12 09 2023

«Կարճ ասած»․ Փաշինյանի ինքնահարցազրույցը



Երեկ հարցազրույց տվեց Նիկոլ Փաշինյանը։ Իր համար, կարծում եմ, շատ ավելի կոմֆորտային է հարցազրույցի այդ տարբերակը, մանավանդ որ հեռուստատեսությունը քո ենթակայության տակ է, լրագրողը նույնպես, նախապես լիքը պատրաստվելու, ծանոթանալու հնարավորություն ունես, չեն կարող տրվել հարցեր, որոնք քեզ հունից կհանեն, ինչպես և եղավ վերջին ասուլիսների ժամանակ։ Ես իրականում նախանձում եմ նրանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ չլսել Փաշինյանին, անկեղծ եմ ասում, գերագույն ջանք է պահանջում լսելը։ Թե՛ ձայնն է նյարդայնացնող, ու դա մենակ ինձ չի վերաբերում, քաղաքացիներից շատերն են ասում, թե՛ այն, որ ստեր է ասում ու դեմքին արձագանքելու հնարավորություն չունես։

Կա կրուտիտի տեսակ, որը շատ բարդ է, եթե դիմացինդ խելացի մարդ է ու դժվար է պարզունակ ֆինտերով համոզելը։ Նիկոլը երեկ մարդկանց էլի դնում էր հայտնի կենդանու տեղը։ Ըստ որում, դա անում է, ոչ միայն հայերի նկատմամբ, նաև այլազգիների։ Ասում ա՝ չկա հակառուսականություն, ուղղակի բոլոր վատ բաները համընկնում են։

Սեպտեմբերի 9-ին, երբ իրավիճակը ծայրահեղ լարված էր սահմանին, Փաշինյանը 5 զանգ կատարեց՝ Ֆրանսիայի նախագահին, Գերմանիայի կանցլերին, Իրանի նախագահին, Վրաստանի վարչապետին, ԱՄՆ պետքարտուղարին։ Բոլոր զանգերի իմաստը մեկ նախադասություն էր՝ ես պատրաստ եմ հրատապ քննարկում ունենալ Ալիևի հետ։ Ալիևին չէր զանգել, աջ ու ձախ էր զանգել, որ երևի մամուլի հաղորդագրություններից Ալիևն էլ իմանա․ ինչո՞ւ չէր զանգել ռուսներին․ կարծում եմ՝ երեսատեղ չի թողել, իտալական մամուլում վերջին հարցազրույցից հետո, Ալենի աքլորանալուց ու էնտեղի արձագանքից հետո ո՞նց զանգի Եվ քանի որ երես չունի, զանգում է 5 երկիր ու նույն տեքստն ասում՝ պատրաստ եմ Ալիևի հետ քննարկեմ։ Այսինքն՝ ասում է այն, ինչ միակն է, որ ասում է արդեն 3 տարի․ զիջման է պատրաստ։ Միայն դա։ Ուրիշ բան, մեսիջ չուներ ասելու այդ խոշոր երկրների ղեկավարներին։

Ասում ա՝ իմ կինը գնացել ա Ուկրաինա, սգացել ա ռուսական հարձակման հետևանքով զոհերի համար, Զելենսկիին ա փաթաթվել, օգնություն ա տարել, բայց դա պետք չէ քաղաքականացնել։ Ամերիկայի հետ զորավարժություններ նախկիններն էլ են արել, Հռոմի ստատուտն էլ շուտ են ստորագրել, դա էլ մի քաղաքականացրեք։ Բա ինչու՞ եմ ասում, մեզ դնում ա, կենդանու տեղ․ այդ երեքն էլ, վերից վար, զուտ ու մենակ քաղաքական գործողություններ են, թե՛ Հռոմի ստատուտ վավերացնելը, թե՛ Ուկրաինա գնալը քո բարեկամի հետ պատերազմելու ընթացքում, թե՛ ամերիկացիքի հետ զորավարժության շոու անելը, միմիայն քաղաքական։ Ու էդտեղ սկսում է իր մանիպուլյատիվ ֆռիկները։ Նախ իբր պատասխանում է այն հարցին, որ ռուսները սա դիտարկում են, որպես հակառուսական դեմարշեր, հետն էլ կպցնում թե՝ այդ ամենը մի դիտարկեք, թե մենք հակառուսականություն ենք խաղում, դրա համար սահմանում լարվածություն ա սկսում, դրանք կապ չունեն, հենա 2020 թվականին սենց բաներ չէինք արել, բա ինչի՞ պատերազմ եղավ։ Հասկացանք չէ՞։ Մի հատ էլ ասեմ․ նախ, անում են այն, ինչ անում են արդեն կուտակումների ֆոնին, հետո սկսում են տարածել, թե տեսա՞ք, գնացինք Ուկրաինա, Հռոմի ստատուտ, ամերիկացիքի հետ զորավարժություն ու իբր հանկարծ, ու իբր ռուսների պասով սկսեց սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումներ, հետո սպիտակ ձեռնոցներով, նստում իր սիրած հաղորդավարին, «համոզում» որ, չէ՛, է՛, ի՞նչ եք ասում, դա կապ չունի իրար հետ։

Ռուսներն ասում են՝ մեր վզին մի փաթաթեք Լաչինի միջանցքի փակումը․ պատճառն այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլը, ափալ-թափալ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Սա ասում ա՝ դե որ չէի ճանաչել Ադրբեջանի մաս, էն ժամանակ էլ կրակոցներ կային, ապրիլյան պատերազմ կար։ Սա նույն հարթության վրա է դնում, անտրամաբանական պարտությունը, հանձնումները, կապիտուլյացիան ու դրանից առաջ եղած կրակոցները։ Միշտ էլ կրակել են, բայց Շուշիում ու Հադրութում չայ չեն խմել։ Երեկ արդեն տարել են Ֆիզուլին բնակեցնելու, ի՞նչը ինչի հետ համեմատենք։ Բայց շեշտեմ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունում է, որ պատերազմն իր սխալ հայտարարությունների պատճառով էր․ ու այդ մասին երեկ ասաց վերջապես։

Զավեշտը Ալմաթիի հռչակագրին վերաբերող մասն էր․ նախ դա համարեց ԱՊՀ երկրների անկախության թուղթը, ինչը աբսուրդ է ուղղակի։ Հետո արդարացնելու համար Արցախի հանձնումը, ասում է, թե Ալմաթիի հռչակագիրը 1991 թվականից կա։ Մինչև էս Ալմաթիի մուտլիովկեքը, ասում էիր վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան է, մեռան ասելով դա կապ չունի պետական սահմանների հետ․ դա չկպավ, անցավ այդ հռչակագրի՞ն։ Բա հարց է առաջանում, եթե էդ հռչակագիրը օրակարգային էր, 25 տարի, ինչի՞ ոչմեկս դրանից խաբար չէինք, դիվանագետները, նեղ մասնագետները միգուցե, ես որ առաջին անգամ Նիկոլից եմ լսել, որ տենց թուղթ ա եղել, հետո իմացա, որ Ադրբեջանն է ժամանակ առ ժամանակ, մեյդան բերել, դեմքին խնդացել են, անցել-գնացել է։ Հիմա հերիք չէ սաղ իրենց ուզածները առաջ բերած, դրոշակ սարքած, առաջ ա տանում, դեռ մի բան էլ, ինչ-որ համեմատություններ անում։ Ասեք էլի, ինձ, սա ո՞նց կարող է առհասարակ հայ լինել և գալով իշխանության հայկական պետությունում՝ առաջ տանի հենց այն, ինչ տասնամյակներ չի կարողացել անել թշնամին։ Դա եղել է անտրամաբանական, որովհետև, այդ Ալմաթիի հռչակագիրը պարունակել է Արցախի ու նրա կարգավիճակի հետ կապված վերապահումներ, հետևաբար կապ չի ունեցել Արցախի կարգավիճակի որոշման հետ, ճիշտ հակառակը․ նշանակել է, որ բաներ կան, որոնք դեռ կորոշվեն, և որոնք որոշվել էին, 92-94-ի պատերզամի և հետագայի բանակցությունների արդյունքներում։ Փաստ է․ այս՝ առնվազն վերջին 1 տարվա ընթացքում ոչ թե ադրբեջանցի՛ք, այ հենց դու ես ամեն ինչ անում, որ ապացուցես, թե Արցախն Ադրբեջան է։ Դրա համար եմ հարցնում՝ այս մարդը, հաստա՞տ հայ է, բա ո՞նց է ադրբեջանցիքից ավելի ադրբեջանցի խաղում։

Էրդողանը և Փաշինյանի հեռախոսով խոսել են, հարցնում են ի՞նչ եք խոսել, ասում է՝ չեմ ասի, բայց օգտակար էր։ Թշնամի երկրի հետ բանակցում է, ասում է՝ չեմ ասի ինչ եմ խոսել։ Մինչև պատերազմն ասում էինք Ալիևի հետ ինչ եք բանակցել, ասում էր ինչ պետք , դա էլ  բանակցում ենք, հետո ստացանք պլանավորված պատերազմ, կապիտուլյացիայի թուղթ, հիմա նույն բանը կրկնվում է։ Ի՞նչ ես խոսել Էրդողանի հետ, ինչո՞ւք երկուսդ էլ, նույն տեքսետը հրապարակում, կարող ա՞ խնդրել ես միջնորդ լինի Ադրբեջանի հետ բանակցություններում, թե՞ արդեն համ էլ ռուսների հետ հարաբերություններում։

7 ամիս առաջ հումանիտար օգնություն էիր ուղարկել Թուրքիա, կարո՞ղ ենք իմանալ ինչ արդյունք կա դրանից, հայկական շահի տեսանկյունից։ Զրո։ Հակառակը, ավելի են սրել ու սրում են, երբ իրենց պետք է։ Դու ասում ես Թուրքիայի հետ հեռախոսազրույցը դրական էր, Թուրքիայի նախագահը ճեպազրույց է տալիս ու ասում է՝ մենք կառավարության նիստում քննարկել ենք Հայաստանի սադրիչ վարքը։ Վստահ եմ, նկատի է ունեցել Հայաստանը, Արցախը, ոչ մի դեպքում Փաշինյանին․ նա նորմալ է, խելոք, ոչ մի սադրիչ բան իրեն թույլ չի տալիս։ Էրդողանը, սրանց թեթև ձեռքով մխրճվել է Ղարաբաղի հարցով բանակցությունների մեջ, առաջ կիլոմետրերով հեռու էր։ Ո՞վ էր թողնում հանկարծ մոտիկ գա։ Հիմա Էրդողանը ասում ա՝ պետք ա Նիկոլին զանգեմ ասեմ, որ սխալ է Արցախում նախագահի ընտրությունը։ Ստեղից հակադարձում չկա․ միանգամից կորում է այն աքլորությունը, որը ռուսների դեպքում է դրսևորվում։ Բայց մի հարց էլի․ Ի՞սկ, ի՞նչ է պատասխանել Նիկոլը, ասել է համաձայն ե՞մ։ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուզբեկստանը, Պակիստանը, ԱՄՆ-ն չեն ճանաչել Արցախում նախագահի ընտրությունը։ Հարցնում են՝ Նիկոլ, ինչի՞ չես շնորհավորել, ասում է՝ շնորհավորելու բան չկա, Արցախի առաջնորդին։ Առաջնորդին։ Ո՛չ, նախագահին։ Նախագահ ասում ենք մենք՝ հայերս։ Առաջնորդ, սեպարատիստների առաջնորդ, ռեժիմի առաջնորդ, էլ եսիմինչ, ասում են այլոք ու առաջին հերթին մեր թշնամիները, այդպես է փաստորեն ասում նայև Հայաստանի իշխանավորը։ Հը՞, հա՞յ է հաստատ։ Ասում է՝ ափսոսում եմ, որ Արայիկ Հարությունյանը գնաց, իրար հասկանում էինք, փոխըմբռնում կար։ Դա հաստատ։ Արայիկը Նիկոլի բոլոր մութ գործերում օգնում էր, նա Արցախում երբ ակտիվանում էին, չեզոքացնում էր, հիմա դա չի լինի, ափսոսում է։ Ասում է՝ չեմ շնորհավորում, որ միջազգային հանրությանը դեմ չգնամ ու այդ ընտրությունը չքաղաքականացնեմ։ Իբր դա հեչ, հաշիվ չէ, վերջ, չկա էլ նման բան։ Այն, ինչ տենչում էր թշնամին, այս 30 տարիների ընթացքում։

Զավեշտ էր հատկապես հաղորդման երկրորդ հատվածը։ Երկիրը ժամ-ժամի սպասում է, որ պատերազմ կսկսի, սահմանից զինվորը զանգում է տուն, ու ծնողները չեն կարողանում քնել անհանգստությունից, սա գնացել է եթեր քաղաքապետի թեկնածուների սև փիար ա անում, իրենին գովում, թե, շատ նվիրված ա եղել միշտ իրեն։ Սա մեր երկրի ոչ բարով ղեկավարն է։ Քո կաբինետի վրա ի՞նչ ա գրած, քաղաքական մեկնաբա՞ն, թե՞ Հայաստանի վարչապետ։ Բայց այստեղ էլ լեցուն էր մանիպուլյացիաներով։ Կռիվ է տալիս, թե՝ ես նախկին չեմ։ Ձեր արածների համեմատ նախկինում եղածները մանր բաներ էին։

Ասում են, որ օլիգարխները դրամահավաքին փող են բերում միլիոններով, ասում ա եկեք էդ կողմից չնայենք, նայենք՝ ընդդիմության դրամահավաքին փող բերող կա, թե չէ։ Եկեք հենց էդ կողմից նայենք․ էն, որ ֆուռերով փող են բերում․ ասում էիր չամադաններով փող են տանում Բաղրամյան 26, հիմա էլ, ստացվում ա, անձամբ բերում են քեզ, դրամահավաք ես անում, օլիգարխները ֆուռերով փող են մուծվում։ Մարդը հայտարարում ա ընդդիմության թեկնածուին աջակցելու մասին, հաջորդ օրը ջեբից պլան եք գտնում։ Ի՞նչ նախկին, արդեն չի աշխատում էլ էդ անտերը։ Չե՞ս հասկացել, որ դու արդեն վաղուց նախկին ես։

Կարճ ասած՝ թեև ընդամենը ի միջի այլոց ասված խոսք էր, սակայն ամենակարևորը Նիկոլի հարցազրույցի մեջ համարում եմ վերջին կտորը․ նայեց ժամացույցին, 11-ն էր ու հպարտորեն հայտարարեց․ ես այս ժամին վարչապետի պարտականությունները չեմ կատարում։ Նախ հետաքրքիր է՝ եթե դու երեկոյան վարչապետ չես, գիշերը ո՞վ ստորագրեց կապիտուլյացիա, քաղաքացի Փաշինյանը՞։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ