Հայտնի է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը թե՛ նախկինում, թե՛ հիմա, որքան ուժ ունի՝ փորձել է սևացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արածները՝ հակասահմանադրական կամ շինծու քրգործերով, ֆեյքերով, սուտ ելույթներով, պատվիրովի հոդվածներով։ Փորձել է որքան հնարավոր է՝ նսեմացնել, քանդել նրա ստեղծածը, պետության հիմքը հանդիսացող ինստիտուտները։ Միաժամանակ՝ որքան հնարավոր է՝ օգտվել է մինչ իր իշխանությունը ստեղծվածից։ Այսօր մի գրառումով անդրադարձա դրանցից ընդամենը մեկ օրինակին․ առիթը կար, բայց մտաբերեցի, որ օրինակներն այնքան շատ են, որ գոնե մի քանիսին արժե անդրադառնամ այստեղ։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին մի քանի ժամով գնաց Իրանի Իսլամական Հանրապետություն, հետո հայտարարեց, որ այցի ամբողջ իմաստը եղել է մեկ բան՝ Հայաստանի և Իրանի միջև գազային համաձայնագրի թարմացումը։ Ոչ մի նոր բան չի կառուցվել, չի բացվել, ընդամենը, նախկին եղած պայմանագիրը թարմացվել է։ Նոր բան էլ չեն մտածել․ գնացել են, թարմացրել են 2006 թվականի պայմանագիրը, եկել ասում են՝ աննախադեպ դրական, ջերմ։ Նախկինից իրենց հասած փաստաթղթի թարմացումը սրանք այնքան քարոզեցին, այնքան փիարեցին, որ հայ-իրանական գազամուղը կառուցելու ժամանակ այն ժամանակվա իշխանությունը այդքան չէր փիարվել։ Բայց ուշագրավը գիտե՞ք որն է․ Նիկոլը փիարվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած ու կառուցած գազամուղի վրա։ Մինչ Նիկոլենք ժամանակին հայտարարություններ էին տարածում, թե հեսա հեսա «Քոչարյանը Մեղրին հանձնում է», Ռոբերտ Քոչարյանը տարածաշրջանային մեծ նախագիծ էր իրականացնում Մեղրիում՝ Իրան-Հայաստան գազամուղն էր կառուցում։
2007 թվականի մարտի 15-ին, Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը կատարեցին Իրան-Հայաստան գազամուղի բացման արարողությունը, որի ընթացքում նաև ստորագրվեցին Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին միջպետական համաձայնագիր։ «Մեղրի էր հանձնում» ասում էին, բայց այդ ընթացքում արդեն երկու երկրների միջև երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունն էր ընթանում: Պատկերացնու՞մ եք, դրանց դեմքները․ բայց արի ու տես որ մինչ հիմա դեռ գտնվում են հիմարներ որ այդ հիմարությունները կրկնում են։ Բայց մի հատ հարցնեմ իշխանականներին, էդ որ գնում ու հանգիստ փիարվում եք, ինչը կարողանում եք՝ քանդում եք, ինչը չեք կրողանում՝ վերաթարմացնում եք ու փիարվում, բա լավ, այդ ամենը օդից է՞ընկել։ Ի՞նչ եք կարծում, հեշտությամբ ե՞ն արվել այդտեսակ գործերը։ Ասեմ․ ե՛ս որ լավ հիշում եմ։ Այն ժամանակ գերտերությունները համաձայն չէին, քանի որ ԱՄՆ-ն պատժամիջոցների տակ էր պահում Իրանին և համարում էր, որ այդ գազամուղը հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների և նաև պատժամիջոցների խախտում է։ Իսկ Ռուսաստա՞նը, կհարցնեք․․․ Պատկերացրեք՝ Ռուսաստանը ևս դեմ էր, քանի որ դիտում էր իր գազամատակարարման համակարգերին մրցակից։ Բայց քանի որ ունեինք նորմալ իշխանություն, հարգանք վայելող բանակցողներ, որոնք հասկացրեցին, որ դուք ունեք ձեր շահերը՝ պարզ է, իսկ սա մե՛ր պետության կենսական շահերից է բխում և պարտադիր պետք է կառուցվի։ Գազամուղը կառուցվեց ընդամենը 1 տարում, 2006-ին սկսեցին, 2007-ի մարտին, արդեն, բացվեց։
Ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ նոր բան եք արել, ի՞նչ նոր նախագիծ եք արել Իրանի հետ․ կա՞, ընդհանրապես մի բան, որ արել եք։ Արդեն 4,5 տարի իշխանության եք։ Քոչարյանը կառուցած չլիներ էդ գազամուղը, ընդհանրապես ձեր Իրան այցը իմաստ ունենալու է՞ր։ Ուրիշ պարագայում սա չէի ասի, որովհետև իշխանությունները հաջորդում են իրար ու բնականաբար՝ ամեն մեկը շարունակում է մյուսի կիսատ թողածը։ Բայց սրանք եկել են, քանդում են, ասում են զրոյից ենք սկսում ու ինչ նորմալ բան կա, պարզվում են նախկինում են արել։
Վերջերս մի քանի օրով փակեցին Երևանում Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան։ Մի շաբաթ թարմացրեցին ու բացեցին, բայց դա առիթ դարձավ, որ Տիգրան Ավինյանը, որ անգամ ավերակների վրա գնում-կանգնում ու ասուլիս է տալիս, թե ես քաղաքապետի թեկնածու եմ, գնա փիարվի։ Մի բանկա կրասկա քսեցին էդ էստակադայի վրա ու էդ ֆոնին Ավինյան Տիգրանը էնքան նկարվեց, որ թվում էր, թե էստակադան ինք է իր ձեռքով սարքել։ Բացեք արխիվները նայեք՝ դա կառուցելիս Քոչարյանը էդքան փիարվել է՞։ 15 տարի առաջ սարքել են, մի հատ կրասկա եք քսել, կողքից նայես նկարներին, կմտածես դարի շինարարություն եք արել։
Էսօր կառավարության նիստ էր, Նիկոլը կես ժամ շարունակ փողոց առ փողոց թվարկում էր, թե որ գյուղի որ փողոցում են ասֆալտ փռել, արդեն հասնում էր բնակիչների անուններին, թե ում տան դեմն են ասֆալտ փռել։ Փողոց չեն է կառուցել, ճանապարհ չեն կառուցել, էղած օգտագործված, մաշվածի վրա ասֆալտ են փռել ընդամենը, փող են աշխատել, ենթադրում եմ, բայց դրանով ներկայանում են ամեն տեղ, տեսե՛ք, ասֆալտ ենք արել։ Նախկինում փողոցներ են կառուցվել, մայրուղիներ են կառուցվել, ոչ թե նորոգվել, որոնց մի մասը եկաք ու հանձնեցիք թշնամուն։ Ճանապարհաշինարարի հետ սկսել ենք Կոտայքի մարզից, Գեղարքունիքով անցել ենք, Սելիմի լեռնանցքով, Վայոց ձորի ու Արարատի մարզերով եկել ենք Երևան․ ճանապարհի հիմնական մասը Քոչարյանի ժամանակ կառուցվածն էր ու ընդամենը մի քանի տեղ է, որ վրայով անցել եք, փռել եք, կամ կարկատել եք։ 15 տարի հետո մի քանի տեղ կարկատել եք ընդամենը։ Գորիս-Կապան նորմալ ճանապարհը, ի միջի այլոց, էլի Քոչարյանի սարքած, հանձնեցիք թշնամուն, ասեցիք այլընտրանքային ճանապարհ եք սարքում, էնքան անորակ է, որ 6 ամիս անց վերակառուցում եք։ Էդ ա ձեր արածը։ Հիմա ով ա՞ թալանել, Քոչարյանը՞ որ 15 տարի առաջ սարքել ա էնպես, որ մինչ հիմա շահագործվում ա, գալիս կրասկա եք քսում, թե՞ դուք, որ ճամփեն սարքում եք, 6 ամիս անց քանդվում ա։
Շեշտեմ, այն ժամանակ ինչ ստեղծվել է, անխնա ու ամբաղ-զամբաղ քննադատել եք։ Լինսի հիմնադրամի շինարարությանը քննադատել եք, արդեն որակի մասին խոսեցի։ Գյումրիում սարքում էին անօթևաններին տներ, ասում էիք՝ Քրքորյանի փողերը կերան, բայց սնկի պես աճում էին տները։ Հիմա ասեք՝ քա՞նի նման ծրագիր եք իրականացրել, գոնե մի հատ արել ե՞ք։ Դրամահավաք եք կազմակերպում, դրսի հայերն ասում են՝ ձեզ չենք վստահում, մենք կոնկրետ դպրոցի, հիվանդանոցի կֆինանսավորենք։ Այս կառավարությունը 10 հատ նիստ ու խորհրդակցություն է արել Գյումրու աղետի գոտու թեմայով, մի անգամ ասել են պետք է գույքագրենք մնացած մասը, հետո ասել են՝ կառավաությունը ոչինչ պարտք չէ, հետո ասել են՝ մարդիկ տները ծախում են, նիվա են առնում, խփում են պատին, հետո ասել եք՝ տները ծախում են կազինո են խաղում, ամեն ինչ ասացիք, բայց մի հատ տուն չեք սարքել։
Երեկ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում, էլի նույն ֆեյքային տրամաբանությամբ, ասում է 2018 թվականին գալիս էիր Հայաստան Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռ չկար, այ մեր ժամանակ վերածնվում է և այլն։ Զվարթնոց օդանավականանը, որ խղճուկ մի շենքից Քոչարյանը դարձրեց միջազգային չափանիշներին համապատասխան, ինչե՞ր էիք ասում․ տվեց կոնցեսիոն կառավարման, ասում էիր՝ հանձնեց, կորած ենք։ Հարավկովկասյան երկաթուղու վագոնների մեջ սելֆի եք անում, բայց որ տալիս էր կոնցեսիոն կառավարման, ինչո՞ւ չէիք ասում, որ լավ ա։ Սարալանջի մայրուղին կառուցելիս ձեզ ճղում էիք, թե մայրաքաղաքում խցանումներ են առաջանում։ Հյուսիսային պողոտան կառուցելիս ինչ ասես չէիք ասում, իսկ հիմա ձեր հյուրերին միայն էղտեղ եք տանում, էլ չասեմ, թե քանի հատ ՔՊ-ական դեպուտատ էնտեղ տանտեր դարձավ, որովհետև քաղաքի ամենից լավ տեղն ա։ Ամբողջ երկիրը գազիֆիկացվեց, փոխանակ ուրախանայիք, գրում էիք՝ բա գազի վարձը ո՞վ ա տալու։ Մինչև հիմա մարդիկ օրհնում են, որ Քոչարյանի ժամանակ կառուցվեց Դավիթաշենի կամուրջը ու հեռավոր թաղամասը միացավ Կոմիտասին։ Փոխանակ շնորհակալություն հայտնելուն, Նիկոլը իր թերթում գրում էր՝ ահա, ժողովուրդ, Քոչարյանը բարձր կամուրջ ա սարքել, որ ինքնասպան լինեք։ Իսկ հիմա գնում, ներկը թարմացնում եք ու անխնա փիարվում եք։
Կարճ ասած՝ այս իշխանությունը եթե ունի մի թեթև ձեռքբերում, ուրեմն դրա տակ անպայման իրենցից առաջ՝ նախկինում արվածն է։ Սրանք կառուցող չեն, սրանք միայն քանդելուց են լավ, փչացնելուց, վարկաբեկելուց, հանձնելուց ու հանձնվելուց։ Իսկ ամենաակտիվը, որ անում են, անխնա ու անկապ խոսելն է։ Ցավոք, իրենց դեռ լսողներ կան ու կան հիշողությունը կորցրած մարդիկ, որ հավատում են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը