Երեկ երկար լռությունը խախտեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ տալով, իմ գնահատմամբ, իր կյանքի ամենավատ հարցազրույցը։ Հարցերի կեսին չպատասխանեց, ասաց չգիտեմ, նույն բանը էլ քննադատությանը չդիմացող օրինակներով, էլ անեկդոտներով փորձում էր արդարացնել․ տպավորություն էր, որ գնացել է Հ1՝ արձագանքելու իմ հոդվածին ու իրականում հաստատեց այն։
Հանրային մեծ պահանջ կար՝ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպման վերաբերյալ։ Օրերս տեղի ունեցավ այդ հանդիպումը, սակայն այդպես էլ կոնկրետ արդյունք չհրապարակվեց։ Այլ ընդամենը փոքր ինֆորմացիաներ ու վերլուծություններ եղան։ Ինչո՞ւ Հ1-ը որոշեց հանդիպման 6 հոգանոց կազմից հրավիրել հենց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ միակ տարբերվող տեսակետը ի՞նքն է ունեցել։ Երևի՝ այո։ Մեկ հարցել է առաջանում, իսկ Հ1-ը որտեղի՞ց իմացավ, որ տարբերվող տեսակետը հենց իրենն է եղել, չեմ կարծում թե տեղեկությունը իմ հոդվածից են իմացել։ Ինչևէ։ Ես, իմ անդրադարձում նշել էի, որ ըստ երևույթին, տարբեր խոսակցությունների և կիսատ ինֆորմացիաների ուրվագծվում է, որ մասնակիցներից մեկը հակառակ առաջարկ է արել, մնացած բոլորին առաջարկել է օգնել Նիկոլին Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրելու հարցում, հետը լինել։ Այդքանը։ Մի փոքր էլ, իմ կարծիքով, ուրվագծել էի, սակայն անուն չէի նշել, քանի որ վստահ չէի, ընդամենը ենթադրել էի, թե ո՞ւմ դիրքորոշմանն է նման։ Երևի հրավիրել էին հերքելու, նա, սակայն, հաստատեց։
Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ինքը պարզաբանեց հենց սկզբում գրպանց հանել-դրել է իր առաջարկը, որով կոչ է անում համախմբվել և կառուցողական երկխոսություն սկսել իշխանության հետ։ Ինքն էլ նշում է, որ մնացածը անակնկալի են եկել իր առաջարկից։ Մարդիկ հավաքվել են ժողովրդի պահանջով՝ Նիկոլից ազատվելու հարց քննարկելու, էս մարդը գնում-ասում է եկեք համախմբվենք Նիկոլի շուրջ, որ ստորագրի այն, ինչը կոչվում է կապիտուլյացիա։
Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին անվանում է ազգակործան պատուհաս, ասում է՝ երկրի մի կեսը կործանել է, հեսա մյուս կեսն էլ կկործանի։ Ու էս մարդը հիմա էլ ասում է՝ եկեք համախմբվենք Նիկոլի շուրջ թող ստորագրի։ Չգիտեմ ինչ է ստորագրելու, բայց թող ստորագրի։ Տարօրինակ հայտարարություն մի մարդու կողմից, որին Նիկոլն իր հերթին անվանում էր մեծ խառնակիչ։ Չգիտեմ ինչ է ստորագրելու, բայց եկեք սատարենք։ Կամ էլ գուցե գիտի՞ ինչ է ստորագրելու։
Տեսեք, Փաշինյանը մենակ է մնացել, դա փաստ է. Իսկ գուցե Ալիևը համաձայն չէ ստանալ կապիտուլյացիոն փաստաթուղթ, որտեղ հայկական կողմից ընդամենը մեկ, փաստացի` ոչ լեգիտիմ մարդու համաձայնություն է։ Չէ՞ որ, Ալիևն ասել է՝ Նիկոլն ո՞վ ա, ես էս պատերազմում հաղթել եմ Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, դրա համար ինձ պետք է, որ նրանք բոլորը համաձայնեն կապիտուլյացիային։ Վաղը-մյուս օրը կարող է Նիկոլը փախչի, չգիտեմ՝ ինքնասպան լինի և այլն, որ ինձնանից հայերը էլ պահանջներ չունենան, ես զրոյից չսկսեմ։ Կարող է պատահել, շատ նման է։ Հիմա ի՞նչ, կասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստացի, ստանձնել է Ալիևի պահանջը նախկին նախագահներին ու կաթողիկոսին փոխանցելու հանձնառությո՞ւնը։
Հնարավոր է, այդ պահանջը ձևավորվել է, քանի որ, ընդդիմությունը, Դիմադրություն շարժումը, ասում էին չէ՞՝ Աշխա՛րհ, թուրքե՛ր, ադրբեջանցինե՛ր, իմացե՛ք, հայությունը դեմ է այդ պայմանավորվածություններին, փաստաթղթին, Նիկոլը գործում է միանձնյա, և նրա հետ որևէ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն, որևէ որոշում առ ոչինչ է լինելու նրան հեռացնելուց հետո։ Այնպես որ, կարծում եմ, մի ծուղակում էլ Ալիևն է, մի կողմից կա Նիկոլ, որը ամեն բանի պատրաստ է, մյուս կողմից դա այն Նիկոլն է, որը իսկի Եռաբլուր ծաղիկ դնելու չի կարողանում գնա, ոչ մեկ իրեն չի ընդունում, հետևաբար՝ իր ստորագրածը լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ ունի։
Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է։ Պատերազմից անցել է երկու տարի, դեռ ունենք գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, չբուժվող վիրավորներ, չամոքվող վիշտ։ Պատերազմից երկու տարի անց ունենք Փաշինյանի խոսքերը՝ կարող էինք պատերազմը կանխել, բայց չէինք ունենա զոհեր, կարող էինք կանխել, բայց մեզ կասեին դավաճան։ Եվ ունենք հայտարարություններ, որ հնարավոր էր կանխել՝ առանց այս տարածքային կորուստների։ Ունենք Փաշինյանի հայտարարությունը, որն արել է պատերազմից երկու օր առաջ՝ կարող եմ այնպիսի բան ասել, որ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա։ Փաշինյանը հանձնեց Արցախը, հետո կնքեց կապիտուլյացիա, հետո տեղի ունեցան 2021թ․ մայիսի 12-ի իրադարձություններ, երբ թշնամին 40 կիլոմետր խորացավ ՀՀ տարածք, դրանից հետո մի քանի սադրանքներ արվեցին և զոհվեցին հայ զինծառայողներ, դատարկվեցին Լաչինի միջանցքը, գյուղերը հանձնվեցին, տեղի ունեցավ սեպտեմբերի 13, ունենցանք 200-ից ավելի զոհ, գերիներ, անհետ կորածներ, ևս 10 կիլոմետր թշնամին խորացավ Հայաստանի տարածքի մեջ։ Ջերմուկ քաղաքը հայտնվեց ռմբակոծության տակ, Հայաստանի սահմանամերձ շրջաններից փախստական դարձավ 7600 մարդ։ Հիմա մեզ Արբեջանը պարտադրում է նոր կապիտուլյացիա ու սպառնում է նոր պատերազմով, բայց մինչև հիմա էս մարդը դեռ չի հրապարակել այն ինֆորմացիան, որով պետք է Ադրբեջանի ներքաղաքական վիճակը «հուսահատորեն ապակայունացներ»։
Հիշեցի՞ք։ Ու Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ եկեք օգենք այս մարդուն, ավելի վատ է լինելու։
Կարճ ասած՝ Ես մի բանում վստահ եմ․ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հնարավոր էր շատ բան փոխել, խելքի չեկանք, 2021թ․ հունիսի ընտրություններով էլ հնարավոր էր կանխել շատ կորուստներ, էլի խելքի չեկանք։ Եվս որոշ ժամանակ Նիկոլին շանս տալով այլևս ոչինչ փրկել հնարավոր չի լինի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը