20 09 2022

«Կարճ ասած»․ Ամեն ղեկավար ստեղծում է իր բնույթին համապատասխան համակարգեր կամ քանդում



 

Ասում են անարդար է, երբ ժողովրդի մեջ փոքրամասություն է պետականամետ, հայրենասեր, կիրթ, ինտելեկտուալ մարդկանց թիվը, իսկ ավելի շատ տոկոս է կազմում դիմադրողականություն չունեցող, պետության, անկախության արժեքը չհասկացող, աղքատությունը Աստված սարգած, ֆեյքերին հավատացող, թույլ ժողովուրդը, ու այդպիսով ղեկավար դառնա ոչ թե մեծամասնության, այլ փոքրամասնության ներկայացուցիչը։ Մեղք է նախագահ ընտրել մեկին, որը ձգտում է աշխատանքով բարեկեցություն ստեղծել, եթե թամբալ են մարդիկ, ու ձգտում են ճորտ լինել։ Եթե թույլ հասարակությունն է գերակշռում, պետք է լինի թույլին արտահայտող ղեկավար։ Սա մի տեսակետն է։ Մյուս տեսակետն այն է, որ ոչ թե ժողովրդի մեծամասնությունն է այդպիսին, այլ ամեն ղեկավար ստեղծում է իր բնույթի իշխանություն-կառավարություն, ստեղծում է իր համակարգերը և ժողովրդի մեջ արթնացնում է իր տեսակին, մյուսին ճնշում է։

Ասում են՝ նախկինում էսքան ցածր մտածողության տեր մարդիկ չկային, էս ո՞նց առաջացան։ Չէ, ժողովուրդ, միշտ էլ կային, ուղղակի էն ժամանակ մարդկանց մեծամասնության մեջ ավելի արթուն էր այն գիծը, որը բնորոշ էր ղեկավարին։ Աղքատ, թշվառ կամ փնթի լինելն ամոթ էր, մարդիկ աշխատում էին այդպիսին չլինեին կամ գոնե ցույց չէին տալիս։ Այսօր կարծես այլ է, հակառակն է։

Վաղը մեր երկիրը զուսպ կտոնի իր անկախության 31 տարեկանը, այս 31 տարվա մեջ մենք ունեցել ենք, տարբեր ղեկավարներ, իրարից բավականին տարբեր, որոշ բաներ նման էին, որոշ բաներ ծայրահեղ տարբեր, քչից շատից լավնել է եղել, վատն էլ, բայց ոչինչ հաստատ հեշտ չի եղել։ Ժամանակները տարբեր էին, ղեկավարները նույնպես, մարդիկ էլ, կարծես, համապատասխանում էին ժամանակներին։ Մեր անկախ պատմությունից բերեմ երկուսի՝ ծայրահեղ տարբեր օրինակները, համեմատենք, տեսեք։

Ռոբերտ Քոչարյանի օրոք, օրինակ, երևում էր մարդու չվախեցող տեսակը, քաջ տեսակը, կառուցող տեսակը։

Այսօր հրապարակվեց երկրորդ նախագահի՝ քաղաքացիների հետ հանդիպումից մի կտոր, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ մեկ տարի առաջ, այս իշխանությունը ժողովրդի մեջ վախ էր մտցրել, որ ահա կգա Քոչարյանը, որը հաղթած է և կփորձի վերականգնել ժողովրդի արժանապատվությունը, որը ոտնահարվել էր կապիտուլյացիայի արդյունքում, ու դա կբերի նոր պատերազմի։ Վախը մարդկանց դրդեց մեկ տարի առաջ սխալ ընտրություն կատարելու։ Ինչո՞ւ դրդեց, որովհետև վերջին առնվազն 4 տարիներին ժողովրդին մղել էին անարժանապատիվ խաղաղության։ Քոչարյանն ասում է՝ վախը ամենից հզոր բնազնդն է և երեք տարբերակ կա հարձակումից վախի դեպքում՝ պայքարել քո կյանքի համար, փախչել, ենթարկվել կամ ձևանալ մահացած։ Իր ղեկավարման տարիներին քո մեջ արթնացվել է առաջին գիծը՝ պայքարը․ հաղթող, ուժեղ տեսակ է եղել ժողովրդի մեջ, մենք հպարտ էինք, որ հայ ենք, որ հաղթանակած էինք պատերազմում, հող էինք ազատագրել, հարյուրամյակներ անց, փառահեղ պատմության ականատեսներ էինք։ Էդպիսին եղել է զինվորը, էդպիսին եղել է գեներալը սահմանին, էդպիսին եղել է քաղաքացին առօրյա կյանքում ու ունեցել ես աճ ու հաջողություններ։ Դու քո տանը հանգիստ ես եղել, որովհետև քո սահմանը պահել են։ Երկիրը զարգացավ, առաջընթաց գրանցեց Ռոբերտ Քոչարյան առաջնորդի տեսակի ու բնավորության գծով։ Էդ գծով պետական համակարգերը հիմնվեցին, կառուցվեցին ենթակառուցվածքներ, զարգացան ինստիտուտներ։

Անցավ 10 տարի, Նիկոլ Փաշինյանը եկավ ու արդեն իր տեսակին համահունչ տարավ երկիրը, իր բնավորության գծով ու ժողովրդի մեջ արթնացրեց էդ տեսակը, այն է՝ ագրեսիային արձագանքել ստելով, ֆռացնելով, փախչելով, վերջում՝ հանձնելով։ Սա հիմնականներն եմ ասում, մնացածը ինձանից լավ գիտեք։ Ասեմ, դրա հիմքը դրվեց ու զարգացվեց, դեռ մինչ 44-յա պատերազմը։ Կամաց-կամաց զրոյացվեց այն իսկսկան հաջողություններն ու հերոսական էջերը, այդ ամենը պախարակվեց ու փոխարինվեց կեղծ արժեքներով, լոպազությամբ, որոնք այլ բան էին խոստանում։ Հետո եկավ պատերազմը։ Փախչող, վախկոտ տեսակը զարգացրեց, չեմ կարողանում թուրքերի դեմն առնեմ, եթե չեմ կարող, ուրեմն պայքարելու տնազ անեմ, որ չասեն դավաճան, հետո կհնազանդվեմ, կհանձնեմ, մի սուտ կհորինեմ, կգցեմ այլոց վրա։ Անարժանապատիվ խաղաղություն, որի գինը Արցախն է Ադրբեջանում, Հայաստանից հարյուրավոր կիլոմետրերով միջանցքն է, երկիրը բաժանվել է մի քանի մասի։ Քոչարյանի ժամանակ կազմակերպված, թուրքից չվախեցող տեսակն էր արթուն մարդու մեջ, ժողովուրդը չէր վախենում։ Հիմա ասում ես թուրք, սաղ ասում են ու՞ր ա, ժողովրդի մեջ դող ա ընկած։

Էն ժամանակ իշխանությունը կանգնած էր ոտքի վրա, չէր փախչում, պայքարում էր, իսկ իրական պայքարողին օգնում էին՝ թ՛ե զենքով, թե՛ դիվանագիտական ճակատում։ Իսկ մեր հույսը չէինք դնում այլոց վրա։ Հիմա ասում են՝ մենք նստենք, ռուսը պաշտպանի, ռուսը չեղավ՝ Ֆրանսիան պաշտպանի, ԱՄՆ-ն պաշտպանի։ Դիմադրողականությունը կորցրած հասարակություն։ Քոչարյանի օրոք աշխատում էին պետական կառույցները, սրանց օրոք պետական կառույցներին փոխեցին այսպես ասած՝ ժողովրդով՝ դուք ոնց ասեք նենց կանենք, կհավաքվենք հրապարակում կորոշենք և այլն, ու ոչինչ չեն անում։ Էն ժամանակ աշխատում էին ոստիկանություն, ԱԱԾ-ն, հիմա նրանք սատանա են բռնում, ու նրանց աշխատելու փոխարեն զարգացրել են գործ տալու ինստիտուտը։ Դա ունի անանուն զանգեր անունը։ Դուք գիտե՞ք մեր երկրում 2018 թվականից ի վեր սուտ մատնության մեղադրանքով քանի գործ կա։ Ասում էին համայնքապետին ուզումենք փոխենք, վրան բան չենք գտնում, թող մեկդ անանուն զանգ թողնի, թե՝ թալանել ա, մտնենք դադարեցնենք լիազորությունները, մեր մարդուն նշանակենք։ Իշխանությունը իր նման է սարքում ժողովրդին՝ գործ տվող, բանսարկու։ Առնվազն հարյուր դեպք գիտենք, երբ պետության ղեկավարը ստել է՝ ԱԺ ամբիոնից, կառավարության նիստում, գրառումներում, թռել է խոսքից։ Ուրեմն դա է ժողովրդի համար ցուցիչ։ Մարդիկ այդպես են դառնում։

Գնացեք բերեք Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոսումների ցանկը ու տեսեք ինչ է արել։ Ոչինչ։ Դրա համար էլ, խոտացող խոսքից թռնող տեսակն է զարգացել։

Ասում են՝ բա անտարբեր ժողովրդին պայքարող իշխանություն պե՞տք է։ Բայց եթե պայքարող, բանիմաց, գործունյա իշխանություն ունենաս, անտարբեր ժողովուրդ չի լինի, դա վարակիչ է։ Եղե՞լ է ժամանակ, որ ունենաս մենակ փորի մասին մտածող ժողովուրդ, չի եղել, կամ եղել է, բայց ամոթ էր այդպիսին լինելը։ Իսկ հիմա էդպես է։ Նորմալ է։ Ինչի՞։ Որովհետև եթե հիշում եք՝ հենց որևէ միջոցառման էր գնում Փաշինյանը, նախապես սեղան էին փռում, որովհետև էս մարդը միայն ախորժակով ուտում-խմում էր, ուրիշ ոչինչ այդպես հավեսով չարեց։ 

Ինչո՞ւ մինչ Նիկոլի գալը դու չէիր իմանում դասալիք գեներալների, դասալիք զինվորների մասին, էլ չասեմ ինչ-որ դավաճանների մասին։ Որովհետև երկրի ղեկավարությունը պատերազմ անցած էր։ Հիմա ունես դասալիք զինվոր, որովհետև ունես բանակից փախած ղեկավարություն ու պաշտոնյաներ։ Փախչող տեսակն են զարգացնում։

Մեր լավ հոգեբաններից մեկն օրերս ասում էր՝ մարդիկ փորձում են նմանվել այդ պահի իշխանություններին, ու հենց դրանով էլ բացատրվում է այն, որ մեր երկրում հանցագործությունների թիվը կտրուկ աճել է։ Ինչի՞ առաջ էս կարգի ֆեյք լուրեր չկային, ինտեռնետ չկա՞ր։ Որովհետև կար սթափ դատողություն, որ Քոչարյանը Էրդողանի նամակին դիպուկ պատասխան էր տալիս, մի հատ էլ ֆեյք էջ կամ կայք չէր պահում, որ գրեր՝ ահա շտապ, Կարսը 10 րոպեից հետ ենք բերելու։ Սրանց օրոք որքան որ ղեկավարը սկսեց չաշխատել, այնքան սկսեցին իր փոխարեն աշխատել ֆեյքերը։

Էն ժամանակ ասում էին՝ տնտեսությունը կարող է զարգանալ նաև փակ սահմանով, ու զարգացավ, հիմա ասում են քանի թուրքը չի եկել մեզ հետ առևտուր անի, չի զարգանա։ Դուք հիշո՞ւմ եք մի անգամ ասած լինեն տնտեսությունը չի աճի, քանի ԱԺ ընտրություն չի եղել։ Աբսուրդ էր, կխնդային վրան։ Սրանք չէին աշխատում ու ասում էին՝ չենք զարգանա, քանի ընտրություն չի եղել, ՍԴ չի փոխվել, քաղաքապետի ընտրություն չի եղել։ Պատճառներ, պայմաններ ու վերջ։

Բողոքում էինք, դժգում էինք, բայց հիմիկվա համեմատ, էն ժամանակ այնքան ժամացույցի պես էին աշխատում հիմնարկները, դիվանագիտությունը, որ մարդիկ դա չէին էլ զգում։ Փայլուն հարաբերություններ էին Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Արևմուտքի հետ։  Հիմա սրանք ասում ենъ պտի հրաժարվենք Ռուսաստանից, ընդունենք ԱՄՆ-ին, ՀԱՊԿ-ից դուրս գանք մտնենք ՆԱՏՕ, ԵՏՄ-ից հելնենք, մտնենք եսիմուր, որովհետև գործ անելու փոխարեն, փրկիչ են ման գալիս, խառնվել է սաղ իրար։

2017 թվականին Նիկոլն ասում էր՝ պետք է իշխանությունը պատասխան տա ամեն զինվորի կյանքի համար։ Պետք 1 ասի, թե ինչ է անում հակառակորդի սադրանքները կանխելու համար, պետք է այդ սադրանքները բացառվեն։ էն ժամանակ ինքը պատասխան տվող չէր և սահմանում մեկ զոհը իր ընտանեկան թերթում շահարկում էր։ Հիմա վարի են տվել 5 հազար կյանք, այսօր արդեն խոսում են վերջին օրերին 200 զոհի մասին, բայց պատասխան չի տալիս։ Անգամ անուններ չեն տալիս։

Կառուցողն ու քանդողը նայեք հենց աղետի գոտուց, նախկին 20 տարում սարքել են աղետի գոտու 90 տոկոսը, վերջին 4 տարում, ինչպես ճիշտ ասել են, մի փայտե զուգարան անգամ չի սարքել։ Նախկինում աշխատում էին, հիմա չաշխատելու պատճառներ են հորինում, մեղավորներ մտածում, նշանակում։

Աշխատող ղեկավարը երկիրը կդարձնի գնային կայունության ժամանակաշրջան, տնտեսական թռիչք կբերի կդարձնի Կովկասյան վագր։ Չաշխատող ղեկավարը՝ այդ մասին ուղղակի թվեր կկարդա։ Աշխատող ղեկավարը ժամացույցի պես կաշխատացնի, չաշխատողը պարգևավճար կտա, որ ձայն չհանեն, չբողոքեն իրենից։ 

Մի քանի հատ օրենք են ընդունել, որով տարբեր պաշտոններում՝ սկսած գյուղապետից, բարձրագույն կրթության պահանջը հանել են, կրթական ցենզն են իջեցրել։ Ինչո՞ւ։ Որովհետև երկրի վարչապետը կրթություն չունի, պետք չի, հասկանու՞մ եք։ Մենք, դուք, բոլորս, ամբողջ կյանքներս ապրել ենքъ իմանալով որ եթե ուզում ենք հաջողության հասնել կյանքում, պետք է լինենք, կրթված, պարկեշտ, ճշտախոս, խոսքի տեր, աշխատասեր, հիմա նայում ենք իրենց, լրիվ այլ օրինակ են. պարզվում է` դրանք պետք չեն, սուտ բաներ են, կարելի է ստել, փախնել, խոսքից թռնել, անգրագետ ու ալարկոտ ու հասնել նրան, ինչն ասում են՝ հաջողություն։

Կրկնում եմ՝ ամեն մի լիդեր ստեղծում է իր բնույթին համապատասխան համակարգեր․ Քոչարյանը ստեղծում էր, պաշտպանում էր, իր բնույթն էր դա, Նիկոլը քանդում է․ դա էլ իր բնույթն է։ Պետությունը աշխատում էր ժամացույցի պես, հիմա բարդակ է։ Ու հարցը այն է, որ սրանք ի սկզբանե մեզ տվել են էդ ազդանշանները, որ բարդակ է լինելու։ Վարչապետի ֆեյսբուքի էջում հիշու՞մ եք, ֆոտո էին հրապարակել, որ գինի է խմել ու քնել այգում․ սա նշան չէ՞ր, որ ժողովուրդ, այ էս ա, ավել բանի մի ձգտեք։ Երբ պետության մեջ ծայրահեղ վիճակ է, բայց երկրի ղեկավարը մտնում է բունկեր, դրա համար էլ հենց պայթյուն է լինում, մարդիկ համախմբվելու փոխարեն, ասում են կարևորը ես չմեռա։ Դուք տեսե՞լ եք առաջ նման բան, որ հրապարակվի ֆոտո, թե ոնց է երկրի ղեկավարը գլուխը դրել բարձին քնել, Նիկոլի էջում դա էր հրապարակվում, դրա համար էլ բոլորիս մոտ տպավորություն է, որ էս մարդը միշտ քնած է։ Իմ աչքին առաջնորդը պետք է գիշեր-ցերեկ աշխատողի կերպարով լինի, ոչ թե քնածի։ Նիկոլը պետհիմնարկի աշխատողի պես, առավոտ 9-ին գալիս է գործի, իրիկուն 6-6։30 գնում կայֆեր։ Ասում են պատերազմ է, բայց ժողովուրդը կաֆեներում լռված է․ բա որովհետև իշխանությունը ռեստորաններում քեֆերի մեջ է, չնայած իր բերած պատերազմին։

Ամեն օր Եռաբլուրում փորվում են փոսեր։ Դեռ 44-օրյա պատերազմի դիերը թչթաղած՝ արդեն փորում են 200 նոր փոս։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև սրանք իշխանության են եկել դագաղներով։

Կարճ ասած՝ շատերն են ասում՝ Նիկոլը պետք էր մեզ, քանի որ այդքան խոսում էին թալանի մասին, ուրեմն պետք է ժողովուրդը իմանար, թե որն է իսկական թալանը, ազգուտակով գործի տեղավորվելը որն է, բացահայտ հարստանալը որն է, մարդասպանությունը որն է, մարդկանց տեղահան անելը որն է, երկրի ներսում գործակալական ցանցերը որոնք են։ Չգիտեմ, ինձ թվում է՝ մենք արժանի չէինք այս փորձությանը, մյուս կողմից էլ, քանի չենք տեսել իրական վատը, չէինք կարողանում գնահատել լավը, նորմալը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ