21 04 2022

«Կարճ ասած»․ Փաստեր, թե ինչպես է Փաշինյանն աղավաղում պաշտոնական հաղորդագրությունները



 

Երեկ զավեշտալի բան տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, թե Փաշինյանն ասել է՝ Նախագահ Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Մի քանի ժամ անց հաղորդագրությունը խմբագրում են, «վերջնական» բառը հանում են։ Երևի թե ինչ-որ բան խոսել են, Նիկոլին թվացել է, թե դա վերջնական էր կամ էլ երևի ռուսերենին լավ չտիրապետելու պատճառով սխալ է հասկացել։ Կամ էլ, ինչպես օդում կախված լուրերն են համառորեն պտտվում, Ադրբեջանում բարկացել են։

Ամեն ինչ կարող ենք մտածել, բացի մի բանից, թե կարող է պատահի՝ սխալվել են։ Այնքան շատ են նման «վրիպակները», որ արդեն տպավորություն ունենք, որ կառավարության բոլոր պաշտոնական տեքստերում է այդպես։ Սա ոչ կոմպետենտության մասին է խոսում։ Երկու երկրների ղեկավարներ են, կարող են, բնականաբար, բաներ քննարկել, որոնք հանրայացնելու բան չէ․ հո հարցազրույց չէ՞ր, որ Պուտինը զգուշացներ՝ սա կգրես, սա չգրես, ինքը պետք է հասկանա՝ որ մասը հանձնարարել լրատվականին, որը՝ ոչ։

Ես խմբագիր եմ․ հիմա ասում եմ բաներ, որոնք բոլոր բարեխիղճ խմբագիրներն ու լրագրողները գիտեն․ շատ հաճախ բազմաթիվ գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների հետ ունենում ենք շփումներ, քննարկումներ, զրույցներ։ Բաներ կան, որ ուղղակի վստահության մթնոլորտում ասված խոսքեր են՝ միայն քո ականջների համար։ Էս մարդը եղել է դեղին մամուլի գլխավոր խմբագիր, էնքան է մանիպուլացրել, սադրել, որ վարչախպետի աթոռին հասնելով անգամ՝ իր մեջից չի կարողանում հանել։ Արդյունքում ծնվում են սկանդալներ։

Սա առաջին դեպքը չէ։ Երևի աշխարհում ոչ մի ղեկավար այդքան տեքստեր փոխած չկա, իր պաշտոնավարման 2 և ավելի ժամկետներում, որքան Փաշինյանը երեք-չորս տարում է փոխել կամ ձևափոխել, կամ տեքստերում բաներ գրել, որոնք մյուս կողմում չկա։

Հիմա թվարկեմ բազմաթիվ դեպքերից մի քանիսը, ու տեսեք, թե իրականում ինչ խայտառակություն է տիրում։ 2012 թվականի մարտի 14-ին հեռախոսազրույց են ունենում Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը։ Հանդիպումից հետո Փաշինյանի լրատվականը գրում է, թե անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Իսկ Էնթոնի Բլինքենի կողմի տարածած հաղորդագրությունը ուրիշ բան է, ԱՄՆ-ն ընդգծել է, թե «գործընկերների հետ միասին շարունակելու է Մոսկվային և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության կանչել Ուկրաինայի դեմ Կրեմլի հրահրված և չարդարացված պատերազմի համար»։ Հիմա Փաշինյանը զրուցել է որպես ԱՄՆ գործընկե՞ր, թե՞ ՌԴ կողմնակից, չգիտեմ։ Փաստն այն է, որ ամերիկյան ու փաշինյանական հաղորդագրություններն այլ են։

Ընդ որում, հաճախ հաղորդագրությունները Նիկոլ Փաշինյանն այնպես է ձևակերպում, որ ստացվում է՝ դիմացինն ամբողջ հանդիպման ժամանակ զբաղված է եղել իրեն գովելով։ 2021թ․ հուլիսի 13-ին էլի զրուցում են Փաշինյանն ու Բլինքենը։ Երկուսի տեքստերը հանդիպման մասին տարբեր են։ Փաշինյանը գրում է, որ Ամերիկյան կողմը շնորհավորել է, որ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում։ Ամերիկյան տարբերակում էլ ասվում է, որ ոչ թե ՔՊ-ին, այլ հայ ժողովրդին է շնորհավորել, որ ընտրության գործընթացից դուրս է եկել։ Նիկոլը գրել է, թե «ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»: Ամերիկյան տեքստում, սակայն, նման բան չկա։ Չէր էլ կարող լինել, քանի որ այդ շրջանում հատկապես իրար հետևից ընդդիմադիրների կալանավորումներ, խուզարկություններ էին, սա էլ ոչ միայն քաղաքակիրթ հարաբերություն չէր հաստատել, այլ չագուչով էր ման գալիս։

2022 թվականի ապրիլի 9-ին հեռախոսազրույց են ունենում Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Էլի տեքստերում կան հիմնավոր տարբերություններ խաղաղապահների, Ադրբեջանի հետ համաձայնագրի մասին։ 

2021թ․ փետրվարի 25-ի էլ են հեռախոսով խոսում նույն մարդիկ։ Փաշինյանը տարածում է հաղորդագրություն, թե «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Ռուսական տեքստում օրինական իշխանության մասին որևէ ձևակերպում չկա։ Դե կապիտուլյացիաայից հետո բոլորը հայհոյում էին, նա էլ երկու ոտքը դրել էր նույն կոշիկի մեջ ու բունկերից ղեկավարում էր, ի՞նչ օրինական իշխանություն։ Ընդհակառակը, ռուսական տեքստում գրված էր, որ Ռուսաստանի ղեկավարը զսպվածության կոչ է արել։

Տեքստ են հրապարակում, թե Փաշինյանը զանգել է այսինչ առաջնորդին և քննարկել գերիերի հարցը, նրանց տեքստում գերիների մասին խոսք չկա։ Ու էպիսի լիքը բաներ։ Ընդունված կարգ է, որ պաշտոնական հաղորդագրությունները պետք է կողմերի մոտ գրեթե չտարբերվեն։ Երբ դեմ առ դեմ հանդիպում են ղեկավարներ, պայմանավորվածություն է ձեռք բերվում, թե ինչի վերաբերյալ է հաղորդագրությունը լինելու, մամուլի ծառայություններն իրար հետ կապեր են հաստատում ու յուրաքանչյուր կողմի համար հստակեցվում, որ տեքստերը իրարից չտարբերվեն։ Պայմանավորվում են, որ գրվի, ասենք, խոսել են տանձից, խնձորից, ձմերուկից։ Սովորաբար միայն փաշինյանի կողմի տեքստում ավելանում է չալաղաջն ու խոզի բուդը։ Սա միջազգային հարաբերություններում պոպուլիզմի արտահայտություն է։ Կապ չունի դու ինչ ես խոսել, դու հաղորդագրության մեջ գրում ես այն, ինչ դուր կգա քեզ աջակցող ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր հեռու են վերլուծական մտքից։ Ու փաստի առաջ ես կանգնեցնում։ Սա նույն է, որ ասում ես Արցախը Հայաստանն է ու վերջ և ծափ են տալիս։ Հետո վարի ես տալիս ամեն ինչ։

Այ սրա պատճառով է, որ Փաշինյանը հենց ելույթ է ունենում, հազար փորձագետ բերում է լիքը փաստեր, որ սուտ ինֆորմացիաներ են տեղ գտել ելույթում, հենց հանդիպում է ունենում, լրատվամիջոցներս անպայման ստուգում ենք երկու կողմերի տեքստերը։ Մարդը սովոր է ֆռացնելու։ Էս մարդը հանդիպման տեքստեր է հորինում էնպես, ոնցոր որ թերթում էր հորինում բաներ ու ատելություն տարածում սրա-նրա նկատմամբ։ Դրա համար էլ մի խոքից կարող է ժողովուրդը իրար դեմ դուրս գա, ատելություն հրահրվի և անգամ՝ պատերազմ հրահրվի։

Կարճ ասած՝ ոչ միայն իշխանության, այլև ժողովրդի համար մեծ ամոթ է, երբ երկրի ղեկավարի խոսքը արժեք չունի, երբ երկրի ղեկավարի խոսքը ոչ թե իրավական հիմք է, այլ՝ քրեական գործ հարուցելու հիմք։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեր երկրում մի քանի տասնյակ քրեական գործ կա՝ զրպարտելու, վիրավորելու, ստեր տարածելու համար։ Երևի թե բոլոր երկրների ղեկավարները միասին վերցրած՝ հազիվ այդքան գործ ունեցած լինեն դատարանի հետ։ Այս թեմային շուտով կանդրադառնամ։

Իմացեք, թե ով է ղեկավարում մեր երկիրը։ Ամեն դեպքում՝ երկիրն է ափսոս։ Իհարկե՝ նաև ժողովուրդը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ