02 07 2024

17 հազար դոլար, 10 մլն դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի ունեցվածքը. 168.am

17 հազար դոլար, 10 մլն դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի ունեցվածքը. 168.am

168.am-ի՝ ընտանեկան հայտարարագրերի շարքի հերթական դրվագը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ, աղմկահարույց գործեր քննող և հանրային տարբեր շրջանակներում շարունակաբար իբրև իշխանությունների «պատվեր կատարող» դատավոր ընկալվող Մնացական Մարտիրոսյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի մասին է, որոնք աչքի են ընկնում տպավորիչ դրամական միջոցներով և ոչ միայն:

17,000 ԱՄՆ դոլար, 10.000.000 դրամ և 1000 եվրոդատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ 2023 թվականին ունեցած կանխիկ գումարն է՝ ըստ 2024 թվականին ներկայացված հայտարարագրի։

Մնացական Մարտիրոսյանը, ըստ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, պահպանել է 2019 թվականին Երևան քաղաքի Կենտրոն համայնքում գնված և բաժնային սեփականություն հանդիսացող ավտոտնակն ու բնակարանը, ինչպես նաև 2015 թվականին գնված 2007 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենան։

Դատավորը 2024 թվականին հայտարարագրել է 2023 թվականի դրամական միջոցները, այդ թվում`

 

բանկային հաշվի մնացորդներ տարեսկզբին եղել են 1,058,424 դրամ և 4,267 եվրո, իսկ տարեվերջին՝ 3,062,404 դրամ և 2,631 եվրո,

կանխիկ դրամ` 17,000 ԱՄՆ դոլարի, 10.000.000 դրամի և 1000 եվրոյի չափով,

հաշվետու տարվա եկամուտներ` 17,687,682 դրամ, որը գոյացել է «Արդարադատության ակադեմիա»-ից ստացված 279.432 դրամ աշխատավարձից, «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից ստացված՝ 15,597,372 դրամ աշխատավարձից, ինչպես նաև՝ 1,810,878 դրամ այլ եկամուտներից։

Պաշտոնատար անձի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15,714,992.3 դրամ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի հայտարարագրից պարզ է դառնում նաև, որ նրա դուստրը՝ Թամարա Մարտիրոսյանը, մասնակցություն ունի առևտրային կազմակերպություններում․ մասնավորապես, «Ինտելիգո» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասն է տնօրինում, ինչպես նաև՝ 5 տոկոս բաժնեմաս՝ «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում։ Ի դեպ, նրա կինը՝ Լուսիկ Մարտիրոսյանը «Ինտելիգո» ՍՊԸ-ի տնօրենն է, որտեղից, ըստ լրացրած տվյալների, ստանում է ընդամենը 375.000 դրամ աշխատավարձ։ Մնացական Մարտիրոսյանի տիկինը, բացի այս ՍՊԸ-ից,  աշխատավարձ է հայտարարագրել նաև «Կարմիր բլուր» ՍՊԸ-ից՝ 2 միլիոն 350.000 դրամի չափով։

Թեև հայտարարագրերի ռեեստրում այդպես էլ չգտանք Թամարա Մնացականի Մարտիրոսյանի 2024 թվականին ներկայացված հայտարարագիրը, այդուհանդերձ, 2023 թվականին ներկայացված հայտարարագրից տեղեկացանք, որ նա 2022 թվականին Երևանի Կենտրոն համայնքում ձեռք է բերել բնակարան, 2021 թվականին գնել է 2001 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեքենա։

Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ սյունակում էլ դատավորի իրավաբան դուստրը տեղեկացրել է 2022 թվականին ձեռք բերված 8,500,000 դրամ արժողությամբ բաժնետոմսերի մասին։ Գործարքի մյուս կողմը եղել է Գևորգ Վանիկի Գյոզալյանը (խոսքը, հավանաբար, նախկին փաստաբան, այժմ՝ դատավոր Գևորգ Գյոզալյանի մասին է)։

Թամարա Մարտիրոսյանի հաշվետու տարվա եկամուտներն էլ կազմել են 20 միլիոն 063 894 դրամ, որոնք գոյացել են Ինեկոբանկ ՓԲԸ-ից ստացված 439,000 դրամ փոխառությունից, «Թիքեյ ընդ փարթներս», «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամ և «Ինտելիգո» ընկերություններից ստացված աշխատավարձերից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ