Այսօր Սահմանադրության օրն է։ Օրացույցում կարմիրով է նշված դեռևս, բայց տոն է այնքանով, որ մարդիկ գործի չեն գնում։ Շնորհավորելու բան կա՞։ Կարծում եմ՝ ոչ։ Հայաստանում չկա այդպիսի օրենք, որն այնքան ոտնահարված լինի, որքան Մայր օրենքը։ Թե ինչեր արեց այս իշխանությունը մեր սահմանադրության հետ ու Սահմանադրական դատարանի հետ, ուղղակի աղետ էր։ Սահմանադրական դատարանի շենքի շրջափակումը թերևս ամենաանմեղ բանն է եղել՝ մյուս քայլերի համեմատ։ Ու մարդիկ, որոնք սահմանադրության հերն անիծել են, ու մարդիկ, որ մինչ իշխանության գալը այս սահմանադրությանն ինչ ասես չեն ասել, մենք սպասում էինք, որ պետք է պաշտպանե՞ն։
Մեր երկրում սահմանադրական դատարան են քար ու քանդ արել, ապօրինի նշանակում-ազատումներ արել զուտ նրա համար, որովհետև կազմը իրենց ճաշակով չէր։ Ու որպեսզի հանրությանը համոզեն, ասում էին քանի ՍԴ կազմը չի փոխվել Հայաստանում ներդրում չի գա։ Փաստացի, այսօր ունենք ՍԴ դատավորների այնպիսի ցանկ, որի գործող ու առաջադրված անդամներից առնվազն երկուսը բացարձակ կապ չունեն այդ կառույցի հետ։ Մեկը Սեդա Սաֆարյանն է, մյուսը Վահե Գրիգորյանն է։ Մնացած անդամներին թող որոշեն իրավաբանները։ Այս երկուսը քաղաքական նշանակումներն են, իմ գնահատմամբ։ Անգամ Գագիկ Ջհանգիրյանն է ֆիքսել, որ Սահմանադրական դատարանը քանդել են։ Իսկ ինչո՞ւ, ո՞ւմ էր դա ձեռնտու։
Փաստենք, որ Հայաստանի սահմանադրության 100-ից ավելի դրույթներ չեն գործում, կոպիտ ոտնահարվել են՝ հենց առաջին հոդվածից սկսած։ Գրված է, թե Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Փայլուն է գրված։ Բայց իրականում այդպես է՞։ 2020 թվականի դեկտեմբերից, 2021թ․ մայիսի 12-ից հետո ինքնիշխա՞ն է։ Վարչապետը, արտգործնախարարն ու բոլոր պաշտոնյաներն իրենք հայտարարում են, որ ադրբեջանցիները 45 կիլոմետր ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու դուրս չեն գալիս։ Եթե Հայաստանը ինքնիշխան է, ո՞նց է Ալիևն ասում՝ ուզեք-չուզեք Զանգեզուրի միջանցք ենք բացելու և առանց մեզ հայտնելու էլ այլ պետությունների հրավիրում է շահագործել այն։
Հայաստանը ժողովրդավարական երկիր է՞։ Լո՞ւրջ։ Աշխարհում կարո՞ղ եք ցույց տալ ժողովրդավարական երկիր, որտեղ կա 30-ից ավելի քաղբանտարկյալ․ կա՞ ժողովրդավարական երկիր, որի ղեկավարը ֆեյքերով է իր փիարն անում ու էդ ֆեյքերը մյուսներին անխնա հայհոյում են։ Կամ ո՞նց կարող է պաշտոնապես շուրջ 35 տոկոս աղքատություն ունեցող երկիրը համարվի սոցիալական։ Կամ ինչպե՞ս կարող է մի պետություն կոչվել իրավական, երբ ընդունվում են հակասահմանադրական օրենքներ ու որոշումներ, ՍԴ-ն դրանք աչքաթող է անում։ Ո՞նց կարող է կոչվել իրավական պետություն, երբ դատարանները քննում են հակասահմանադրական գործեր, կալանքի են տանում հակասահմանադրական գործով, իսկ որ դատավորն էլ ասում է էստեղ խնդիր կա, նրա դեմ վարույթ են հարուցում։
Ըստ սահմանադրության՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։ Անկախ ու անաչառ դատարանի մասին խոսելն այլևս անիմաստ է առնվազն մի քանի փաստ կա։ Դատարանների հեղինակությունը զրո է։ Կան ապացույցներ, որ իրավապահ համակարգը ռուլիտ են անում վարչապետի օգնականն ու ԲԴԽ արդեն նախկին ղեկավարը իրար ձեռք բռնած, ու էդ ռուլիտ անող աղջիկը դառնում է գլխավոր դատախազ։ ԲԴԽ նախագահն էլ ասում է իր վզին դրել են, որ այսպես ու այնպես անի։ Ի՞նչ անկախ ու անաչառ դատարան կարող է լինել, երբ վարչապետը հայտարարում է կա՞ էդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի։ Ու ի՞նչ ողջամիտ ժամկետի մասին է խոսքը, երբ մարդուն կալանք են տվել, իսկ բողոքարկումը երկու ամիս չեն քննում․ նշանակում են դատական նիստ, ու էդ նիստից թռնում են դատավորն ու դատախազը։
Սահմանադրության նորմ է, որ յուրաքանչյուր ոք ունի սեփականության անձեռնմխելիության իրավունք։ Բայց փաստացի երկրի ղեկավարը մեկ ստորագրությամբ հազարավոր մարդկանց սեփականությունը հանձնել թշնամուն։
Հայաստանի սահմանադրության մեջ գրված է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մեր երկրում իշխում է թիմ, որն ունի զրոյական վարկանիշ, ժողովուրդը փողոցում հրաժարական է պահանջում, սրանք ասում են չենք գնում․ իշխանությունը ո՞նց կարող է ժողովրդին պատկանել։ Գրված է, որ ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ու արդար ընտրությունների միջոցով, բայց մարդուն ուղարկում են դատական համակարգ, որ էնպես անի, որ այդ «ազատ ընտրությունների» արդյունքում հանկարծ Քոչարյանը իշխանության չգա։
Սահմանադրության 14-րդ հոդվածում գրված է՝ «ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Էսօր ՀՀ զինված ուժերն ի՞նչն են պաշտպանում ու ի՞նչ պայմաններում են պաշտպանում։ Սահմանադրության համաձայն, իշխանության ճյուղերը պետք է հավասարակշռեն իրար, բայց փաստացի մեկ մարդ իշխում է բոլոր համակարգերը ու սահմանադրությունը, օրենքներն ու ամեն ինչ ծառայում են մեկ մարդու։
Մենք խոսում ենք սահմանադրության մասին, բայց փաստացի մեր երկրում օլիգարխը իր աշխատողներից մեկին նշանակել է տալիս ԱԺ նախագահ, մյուսին՝ ՀՀ նախագահ։ Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի աշխատողներն են։
Սահմանադրության այսպես կոչված պահապանը երկրի նախագահն է։ Պաշտոնը ստանձնելիս էս մարդիկ երդվում են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով, ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Ուզում եք ասել Վահագն Խաչատուրյանն ու Արմեն Սարգսյանը էս երդումը չեն ուրացե՞լ․ էն մեկը ոչ մի բան չէր անում, ասում էր լիազորություն չունեմ, էս մյուսն էլ լևոնական-նիկոլական է, անաչառության մասնիկ չկա մեջը։ Ընդհանրապես, էդ երդումները սուտ բաներ են։ Երկու օր առաջ իր երդումը խախտած Վահագն Խչատրյանի մոտ դատավորներ էին երդվում՝ լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր։ Լուրջ ե՞ք ասում․ կա՞ մարդ, որ հավատում է, թե դատարանները հեղինակություն ունեն։ Կառավարության անդամները, պատգամավորները երդվում են պահպանել սահմանադրությունը, օրենքները, նպաստել ինքնիշխանության պահպանմանը։ Փաստացի 2018 թվականից հետո եկած իշխանությունը տապալել է երդումները․ հանձնել է հայրենիքը։ Ու էսքանից հետո մնում եք, որ ի՞նչ անեք։ Դրա համար էլ սահմանադրության օրը իրար շնորհավորում են այն խախտողները, իսկ ՀՀ քաղաքացին այս տոն օրն էլ մինչև աշխատում է, որ գլուխը պահի, սահմանադրության հետ իսկապես կապ ունեցողներն էլ մտածում են, թե ինչի՞ էսպես եղավ։ Սահմանադրության օրը Նիկոլը գնացել էր եղջերուներին փաղաքշելու, իսկ հակառակորդը կրակում էր սահմանին ինտենսիվորեն։ Ընդ որում, եղջերուների և Փաշինյանի հանդիպումը վերջին ժամանակներում միակն էր, որ ամեն եղջերուի կողք երկու հատ ախռանա չէին կանգնեցրել։
Կարճ ասած՝ հիմա ամենակարևոր հարցը՝ Հայաստանում սահմանադրական կարգը տապալվա՞ծ է․ մասնագետներն ասում են, որ այո։ Վերականգնել հնարավո՞ր է։ Իհարկե՝ այո։ Իսկ դրան հնարավո՞ր է հասնել սահմանադրական ճանապարհով։ Եթե ընդդիմությունը չհարգեր սահմանդրությունն ու սահմանադրական կարգը, իմ կարծիքով՝ վաղուց հեռացված կլիներ այս իշխանությունը։ Իսկ քանի այս իշխանությունն է, մեր երկրում հիշատակի օրեր են անգամ կարմիրով նշվածները։ ԱԺ-ում արդեն գերբն են առել սև շրջանակի մեջ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը