Երեկ երկու ուշագրավ բան տեղի ունեցավ, մեկը Մեծ Բրիտանիայում, մյուսը՝ Հայաստանում։ Մեծ Բրիտանիայում հրաժարական տվեց վարչապետ Լիզ Թրասը։ Տիկին վարչապետը ընդամենը 6 շաբաթ աշխատեց, ինչը բավարար էր հասկանալու համար, որ ձախողվել է, ոտքին է գցել։ 6 շաբաթում բոլորը հասկացան, որ տնտեսական ծրագիրը տապալում է, ասացին՝ հոպ, դու դրա համար չես եկել, բան ես խոստացել, բան ենք խոստացել քաղաքացիներին, հակառակն ես անում, կամ չի ստացվում, տարբերություն չկա։ Պնդեցին, գնաց, հնարավոր է՝ մի քիչ չեմ ու չում արեց։ Հայաստանի պես հերթական ձախողումը տեսնելուց հետո, ոչ մեկ հիմարի դեմքի արտահայտությամբ չասաց՝ լավ էլի, թողեք թող աշխատեն։
Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Հայաստանում․ վարչապետը կառավարության նիստ արեց ու հայտարարեց, որ այսուհետ պետությունն է տուգանելու քաղաքացիներին արագաչափերով։ Էն այսպես կոչված Սաշիկի արագաչափերը, որ Նիկոլը խոստանում էր հանել, հիմա ասում են՝ ի՞նչ հանել․ թե էն ժամանակ մասնավոր էր, հիմա պետական դարձավ, ու պետությունն է տուգանելու ժողովրդին․ բա լավ չի՞։ Էն կարմիր գծերն էլ, որ խոստանում էր հանել, որոշել են հանելու փոխարեն սարքել եռագույն՝ ծառայողականներին առանձին, վարորդներին առանձին, հաշմանդամություն ունեցողներին առանձին, որ հենց շփոթվեք սխալ կանգնեք, մի հատ էլ դրա համար տուգանեն։ Տեսեք ինչ հավես բարեփոխումներ են արվում մեր երկրում։
Մեծ բրիտանիայում 6 շաբաթում հասկացան, որ սխալ մարդու են վարչապետ ընտրել, համեմատում ես մեզ հետ, ու ապշում։ Վերջին 4-5 տարում, Փաշինյանը և իր կառավարությունը տապալել են ամեն ինչ՝ նախընտրական խոստումները, տնտեսական ցուցանիշները, անվտանգությունը, մեծ-մեծ խոսալով Արցախը հանձնել են, թշնամին եկել-մտել է Հայաստան, չի գնում, սրանք էլ չեն կարողանում քշեն, բայց մնում են իշխանության, ասում են՝ չէ՛, մենք պետք է լինենք՝ շարունակելով տապալել մնացածը։ Մեզ խոստացել էր ներգաղթ, այս տարվա առաջին 8 ամսվա ընթցքում 40 հազար մարդ մեր երկրից գնացել ու չի եկել։ Նախորդ տարի էլ 70 հազար մարդ է գնացել ու չի եկել։ 70 հազարը մեր երկրի բնակչության 2,5 տոկոսն է։ Թող Մեծ Բրիտանիայում ամեն տարի երկրի բնակչության 2,5 տոկոսը արտագաղթի, տեսեք վարչապետի գլխին ինչ օյին կբերեն։
Մեծ Բրիտանիան հարուստ պետություն է, էնտեղ արտաքին պարտք չեն վերցնում, որ թոշակ տան, բարեգործական հիմնադրամի փողերը չեն տանում պարգևավճար տալիս, ժողովուրդն աղքատ չէ, հացին կակա չի ասում, թոշակից չի բողոքում, աշխատավարձից չի բողոքում․ որովհետև էնտեղ պաշտոնյան, վարչապետը ժողովրդի վարձու աշխատողն է ու որ պահին շեղվեց, չհաջողեց, հանում են դուրս։ Բրիտանիայի կառավարությունը արդյունավետությունը կորցնում էր վարչապետի պատճառով, մեզ մոտ վարչապետն ասում է՝ կառավարությունը պետք է դանդաղ աշխատի։ Առաջ ասում էր 15 րոպեում տրանսպորտի խնդիրը կլուծեմ, 4 տարի է՝ չեն լուծել, ասում էր 40 րոպեում մենաշնորհների հարցը լուծել եմ, դրանից հետո երկրում բուծեց նոր օլիգարխներ ու հիմա ասում է՝ դե պետք է դանդաղ աշխատենք։ Միայն այս խնդիրների համար քա՞նի անգամ հրաժարական կտար Բրիտանիայի վարչապետը։ Հլը պատկերացրեք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ավտոշարասյունն այնքան արագ գնար, որ ում հանդիպեր՝ տակը գցեր, էն էլ՝ զեբրայի վրա, ոչ միայն հրաժարական կտար, կուղարկեին ուղղիչ աշխատանքային գաղութ, իր կուսակցությունն էլ կդատապարտեր, կհեռացներ, կմոռանար անունն անգամ։
Ընդ որում, ժողովուրդ, ոչ թե ժողովուրդը, քաղաքացին կպահանջեր հրաժարական, չէին սպասի այդ պահանջին, իշխող թիմի ներսից կպարտադրեին վարչապետի հրաժարականը՝ հանուն պետության և հանուն կուսակցության։ Լիզ Թրասից ժողովուրդը չհասցրեց հրաժարական պահանջել, հենց թիմի ներսում պարտադրեցին։ Այնտեղ՝ Բրիտանիայում, բողոքի ցույցեր չեղան, քաղաքացիները փողոց դուրս չեկան, 40 օր առաջ ընտրված վարչապետին հեռացրեցին իր ղեկավարած կուսակցության ներսից, հորդորեցին հրաժարական տա, ասացին՝ դու գցում ես և՛ պետության, և՛ «Պահպանողական» կուսակցության հեղինակությունը քո ձախողումներով։ Շատ արագ, ընդամենը մեկ ամիս անց «զոհեցին» իրենք իրենց կուսակցության առաջնորդին, գործող վարչապետին, բայց պահեցին կուսակցությունը, պահեցին թե՛ իշխանությունը, թե՛ պետությունը։ Անգլիսյի նախորդ վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարականը մի ամիս ուշացրեց, իր կառավարության 53 պաշտոնյա հրաժարական տվեց, որից 6-ը՝ նախարար․ հրաժարական տվեցին, ասացին՝ էս մարդը վստահությունը կորցրել է, ու նրա հետ աշխատելով՝ ընկնում է մեր ու մեր կուսակցության հեղինակությունը։ Որովհետև իրենք պետք է էլի մասնակցեին ընտրությունների, էլի ստանային ժողովրդի աջակցությունը, իսկ Ջոնսոնը հեղինակությունը գցում էր, առանց Ջոնսոնի ու Թրասի իրենք կտանեին այդ ձայները։ Իհարկե, Ջոհնսոնը ևս իր հերթին, չվերացավ, հնարավոր է դարձյալ ընտրեն վարչապետ, որովհետև տեղը թողել է, այսպես ասած։
Հլը մի հատ ՔՊ-ականի բացատրեք, թե ինչ է կուսակցության հեղինակությունը։ Չեք կարող, որովհետև էդ կուսակցության հեղինակությունը առանց Նիկոլի, ձայն չունի, ու բոլորը դրա հետ հաշտ են։ ԱԺ նախագահը՝ առաջնային մանդատով ընտրված անկախ մարմնի ղեկավարը, ասում է՝ առանց Նիկոլի չեմ պատկերացնում իմ քաղաքական գոյությունը։ Դե ոչմեկ չի էլ վիճում Ալենի հետ, իհարկե՝ այդպես էլ կա։ Փաշինյանը այդ բոլոր խոստումները տապալում է, երկիրը մաս-մաս հանձնում է, ասում են՝ վաճառում է, նախարարներից ոչ մեկ չի պահանջում հրաժարական, այլ մնում է կողքին ու մեղքի բաժինը վերցնում իր վրա։ Այ դրա համար էլ Անգլիայի Պահպանողական կուսակցությունը գործում է 1834 թվականից, շուտով 200-ամյակն է նշելու, լիքը ղեկավարներ է փոխել, իսկ ՔՊ-ն, որ ստեղծվել է ընդամենը 7 տարի առաջ՝ Նիկոլի կողմից, իր հետ էլ մոռացվելու է։
Կրկնում եմ՝ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը մեծամասամբ ապրում է ապահովության մեջ, շատ երկրներից հարուստները ձգտում են այնտեղ բնակվել, իրենց երեխաներին ուղարկել այնտեղ սովորելու, որովհետև էնտեղ վարչապետը ոչ թե եսիմում փրկիչն է, այլ՝ ժողովրդի կողմից նշանակված աշխատող, որ վատ աշխատի՝ կհեռացվի, կգա ավելի արդյունավետը։ Ու առաջինը հենց իր կուսակցությունը դա կնախաձեռնի, կհանի։ Դե բայց մենակ կուսակցությունը չէ, այնտեղ ժողովուրդն էլ է իրեն արժանապատիվ պահում, չի ասում՝ թող թուրքը մտնի Լոնդոն, մենակ Լիզ Թրասը չգնա, թող հացը դառնա 100 ֆունտ, մենակ թե մեր Լիզը լինի, չգնա։ Նրանք հասկանում են, որ հանուն իրենց արժանապատվության, թեկուզ լավ ապրելու համար պետք լինի՝ մեկ տարում 4 վարչապետ էլ կփոխեն։ Ո՞վ ուզում է լինի, Լիզ Թրասը չլինի, ուզում է՝ Չերչիլը լինի, պետք լինի՝ կգնա։ Անգամ հարցը չի հասնի, որ բրիտանական ինչ-որ փողոցային շարժում սկսի, կուսակցությունը կորոշի, կհանի, կփոխի։
Որովհետև, կրկնում եմ, վարչապետը էնտեղ աշխատող է, ոչ թե տեր։ Պատկերացրեք՝ ձեր մեքենան տանում եք վերանորոգելու․ եթե վարպետը վատն է, վերանորոգելու փոխարեն փչացնում է, ոչ միայն իր մոտ այլևս չեք տանի, հլը մի հատ էլ փոխհատուցում կպահանջեք։ Վարչապետը այդ խադավիկն է, վարչապետը այն ատամնաբույժն է, որի մոտ գնացել եք ատամ սարքելու ու եթե վատ է անում իր գործը՝ հա՛մ չեք վճարում, հա՛մ էլ փոխում եք նրան։ Կառավարությունը քո կողմից ընտրված մարդիկ են, որոնք եթե լավ չեն անում իրենց աշխատանքը, պետք է հեռացվեն։ Այդ տեսանկյունից են շարժվում Մեծ Բրիտանիայի թե՛ կառավարությունը, թե՛ ժողովուրդը, թե՛ վարչապետն անձամբ։ Ո՞վ է ժխտում, որ Մեծ Բրիտանիայի բոլոր վարչապետերը շատ ավելի ինտելեկտուալ են, լավն են, քան Հայաստանի առնվազն այսօրվանը, բայց բացի ինտելեկտ ունենալուց, նաև այդքան արժանապատվություն ու պատասխանատվություն ունեն, որ ձախողելուց հետո հեռացվեն հենց իրենց ընկերների կողմից։ Ու հավատացեք՝ իրարից չեն նեղանում, մնում են իրենց կուսակցության հետ, շարունակում են աշխատել՝ արդեն այլ գործառույթներ ստանձնելով։
Կարճ ասած՝ այ դրա համար էլ բրիտանացին լավ է ապրում, մենք՝ վատ, որովհետև էնտեղ մի տնտեսական անարդյունավետ փոփոխության պատճառով վարչապետ է հրաժարական տալիս, իսկ մեզ մոտ պետության կեսը հանձնում են, բայց մնում են։ Նենց են մնում, որ հետո վերանան, անուններն էլ ամոթ լինի տալը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը