25 11 2022

«Կարճ ասած»․ Դատվող ծնողների, հակակոռուպցիոն Մացոյի ու «արդարության մարտիկ» Նիկոլի մասին



 

Այսօր իր մանդատը վայր դրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Արամ Վարդևանյանը իմ ճանաչած լավագույն իրավաբաններից, սահմանադրագետներից մեկն է։ Կարծում եմ, որ համաձայն են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Վարդևանյանին, հետևել են նրա գործունեությանը, լինի իշխանություն, ընդդիմություն, դատավոր, փաստաբան, թե նրան դիմած քաղաքացի։ Միայն այն իր աշխատանքը, որով հնարավոր է եղել ազատություն տալ անհիմն կալանավորված անձանց, բավական է որպես իրավաբանի՝ նրա դերը գնահատելու համար։ Որպես քաղաքական գործիչ՝ Արամ Վարդևանյանի դուրս գալով՝ թե՛ ընդդիմադիր խմբակցությունը, թե՛ Ազգային ժողովը, վստահաբար, կորցնելու է․ բայց փաստաբանական համայնքը վերագտնելու է պայքարող տեսակի։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս օրերում, մեր երկրին, հմուտ ու բանիմաց իրավաբաններ են պետք, այս խորտակվող դատաիրավական մթնոլորտում պայքարելու համար։ Պայքար բառը իզուր չեմ օգտագործում, որովհետև այսօր աշխատել փաստաբանության ոլորտում, դա ևս պայքար է երկրի ու պետության ապագայի համար։ Այսօր Հայաստանում առավել խայտառակ արդարադատական համակարգ է, քան երբևէ ուեցել ենք, անկախությունից ի վեր։ Հայաստանում երբեք այսքան իշխանությանը հպատակ իրավական համակարգ չի եղել։ Միայն ձայնագրություններն այդ մասին այնքան շատ են՝ ԲԴԽ նախագահի, ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ-ի նախագահի և անգամ՝ վարչապետի մասնակցությամբ։ Դա աբսուրդ էր թե՛ այն օրերին, երբ լսեցինք, թե ինչպես են իրականացնում հեղափոխական արդարադատությունը, թե՛ էլ ավելի՝ այսօր, երբ ոչինչ չփոխվեց, գլուխներ չթռան, այդ մարդիկ, նույն գործերին են, վստահաբար՝ նույն կերպ էլ այսօր են գործում։ Ու չնայած այդ ամենին, միևնույն է՝ պայքարող, արդար ու բանիմաց իրավաբանների կարիքը օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր երկրին։ Դրա համար եմ ասում, որ Արամ Վարդևանյանի մանդատից հրաժարվելը մի կողմից վատ է, մյուս կողմից լավ, անգամ անհրաժեշտ այս օրերում։ Մի տեսեք՝ ինչ է կատարվում։

Ողջ իրավաբանական համայնքը, հասարակական սեկտորը, քաղաքական դաշտը զարմանք է ապրում հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակումից․ սա մի մարդ է, որը ունեցել է իշխանության սրտի դատավորի համարում, որը հաստատել է այն բոլոր միջնորդությունները, որոնք բերել են դատախազությունը, քննչական մարմինները, կատարել է այնպիսի վճիռներ, որոնք կուզենար իշխանությունը, և դա մշտապես ակնհայտ է եղել։

Իհարկե՝ հանուն արդարության նշենք, որ եթե Նիկոլ Փաշինյանն աշխատում է ՀՀ վարչապետ, ուրեմն Մնացական Մարտիրոսյանը լիուլի նույն տրամաբանությամբ կարող է աշխատել արդարաատության նախարար։ Այնպես չէ, թե այլ մարմիններում իրենց բառերով ասենք, ուսապարկեր չեն։ Բայց հարցն այլ է նաև․ Նիկոլ Փաշինյանից ավելի շատ ոչ ոք չի քննադատել այդ մարդուն ու համարել, ուշադրությու՛ն՝ կոռուպցիոներ։ Պատկերացրեցի՞ք․ Նիկոլը ընդդիմադիր ժամանակ այդ դատավորին ինչ ասես չէր ասում, անգամ հայտարարում էր, որ կորուպցիոներ է, հետո գալիս է իշխանության ու նրան ոչ միայն չեն ենթարկում պատասխանատվության, այլև առաջխաղացում է ունենում։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանն ինքը մինչև վարչապետ դառնալը այս մարդուն համարել է ամենակոռումպացված դատավոր, եթե դատական նիստ էր լինում, Փաշինյանն ասում էր՝ այդտեղ նստած չէ Մնացական Մարտիրոսյանը, նստած է Սերժ Սարգսյանը, իբր նրա ցուցումներով է վճիռներ տալիս։ Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլը երբ եկել էր իշխանոթյան, պետք է որ փաստեր բերեր, քննություն նախաձեռներ, գործեր բացեր ու բացահայտեր կոռումպացված դատավորներին, որ քաղաքական ճնշումներից զերծ պահեր դատարանները, ինչում տարիներ ի վեր մեղադրում էր նախկինին։ Մենք այդպես էլ չիմացանք, նախկինում այդպես է եղել, թե ոչ, ոչ մի քննություն էլ չեղավ, բայց երևի թե նախաձեռնեց ու վստահաբար ստացավ «ուզես-չուզես՝ կալանքը պետք է տաս» մակարդակի դատարաններ։ Ինձ հետաքրքիր էլ չէ, թե ովքեր են հարցազրույց անցկացնող այդ 6 հոգին, որ հավանություն են տվել հայտնի Մացոյին։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթի հայտնի արտահայտությունից հետո, թե՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, ցանկացած որոշում, ցանկացած դատական նիստ ես դիտարկում եմ Փաշինյանի հրամանի տրամաբանությամբ․ եղել են միայն բացառություններ, քիչ քանակի։ 

Ու երբ դու հակակոռուպցիոն դատարանի դատավոր ես նշանակում մարդու, ում ինքդ բազմիցս մեղադրել ես կոռուպցիայի մեջ, պատվեր կատարելու մեջ, ու քո ժամանակ էլ ակնհայտ դարձրել բոլոր մեղադրանքներդ, ուրեմն արդեն դու հիմիկվանից ուրվագծում ես, թե ոնց ես պայքարելու կոռուպցիայի դեմ։ Ու սա նաև թող իմանան բոլոր նրանք, նաև միջազգային գործընկերները, որոնք փողեր են տալիս Հայաստանում կոռուպցիայի վերացման նպատակով։

Այս պարագայում, բնականաբար, երկրի համար շատ ավելի օգտակար է ոչ թե ունենալ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյան, այլ՝ փաստաբան Արամ Վարդևանյան․ որովհետև եթե ուենանայինք էնպիսի խորհրդարանական իշխանություն, որտեղ մակարդակով, խղճով, տրամաբանությամբ թեկուզ հակառակ կարծիքներով մարդիկ լինեին, կասեինք հա, լավ, հենա բարձրաձայնում են, իշխանությունն էլ հասկանում է իր սխալները։

Էդ որ ասում ենք դատական համակարգը քայքայված է, ԱԺ-ն կառավարության կցորդն է,  կառավարությունը Նիկոլի կամակատարն է և ֆորմալ, ո՞նց ենք որոշում․ ամեն ոլորտ որոշում ենք կադրերով։ Էս մարդը արմենդանիելյաններով, մնացականմարտիրոսյաններով դատական բարեփոխում է անում։ Դրա համար էլ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ է մահանում, դրա համար էլ բանտերում անընդհատ ինքնասպանություններ են լինում, դրա համար էլ Պեմզաշենի դեպերից հետո, քաղաքացին ոչ թե սպասում է արդարադատության, այլ դիմում է սամասուդի, գնում է ոճրագործի տունը վառելու։

Հայաստանում փաստաբանին կալանավորում են միայն այն բանի համար, որ իր լիազորություններից բխող միջնորդություն է ներկայացրել, փորձել է պաշտպանել իր պաշտպանյալին։ Վաղը կարող են ինձ կալանավորել լրատվությամբ զբաղվելու համար, ձեզ էլ, որ, օրինակ, այսօր գնացել եք խանութ և գնել է իշլիքյուֆթա կամ նայում եք 5-րդ ալիք, որի ծննդյան օրն է այսօր։ Տրամաբանություն, օրենք, չկա չէ՞։ Իսկ տրամաբանական կապ կա՞, Մնացական Մարտիրոսյանի ու հակակոռուպցիոն դատարանի դատավորի միջև։

Սա այն դատավորի տեսակն է, որը իշխանականին կալանավորում է համայնքապետի ընտրություններում հաղթելու համար, բայց ոստիկանին, որը հղի կնոջը սպանում է, չի կալանավորում, քանի որ Փաշինյանի շարասյան ավտոն է քշել։ Սա այն նույն դատարանի տեսակն է, որ 2 տարի առաջ ասուլիսում արտահայտություն անելու համար տալիս է կալանք, իսկ Գռզոյի եղբորը Երևանի կենտրոնում պիստալետով մարդ խփելու համար, ազատում է։

Հայաստանի իրավապահ համակարգի խայտառակ դեմքը որերորդ անգամ արդեն պատռվեց երեկ։ Հայաստանի անկախության օրը Եռաբլուրում անմարդկաին բռնությունների ենթարկվեցին 44-օրյա պատերազմի նահատակների հարազատները։ Այն աստիճանի այլանդակ գործելաոճ էր, որ անգամ ոստիկանություը դա հասկացավ ու ծառայողական քննություն սկսեց, Քննչական կոմիտեն գործ է քննում։ Բայց այդ բոլորը, պարզվեց, ձևական էր։ Պարզվում է՝ չեն կարողանում նույնականացնել այն ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել։ Բայց նույն ոստիկանությունը նույնականացրել է 15 ծնողի ու իր հերթին դիմել է դատարան, որ որդու շիրիմը պաշտպանող ծնողներին դատեն։ Աբսուրդ է, էդ ոստիկաններին ոստիկանությունն է ուղարկել մարդկանց քաշքշելու, ծեծելու, բայց ոստիկանությունը հիմա, ստացվում է, չի կարողանում գտնել, թե ում է ուղարկել․ այ ծնողներին, որ քաշքշել են հատ հատ լավ էլ հիշում ու նույնականացնում են։

Ոստիկանության քայլերը անմարդկային են․ ի՞նչ էին ասում զոհերի հարազատները, հիշենք։ Ասում էին՝ որ մեր երեխաները Եռաբլուրում պառկած են, մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, մենք թույլ չենք տալիս, որ նա գա մեր տղերքի շիրիմներին։ Մարդկայնորեն պարզ է, հարազատը ասում է՝ չեմ ուզում իմ վիշտը հարգես, դա իմ համար վիրավորանք է։

Բայց ոչ, եկավ զոռով հարգելու, ծնողներին փռեցին ասֆալտին, ձեռq-ոտք կոտրեցին՝ ուղիղ եթերում, ու հիմա ասում են, էդ սաղ հեչ, չենք էլ գտնում ոստիկաններին։ Ոստիկանների գործունեությունը անմարդկային է որ տեսանկյունից ուզում ես վերցրու։ Անբարոյական քայլ է, երբ դու մարդկանց, այն էլ՝ քեզ պաշտպան զինվորի ծնողին ծեծում ես, հետո նրանց դատի ես տալիս։ Սա լրիվ համարժեք է Նիկոլի քայլին, որ մարդկանց տանում է մահվան, հետո գնում է գերեզմաններին չոքում, չեն թողնում՝ ծեծելով է չոքում։ Սա նման է այն մարդասպանի քայլին, որ իր զոհի հուղարկավորության ժամանակ գնում է գերեզմանոց ցավակցելու։ Ու իմացեք, ոստիկաններ, վաղը Փաշինյանը ասելու է՝ ո՞ւր է, ցույց տվեք հրաման, որ ես եմ ոստիկաններին ցուցում տվել, հերթական անգամ թռնելու է տակից, մնալու եք դուք։

Կարճ ասած՝ սա Հայաստանի արդարադատության դեմքն է, սա Հայաստանի բարեփոխումների դեմքն է և սա այն հեղափոխական փոփոխություններն են, որ կատարվել են մեր երկրում՝ հիմնահատակ քանդելով ինչ տեսել են։ Այս ամենի համար պատասխան տվողներ վաղ թե ուշ կլինեն, ու այս ամենի մասին պետք է՝ թե՛ խոսել, թե՛ մասնագիտական գնահատականներ տալ, որ մի օր շանս լինի իրական փոփոխության։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ