13 05 2022

«Կարճ ասած»․ Նիկոլը վա բանկ է գնում, իսկ ժողովո՞ւրդը



 

Փաշինյանը եսիմորտեղից մի հատ թուղթ էր բերել, թե տեսեք՝ Հայաստանը ժողովրդավարությամբ ինչ-որ լավ տոկոս ունի, ամեն անգամ ինքը ցույց է տալիս էդ թուղթը, բայց զուգահեռ ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, հակակոռուպցիոնը, իշխանական քարոզչամեքենան երկրի հերն անիծում են ու առաջինը՝ հենց այդ մասով։ Էդ ժողովրդավարության թուղթը կարծես Արմեն Սարգսյանի հայկական անձնագիրը լինի, որը բացի Նիկոլից ոչ մեկ չի տեսել։ Էս օրերին մեր երկրում կատարվողը ի՞նչ կապ ունի ժողովրդավարության հետ։ Դուք տեսնում ե՞ք, թե ոնց են մարդկանց վրա քրեական գործեր կարում, ուղղակի կարում են, ամենատգեղ ձևով, գեղցի ձևով։

Էս պահին մեր երկրում կա արդեն շուրջ 20 քաղբանտարկյալ՝ Գոռ Սարգսյան, Գոռ Մաթևոսյան, Տարոն Մանուկյան, Արսեն Մարտոյան, Գերասիմ Վարդանյան, Դավիթ Ավագյան և այլոք, չմոռանամ արդեն վաղուց քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին, Մամիկոն Ասլանյանին ու այլ քաղաքացիների։

Դավիթ Ավագյանի դեպքը լրիվ վերջն է․ մարդու տունը թողել են թշնամուն, ու ձերբակալում են, ասում են՝ բնակության մշտական հասցե չունես։ Մարդն ասում ա՝ ունեմ, թուղթն էլ ունեմ, տունն էլ Հադրութում է, որը ստորագրել ու տվել եք Ալիևին։ Ձեն չեն հանում, բայց ձերբակալում են։ Դավիթը, 44-օրյայի մասնակից ա, Հադրութցի, պատերազմի ժամանակ թուրքի ԲՏՌ-ա ձեռքներից վերցրել-բերել մեր կողմ, մի խոսքով՝ տղամարդ տղա է, երեք անչափահաս երեխա ունի, տանում-կալանավորում եք, էդ էրեխեքին ո՞վ է խնամելու։ Մարդու ձերբակալում են, իրենց դատավորները անմիջապես կալանքի պեչատը խփում են՝ ոչ  մի հիմք չունենալով, ոչ էլ անգամ բարոյական կողմը հաշվելով։ Ու կալանավորում են առաջին հերթին նրանց, ովքեր մասնակցել են պատերազմին, ասես վրեժ լուծելուց լինեն, ովքեր ողջ են մնացել Փաշինյանի հրահրած ու պարտության տարած պատերազմում։

Շինծու գործեր, մարդկանց գլխին սարքոցիներ։ Զանգում, անհեթեթ հարցեր են տալիս, ձայնագրում ու դա դարձնում կալանքի հիմք։ Մարդուն զանգում, ձևանում են աղքատ, փող են խնդրում ու գործ են տալիս, էն դեպքում, երբ ումից որ փող են ուզել, չի ասել՝ հա կտամ։ Ոչ մի բանի համար կալանավորում են։ Լավ, եթե դա համարում եք թե կաշառք է տվել, ուրեմն հա՛մ տալն է հանցանք, հա՛մ ստանալը, էդ գործ տվող ագրարայինի ուսխորհրդի նախագահի՞ն ինչի չեք կալանավորում։ Ով հեղափոխության ժամանակ միկրոֆոն է բռնել, թմբուկ է զարկել, «դըմփ-դըմփ-հու» է արել, սարքել են դատավոր ու քննիչ, հերթով իրենց սև գործն են անում։ Ասում ա՝ դուք իմ չագուչն եք, դե խփեք։ Նիկոլը որ ասում էր վնգստացող դատավորներ, այ լավ էլ ստեղծել է արդեն նման համակարգ։

Ձերբակալել են անչափահաս աղջկա մեծացնող միայնակ մոր։ 14 տարեկան աղջկան թողել են միայնակ, մորը տարել են։ Ու սա ժողովրդավարական պետությո՞ւն է։ Մենք ունենք մարդու իրավունքների պաշտպան, որը լրիվ դարձել է Նիկոլի քարոզիչը։ Հղի կնոջն են գցել ավտոյի տակ-սպանել, սպանողը մեկ օր չի նստում, որովհետև վարչապետի ավտոշարասյան առջևից գնացողն է, ու օմբուդսմեն կոչվածը իրեն դրել է Նիկոլի փաստաբանի տեղը, ասում է՝ Փաշինյանը չի իմացել։ Մի հարց տամ Նիկոլի անձնական իրավունքների պաշտպանին, էդ ո՞նց իմացար, հետաքննությո՞ւն եք արել արդեն, բացառո՞ւմ եք որ խաբում ա, բացառո՞ւմ եք, որ լավ էլ իմացել է, ասել է՝ քշեք, չկանգնեք։ Կամ էդ ի՞նչ կապ ունի, ոստիակության մայորը եղել է ղեկին, ստացել է հրահանգներ, քշել-խբել է, քիչ հետո կանգ առել, հետո շարժվել ու շարունակել շարասյան հետևից։ Ուրեմն մեկն ասել է, չէ՞, քշի-արի, մի կանգնի։ Սենց որ գնա, վաղը կասեք՝ մեղավորը էդ խեղճ աղջիկն էր, որ որոշել էր էդ օրը տնից դուրս գալ՝ չմտածելով, որ իր գլուխը ուտելու են։ Ավտոյի տակ գցած-սպանած ոստիկանին ազատ են արձակում, բայց անչափահասի մորը, որ վրան ոչ մի գործ չկա, տանում-փակում են։ Սա ժողովրդավարություն չէ, սա վախկոտների ու սրբություն չունեցողների իշխանության տակ ամենօրյա խայտառակ լինող երկիր է։ Մարդկանց, ում գործողություններից ոչ մեկ չի տուժել, բռնում են, մարդկանց, ում գործողություններից մարդիկ են զոհվել, էն էլ՝ հազարներ, գլխներին դրած ման են տալիս։ Կարո՞ղ եք ասել, էս վերջին կալանավորվածներից ո՞ր մեկի գործողություններն են եղել ավելի վտանգավոր, քան Փաշինյանինն ու էն խեղճ էրեխու գլուխը կերած ոստիկանինը։

Էսօր կարդում ենք՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որ ասում են՝ Նիկոլի խնամին է լինելու, իր մարդկանց ուղարկել է մի բլոգերի ծեծելու․ ծեծել են, հիմա էլ ճնշում են։ Գործը հարուցվել է, ինչի՞ է մարզպետն ազատության եջ, կարող ա հենց էս պահին գնացել ու տուժողին է ճնշում, ի՞նչ է, հեռո՞ւ է դրանցից։ Լոռու մարզպետը արդեն երկրորդ դեպքն է, որ խուլիգանի պես է իրեն պահում, նախորդ անգամ էլ համայնքապետին էր ծեծել։ Հիմա էն անչափահասի մա՞յրն է հանրության համար վտանգավոր, Ավետիք Չալաբյա՞նը, թե՞ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Ոստիկաններ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, հազար ու մի դհոլչիներ ու թմբկահարներ, վաղը բոլորը մեկ առ մեկ ազատ են արձակվելու, լինելու է իշխաափոխություն ու դուք էն տեսակն եք, որ հիմա էլ նրանց ձեր ձեռքով ազատ եք արձակելու ու սկսեք նիկոլենց կալանավորել, բայց ո՞նց եք էս երկրում փողոցով ման գալու, զբոսնելու, ապրելու։ Եթե էս գործ սարքողներին մեկ-մեկ բոլորին վաղը պատասխանատվության ենթարկեն, պետք է ասեք վենդետա է՞։ Էս ի՞նչ եք անում։ Ու սրանք իրավաբանի կրթությու՞ն են ստացել։

Արսեն Թորոսյանն ասում է՝ Հայաստանը ժողովրդավար պետություն է, բոլորը կարող են միտինգ անել․ ինչի՞ եք ախր դուք ձեզ ձեռք առնում։ Մեր երկրում, պարզվում է, իրավապաշտպանությամբ զբաղվող հասարակական գործիչների ճնշող մեծամասնությունը սորոսական էր, որովհետև հենց իշխանությունը վերցրին, սորոսականները դարձան իշխանության փայատեր, մեկ էլ տեսանք, որ իրավապաշտպան մնացել են մի քանի հոգի։ Այն ամենը, որոնց համար առաջ իրենց կոտորում էին, հիմա պարզվեց՝ ամեն ինչ ընդունելի է։ Միջազգային կառույցները, որ իրենց կոտորում էին առաջ, դեսպանատները, հիմա դարձել են բռնության վրա աչք փակող, Նիկոլի քարոզիչ։ Նիկոլը բիրտ ուժ է կիրառում ցույցերը ցրելու համար, փոխանակ ԱՄՆ դեսպանատունը արձագանքի, ասի՝ էս ի՞նչ ես անում, մի հատ էլ ինքն է սկսում իր դեսպանատան ախռանիկներին զինել ավտոմատներով, իբր թե՝ դուք էլ էս կողմից զինված եղեք։ Առաջ ԵՄ դեսպանը մասնակցում էր դատերի, հակաիշխանական խոսքեր ասում, հիմա Փաշինյանին տեսնելիս կռանում է էնքան, որ համարյա հասնում է ծնկներին, Գերմանիայի դեսպանը Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգներին էր մասնակցում։ Բա հիմա ո՞ւր եք, մարդկանց են կոտորում, ծեծում, նստացնում։

Ասենք վաղը իշխանությունը փոխվեց, էսօրվա քաղբանտարկյալներից մեկը դարձավ նախարար, վարչապետ, ԱՄՆ դեսպանը գնաց մոտը՝ ի՞նչ է ասելու, կարողանալո՞ւ է ասի՝ սենց արեք, նենց մի արեք։ Դեսպանների, միջազգային կառույցների հեղինակությունը արդյո՞ք հիմա չի զրոյանում։ Թե՞ ամեն կերպ ուզում եք ապացուցել, որ Նիկոլը ձեր պրոյեկտն է։ Անչափահասի են ծեծում, կանանց են ծեծում, տարեցների են ծեծում բերման ենթարկում, անչափահասի մորը տարել են, 14 տարեկան աղջիկը մնացել է միայնակ, բերանները ջուր առել-նստել են։

Կարճ ասած՝ այս ամենը գիտե՞ք ինչի համար է․ մարդկանց մեջ վախ մտցնելու, շարժումը մարելու։ Կարծում եմ՝ չի ստացվի։ Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, զրույցից ոչինչ հայտնի չէ, ուրեմն թաքուն է, ուրեմն վատ բաներ են պայմանավորվել, առաջինը դա եմ մտածում։ Բայց վստահեցնում եմ, եթե հանրությունը մնա ոտքի վրա կանգնած, միասնական, ո՛չ այս ճնշումները կազդեն, ո՛չ էլ իրականություն կդառնա մեր երկրից նոր զիջումները։

Նիկոլը վա բանկ է գնում՝ իր ողջ իշխանական համակարգով։ Ինչ ունեին՝ ներդրել են իշխանությունը պահելուն։ Բայց չկա որևէ կոմբինացիա, որը անելով՝ նա կարող է պահել իր իշխանությունը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ