Ազգային ժողովի երեք ՔՊ-ական պատգամավոր այսօր ճեպազրույց էին տալիս։ Ասում են՝ քննարկվում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, իբր նման պահանջ են ներկայացրել: Նախ հետաքրքիր է, թե էդ հանրային պահանջը որտեղ է բարձրացել։ Դուք, ում համար ցերեկը Երևանով պտտվելը դարձել է հուշ ու ապագայի երազանք, դուք, որ մոռացել եք ձեր ընտրողներին, ձեր խոստումները, էդ ե՞րբ եք հանրությանը հանդիպում, էդ ո՞ր հանրությանն եք հանդիպում՝ ֆեյսբուքյան ֆեյքերի՞, որ հանրային պահանջից դժգոհ են։ Մենակ չասեք, թե հանրություն ասելով նկատի ունեք ՔՊ խորհրդարանի ու կառավարության փոքրաթիվ՝ աշխատավարձի ու պարգևավճարի վրա նստած սաստավը։
Սա դեռ մի կողմ, ասում են, պատգամավորական մանդատը, իրենք ճիշտ չեն օգտագործում։ Էդ ձեր ճիշտ օգտագործելը ո՞րն է։ Փորձենք հասկանալ։ ՔՊ-ական այդ տիկին-պարոնները ամփոփում էին խորհրդարանական քառօրյան, որը տևել է մեկուկես օր։ Շաբաթվա երկրորդ օրը սկսել է ԱԺ-ն քառօրյան, շաբաթվա կեսին արդեն ավարտել է։ Ընդդիմությունը չկար, գնացել էր մանդատները օգտագործում էր ոչ Քպ-ի սրտով, նրանք էլ իբր թե աշխատում էին։ Էսօր հինգշաբթի է։ ԱԺ նիստը սկսել է երեքշաբթի, օրակարգում եղել է 22 հարց։ ԱԺ նիստը ավարտվել է հաջորդ օրը։ 22 հարցը քննարկել են 2 օրում, ընդ որում՝ դրանցից մեկը պետության ամբողջ բյուջեի կատարողականն է եղել, որ մենակ դա պետք էր քննարկել երկու-երեք օր։ Էդ կատարողականի զեկուցողն էլ՝ կառավարության ղեկավար Փաշինյանը, փոխարենը զուկուցում անի, եկել Ղարաբաղի նախկինում եղած բանակցություններից էր խոսում՝ իր գործած մեղքերը, ավանդաբար, գցելով նախկինների վրա։ Ուրեմն, էդ 2 կիսատ օրում իրենք քննարկել-ընդունել են մեր պետության կյանքը փոխող 22 օրենք, կիսադատարկ դահլիճներում, մեկը մյուսի փոխարեն կոճակ սեղմելով, բոլորի աչքից հեռու ու ասում են՝ ընդդիմությունն իր մանդատը ճիշտ չի օգտագործո՞ւմ։
Դուք ինչի՞ համար եք էդ մանդատը օգտագործում, ա՛յ իշխանական պատգամավորներ։ Էդ որ ափալ-թափալ ու կիսատ-պռատ նիստ եք անում, մնացած ժամանակը ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղված։ Ասեմ, ժողովուրդ ջան՝ փող դիզելով։ Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը նայեք, կտեսնեք։
Ուրեմն էս մարդիկ 4 տարի առաջ հայտնվել են իշխանության, հայտարարել են, որ իրենք ունեն զրո դրամ, 100 հազար դրամ, մերժված ապառիկներ, հիմա նայեք ինչ ունեն։ Արփի Դավոյանը, որ 570 հազար դրամ ուներ ընդամենը , նայում ես՝ միլիոններ է տվել ու արդեն ավտո ունի, նորակառույցում բնակարան ունի, Ռուբեն Ռուբինյանը, 33 մլն վարկ է վերցրել Խաչատուր Սուքիասյանի բանկից ու մի նորակառույցում էլ ինքն է տուն առել, դեպուտատ Մաթևոս Ասատրյան կա ինչ-որ, 8 անշարժ գույքի սեփականատեր է, մեկն էլ գնել է նախորդ տարի, 70 հազար դոլարով։ Հակոբ Արշակյանը, որ չգիտեր փետրվարը քանի օր ունի, 30 մլն դրամ է մարդը միայն հայտարարգրել։ Արսեն Թորոսյանի հայտարարագիրը նայում ես, ու զարմանում ես՝ սա հեղափոխություն արած պաշտոնյա է՞, որ ասում էին՝ մեզ թալանում են, բան չունենք, գռփում են ժողովրդին։ Էն Արսեն Թորոսյանի, որի ղեկավարմամբ կորոնավիրուսի ժամանակ լիքը կոռուպցիա են հայտնաբերում ու դեռ հանգիստ ֆռֆռում է։ Նայեք գույքի քանակը։ Գևորգ Պապոյանը տուն է ձեռք բերել, տասնյակ միլիոնավոր դրամներ։ Արարատ Միրզոյանը բողոքում էր 2018 թվականին, որ գնացել է տելեվիզր առնելու՝ ապառիկով, չեն տվել, մարդը 18 թվին տուն է առել, հաշվին արդեն 9 մլն դրամ ու 70 հազար դոլար ունի, մարդուն ապառիկով անգամ տելեվիզր չէին տալիս, 9 միլիոն դրամ որտեղի՞ց է գտել, բա էդ ի՞նչ 70000 դոլար է, հետաքրքիր չի՞։ Որ իմանաս մի բան էլ անում է, կասես հա, մարդը աշխատում է։ Ի՞նչ ա աշխատում, ու՞մ համար է աշխատում, պարզ չի։ Երբ հարցնում ես, ասում է՝ հարցազրույց եմ տվել, գնացեք կարդացեք։
Բա հիմա ժողովուրդը չասի՞, լավ էս մի տարի առաջ էդ իմ տված մանդատը էս ինչի՞ վրա եք օգտագործում։ Մարդիկ դատարկ գրպաններով եկել են իշխանության, արդեն տների կոլեկցիա ունեն, մի բան էլ էնքան ունեն, որ ավանդ են դրել բանկերում։ Ահա այսպիսի հաջողակ հեղափոխականներ։
Հիմա հարց եմ տալիս, իրենց չէ, ժողովրդին, այդ իրենց ասած հանրությանը, եթե կուզեք․ Ձեր կարծիքով, էդ ստացած մանդատը, այդ տղաներն ու աղջիկները ժողովրդի բարեկեցության համա՞ր են օգտագործել, թե՞ իրենց։ Ջեռքներդ դրեք սրտներիդ, ասեք՝ ժողովրդի վիճակը որևէ կերպ լավացել է՞։
ՔՊ խմբակցությունը բաղկացած է 71 պատգամավորից, 71 պատգամավորի հայտարարագրի ցանկը նայեք, ինչքան նայում եմ, մոտավորապես 80-90 տոկոսը վերջին 4 տարում տուն է առել, բանկում ավանդ է դրել։ Իսկ, ժողովրդի 80-90 տոկոսը նոր տուն է ձեռք բերե՞լ վերջին 4 տարում, ձեր պես։ Եթե դուք ձեր մանդատը օգտագործել եք ձեր ասածով՝ իր նպատակին, ձեր թիմի մեծամասնությունը տուն է առել, ուրեմն դա պետք է աներ ժողովրդի կյանքի որակի բարեփոխմանը զուգահեռ, որովհետև ժողովուրդն էր, որքան հիշում եմ, ըստ ձեզ, թալանվում ու հիմա չի թալանվում։ Բա էդ ո՞նց է լինում, որ ձեր մեծամասնությունը նոր տուն է առնում, իսկ ժողովուրդը իր տները ծախում է ձեզ, որ երկրից փախչի։ ՔՊ-ն ժողովրդի մի մասնիկն է, էդ ո՞նց եղավ, որ մի մասնիկը դարձավ միլիոնատեր, մեծ մասը մնացին աղքատ ու հլը ավելին՝ աղքատությունը խորացավ։
Ասում ա ընդդիմությունը մանդատը ճիշտ չի օգտագործում։ Չէ լու՞րջ։ Ձեզ մանդատ ա տալիս, որ լավ պահեք էս երկիրը, զարգացնեք, խաղաղության մեջ պահեք, դուք տանում եք պատերզմի ու աղքատության, ինքը զոհվում ա, աղքտանում ա, արտագաղթում ա, բայց դու հարստանում ես ու ասում ես՝ մեռնեմ ժողովրդիս ջանին, ինչ անում եմ՝ իրա համար եմ անում։ Դուք մարդկանց տարաք դաշտերը լցրեցիք առանց երկինքը փակելու, բայրաքթարերին զոհ գնացին, ասում էիք տնից ինչ ունեք՝ կասկա-զրահաբաճկոն, վերցրեք եկեք, բայց դուք ոչ թե պատերազմի դաշտ էիք գնում, այլ գնում էիք բունկերում պախկվում էիք ու դա ձևակերպում էիք որպես գործուղում, որ բյուջեից փող ստանաք։ Ամբողջ աշխարհի հայությունը փող էր ուղարկում, որ արցախցիներին տեղավորեն, զենք առնեն, արցախցիները պադեզդներում էին քնում, իսկ էդ փոխանցված փողը բյուջե էին մտցնում, որ ձեզ պարգևավճար տան։ Փողը հանում էիք, իբր որ զրահաբաճկոն առնեիք, կանխիկացնում էիք, դնում ջեբներդ։
Ժողովուրդը գնացել էր պատերազմի դաշտ կոտորվում էր 5 հազարով, էդ օրերին սրանք հրատապ կարգով հիփոթեքով տուն էին առնում, մեր եղբայրների, հայրերի, հարազատների զոհվելու, վիրավորվելու օրը սրանք անձնական երջանկություն էին կառուցում։ Նույն օրը, երբ Քելբաջարի ժողովուրդը տնից դուրս հանվեց, էստեղ ՔՊ-ականները իրենց գլխին նոր ծածկ էին ապահովում։ Ու դուք հիմա ասում եք մենք, որ այ սենց արագ հարստանում ենք, մանդատը լավ ենք օգտագործում, նրանք, որ պայքարում են մեր դեմ, մանդատը վատ են օգտագործում։ Որովհետև մեր դեմ բողոքում են, ուշադրություն են սևեռում, մեր հայտարարագրերն են քրքրում, էդ ի՞նչ բան ա, չեն թողնում մի հատ էլ տուն կամ հող առնենք հանգիստ։
Օրենքով Հայաստանի ամենաաղքատ նախարարը պետք է լիներ սոցապ նախարարը, քանի որ մեր երկրում կա բարձր գործազրկություն, կա պաշտոնապես 30 տոկոսից ավելի աղքատություն, թոշակները չեն բարձրանում, նվազագույն աշխատավարձը չի բարձրանում։ Բայց արի ու տես, որ մարդու աշխատավարձը մի հատ աճել էր, մի հատ էլ կրկնակի է աճել, դարձել է 1,5 միլիոն։ Հիմա հարց, սոցապնախարարն իր մանդատը ճի՞շտ է օգտագործում։ Սոցապնախարարի աշխատավարձը կրկնկի աճել է, ժողովրդի թոշակը, նպաստը, աշխատավարձը, նվազագույն աշխատավարձը կրկնակի աճել է՞։ Ո՞նց կարող է սոցապնախարարի աշխատավարձը կրկնապատկվել, եթե թոշակը մնացել է նույնը, ասեք իմանամ։
Գյուղատնտեսության ոլորտը համակարգում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա աշխատավարձը աճել է կրկնակի․ ո՞ր մի գյուղացու եկամուտն է կրկնապատկվել, մարդիկ մինուս են գնում։ Կրթության նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է, բայց կրթության նախարարի գործունեության արդյունքում էսօր դպրոցների ֆինանսավորումը պակասել է, ծնողներից են փող հավաքում, որ կոմունալների ծախսերը փակեն։
ՊԵԿ նախագահի աշխատավարձը կրկնապատկվել է, էդ ո՞ւմ բիզնեսն է կրկնապատկվել։ Մի տարում 22 հազար բիզնես է փակվել։ Բայց էսօր կարդում ենք՝ Իջևանում բացվել է ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանը։ Մարդը երկու հարկանի ռեստորան է բացել, Նիկոլի քավորի ախպերն է, մյուս ախպերն էլ մարզպետ է Տավուշում։ Հասարակ ժողովուրդը չեմ ասում ռեստորան բացի, կարողանում է՞ էդ ռեստորանում հաց ուտել։ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վերջին 1 տարում միանգամից 4 ընկերության տնօրեն է նշանակվել։ Էս ա՞ ձեր մանդատի իմաստը, մենակ ձեր հարստանալու համար է՞ր էդ անտերը, է բա ասե՛ք։
Կարճ ասած՝ մարդիկ, որոնք ասում էին, թե ձեզ համար եկել են իշխանության, ձեզ փրկելու համար, հիմա ձեր ուսերին նստած ապրում են, հարստանում են։ Էն 680 հազար մարդը, որ «ապագա կա» կագախոսին ձայն տվեց, էդ ձայնը չտվեց, որ դուք ձեր ապագան կարգավորեք, այլ որ իր մատից փուշը հանեք։ Պարզ էր, որ չեք կարողանալու, բայց գոնե ձայններդ կտրեք, հերիք է ջղայնացնեք էս որերորդ անգամ խաբված ու մոլորեցված ժողովրդին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը