ է, դե գնացեք ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ ի դռները ընկեք, նրանք են հարց լուծող, սա չի կարող, իսկ ուրիշ մարդ էլ չկա, բոլորը վարկաբեկված են, հին են, հանցագործ են, թալանչի․ նախկին են, մի բառով։

Ու էսօր փաստացի հանրային կյանքը կազմակերպող չկա, կառավարող չկա, մեր երկրում հեղինակություն խոշոր հաշվով շատ քիչ կա։ Մի տեսեք ինչ է կատարվում․ տեղեկություն եղավ, որ կրթության նոր նախարարի առաջին հրահանգներից մեկը եղել է դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքները վերացնելը։ Կարծես ավելացնելու բան չկա։ Նորմալ հասարակությունում, այն էլ պատերազմի վտանգի առաջ կանգնած, օդերով կհանեին, թե՛ նախարարին, թե՛ իրեն նշանակողին։ Երկար կարող եմ օրինակներ բերել, որ պարզ լինի, թե որքան է այս ամեի մեջ ղեկավարի դերը։

Կարճ ասած՝ բոլոր նրանք, ովքեր մատնանշում են խնդիրը, բայց պատճառը չեն նշում, ովքեր պայքարում են իբր խնդրի դեմ, պատճառի, մեղավորի դեմ չեն պայքարում, նրանք ևս և՛ մեղավոր են, և՛ այս ամենի պատճառ։ Երբ բժշկության մեջ ախտորոշվում է ու բացահայտվում է պատճառը, բժիշկը դրա դեմ է պայքարում, որ չեզոքացնի, անընդհատ ցավազրկողներով հարցը չի լուծվելու, ավելի է խորանալու, մի օր պետք է որ հասկանանք․ վախենամ շատ ուշ չլինի։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ