Նախորդ տարվա վերջին 168.am կայքը, հղում անելով կառավարությանը մոտկանգնած աղբյուրին, հրապարակեց ԱԱԾ-ի հերթական փակ սոցիոլոգիական հարցման մասին, որի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գրանցել է 19․5 տոկոս արդյունք։
Այդ օրերին ակտիվ խոսվում էր, որ Փաշինյանը շատ ծանր է տարել այդ տեղեկությունը։ Նախ զայրույթի թիրախ է դարձել աշխատակազմը, այնուհետ՝ ԱԱԾ ղեկավարությունը։ Փորձել են գտնել կառավարության աշխատակազմից արտահոսք անողին, հետո մտածել են, որ մեկ է՝ լուրն արդեն տարածվել է, փորձ են արել մի կերպ փոխել նախատոնական տրամադրությունը՝ ԱԱԾ-ին հանձնարարելով հաղորդագրություն տարածել իրենց ուզած տեքստով։ Այդ հաղորդագրությունը, մեղմ ասած՝ տարակուսանք առաջացրեց, քանի որ նմանատիպ տեքստեր կարելի է տեսնել «դեղին» մամուլի, կամ որևէ պաշտոնյանի ֆեյսբուքյան պատի ջղաձիգ գրառման մեջ, բայց ոչ երկրի անվտանգությունը պահպանող մարմնի տարածած տեքստում։ Նմանատիպ նյարդային ձևակերպումներ՝ «ԱԱԾ ունեցած հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով», «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր (նույնքան բարձր, որքան 2018 թվականի մայիսին), ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել», «168.am-ի հրապարակումը համարում ենք այդ հիասթափության արտահայտություն», կարող էր անել, օրինակ, վարչապետի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթը, կամ նույն վարչապետը՝ լայվով։ Նույնիսկ եթե Մարիամ Փաշինյանը գրեր, խոսեր, կարելի կլիներ հասկանալ։ Բայց քարոզչության մեջ իշխանության կողմից ԱԱԾ-ն օգտագործելը, կարծում ենք, անթույլատրելի է և դատապարտելի։
Բայց պատմությունն այսքանով չվերջացավ։ Հունվարի 9-ից լուրեր տարածվեցին որ վարչապետն իր մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին ազատելու է աշխատանքից, որը հաջորդ իսկ առավոտ հաստատեց նույն Կարապետյանը։ Պատճառների մասին, ինչպես սովորություն ունի իշխանությունը, չհայտնեցին, և առաջ եկան տարբեր վարկածներ։ Մեր տեղեկություններով, հիմնական պատճառը եղել է այդ ռեկորդային ցածր վարկանիշի փաստը։ Վարչապետը շատ խիստ խոսակցություն է ունեցել իր խոսնակի հետ, որի ենթակայության տակ են եղել հիմնական քարոզչության ռեսուրսները՝ Հ1-ը, տպագիր մամուլ, տարբեր կայքեր և այլն։ Վարչապետը մեղադրել է խոսնակին իրավիճակին չտիրապետելու, իրեն վստահված գործը պատշաճ չկատարելու մեջ, ինչից հետո Կարապետյանն առաջարկել է ազատման դիմում գրել, որին վարչապետը համաձայնել է։ Փաստորեն, Վլադիմիր Կարապետյանը տանուլ է տվել վարչապետի քարոզչական կոմպանիան, թույլ է տվել որ վարկանիշը դառնա ռեկորդային ցածր, և այդ ամենը՝ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը