13 04 2022

«Կարճ ասած»․ Փաշինյանն ասաց, որ պատրաստում է նոր կապիտուլյացիա, այս անգամ՝ առանց զոհերի



 

Դժվարանում եմ ասել` Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը շո՞կ էր հանրության համար, թե ոչ, նա առավել բաց, թափանցիկ խոսեց Արցախը հանձնելու մասին։ Իր սխալների մասին, իհարկե, խոսեց, ասաց այն, ինչը շատերն ասում են 2018 թվականից, այն է՝ ամեն բան անում է հանձնելու համար։ Ուղղակի ինքն ասում է, թե այլ ելք չկար, բայց մենք ասում ենք՝ կար, ուղղակի դու ընտրեցիր բոլոր ելքերից ամենասարսափելին ու ամենանվաստացուցիչը։ Նիկոլն ասում է՝ ես չէի եկել պատերազմելու, Արցախ պահելու, ես եկել էի հանձնելու։ Սխալ արեցի, չուզեցա հանձնել խաղաղ ճանապարհով, հանձնեցի պատերազմով։ Ասում է, այո՛ մեղավոր եմ, քանի որ իմ որոշումները 5 հազար հոգու գերեզման են տարել։ Ո՞ւ։ Ժողովուրդը դեռ մինչ այս պահը կարծես չի ելել ոտքի, Գլխավոր դատախազը մինչ այս պահը դեռ ծպտուն չի հանել։ Ասում է ես կարող էի պատերազմը կանգնեցնել, կլիներ նույն արդյունքը, իհարկե՝ առանց զոհերի։ Վերջերս փողոցում մի տատիկ մոտեցել էր մեր նկարահանող խմբին, ասում էր՝ պատերազմի պատճառով Նիկոլը հա՛մ տղուս գերեզման տարավ, հա՛մ թոռանս։ Էսօր Նիկոլը էդ տատիկին ասում է, գիտե՞ս կարող էի կանգնեցնել, որ քո երեխեքը չզոհվեին, բայց ասացի փորձեմ, կարողա ստացվի՝ չհանձնենք։ Բայց հետն էլ ասում է սխալս էն չէ, որ իրենց տարել եմ մահվան, ասում է սխալս այն է, որ նախօրոք չեմ եկել ասեմ էդ մասին։ Այսինքն, մեկ է հանձնելու էր, գիտեր որ հանձնելու է տանում, իր պատկերացմամբ՝ տարբերակ չկար։ Ասում է՝ եկել եմ, հրապարակում ասել եմ ամեն որոշում կայացնելուց առաջ կդիմեմ ձեզ, բայց գնացել եմ ինքնագլուխ կայացրել եմ որոշում, պատերազմել, հետո հանձնել եմ, զոհել եմ, հիմա պատմում եմ։ Ձեզանից ոչ խորհորդ եմ լսում, ոչ ձեր կարծիքը հաշվի եմ առնում, պատմում եմ, որ իմանաք՝ էն գլխից էր այդպես։

Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ մեզ խաբել է, գնացել է բանակցելու, ասել են հողերը պիտի տաս, եկել է էստեղ հայտարարել է՝ Ալիևը կիրթ է ու կառուցողական։ Չի ասել ինչ է բանակցում, խաբել է։ Ու հիմա էլ է ինքը իրեն հակասում։ Մեկ ասում է՝ ես էսքան աջակցում եմ Արցախին, ո՞նց է մեկի լեզուն պտտվում, որ ասի, թե ձեռքներս լվացել ենք, բայց մյուս պահին էլ ասում է՝ ժողովուրդ, տարբերակ չկա, պետք է Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թե չէ, նայեք հաա, պատերազմա լինելու։ Էդ էլ շանտաժ է անում, էժան ու պրիմիտիվ շանտաժ։ Նա վատագույնին է պատրաստում, ասում է՝ ժողովուրդ, եթե նախկինում բանակցում էին, որ Արցախը ուենա կարգավիճակ՝ լինի անկախ կամ Հայաստանի կազմում, որպիսզի լինի անվտանգ, դե հիմա ես էդ սաղ պռավալ տվի, հիմա էլ թողեք բանակցեմ, որ Արցախը լինի անվտանգ, այնտեղի հայերը ունենան իրավունքներ, ու մի խորացեք, որ դրա որոշողը պետք է լինի Ալիևը, ու այնտեղ ծածանվի Ադրբեջանի դրոշը։ Ասում է՝ մենք երբեք տարածքային պահանջ չենք ունեցել Ադրբեջանից, հիմա էլ չունենք ու էդ 5 կետերով համաձայնվում եմ, որ երբեք չենք էլ ունենալու։ Ցտեսություն Շուշի, ցտեսություն Հադրութ, շուտով նաև ցտեսություն Ստեփանակերտ։ Օրինակ, որ Ալիևը գրելու լիներ այսօրվա Նիկոլի ելույթի տեքստը, ի՞նչ կգրեր, որ իրեն ձեռք տար։ Վստահ եմ՝ հենց այսպիսին կլիներ այդ տեքստը։

Արդեն Հայաստանից մարդկանց չեն թողնում մտնել Արցախ։ Վաղը Արցախից վիզայով կթողնեն Հայաստան։ Խումբ է գնում Արցախ, գնացողների ցանկը իրենցից առաջ է հասնում անցակետ, էդ ո՞նց, ո՞վ է հետախուզություն անում մեր երկրի ներսում, բոլորի շարժը վերահսկում։

Նիկոլի հետ միաժամանակ ելույթ է ունենում Ալիևը ու երկու ուղերձ է փոխանցում՝ 1․ Որքան շուտ արցախցիները հասկանան, որ ապրելու են ադրբեջանական դրոշի ներքո, այնքան լավ նրանց համար։ 2․ Եթե Հայաստանի բանակը զինվի, մենք հակահարված կհասցնենք։ Հիմա ինձ ասեք, առաջ սենց հայտարարություն կանե՞ր սա։ Հասկանում ե՞ք ինչ է կատարվում՝ Նիկոլը սարսափում է Ալիևից և Հայաստանի ժողովրդին է փոխանցում այդ սարսափները, նայեք հաա, պատերազմելու ա, գնամ մի բան ստորագրեմ, չպատերազմեն։ Մենք ապրել ենք հաղթած ժամանակաշրջանում, գլուխներս բարձր է եղել, էսօր Նիկոլը մեզ առաջակում է կզելու ժամանակաշրջանը, իբր այդպես էլ պետք է լիներ։

Ասում է՝ Բրյուսելում եկել ենք համաձայնության՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, պետք է Հայաստանից էլ զիջում անենք, առանց էմոցիոնալ պոռթկումների, չոր քարտեզով։ Բայց վստահ չենք, որ Ադրբեջանը չի խախտի այդ խաղաղության պայմանագիրը, որովհետև խոչընդոտում է դրան։ Քեզ Արցախն էր պաշտպանում, հանձնել ենք, հիմա կռիվը տեղափոխվել է Հայաստան։ Գնում ենք ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, որ կանխենք, բայց կարող է անընդհատ խախտվի էդ փաստաթուղթը, նայե՛ք հանկարծ չսադրեք, էդ Արցախ բան գնալներդ թարգեք, թե չէ Ալիևը կջղայնանա, պայմանավորվածությունները փոզմիշ կանի։ Այդ մարդը պարզ ասում է՝ ժողովուրդ, գնում ենք նոր կապիտուլյացիայի, այս անգամ՝ առանց զոհերի։ Հանկարծ չսադրեք։ Կարևորը դու չես զոհվելու, երևի՝ հա, կարող ա դառնաս փախստական, կապրես Ադրբեջանի կազմում, երևի չեն բնաջնջի, մի բան անենք, մի ձև ապրես։ Չէ, իրոք, միացրեք, նայեք այսօրվա խոստովանածը և հայ ազգին հղած մեսիջները, ամբողջ ասածը շանտաժ էր։

Մյուս կողմից էլ վարչապետի մտքերը կարելի է հասկանալ այլ կերպ ևս։ Ասում ա՝ ճանապարհը էս ա, սա անշրջելի ճանապարհ է, ես այլ բան չեմ կարող առաջարկել, ուզում եք խոչընդոտեք, չեղարկեք՝ արեք, մի բան արեք, ինձ հանեք պրծնենք, դուք էլ եք հոգնել, ես էլ եմ հոգնել։ Ասում է՝ սա իմ խաչն է, որը պետք է տանեմ, Աստված է հանգել էս որոշման, որ պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը։ Ինքը ամեն ինչ արեց, ամեն սադրանքի գնաց, որ մնա իշխանության, հիմա ամեն ինչ գցում է Աստծո ջեբը, թե՝ նա չթողեց։ Ես մնացի իշխանության, ձեզ ասացի, որ ապագա կա, ձայն տվեցիք, հիմա էդ ապագան ես սենց եմ կարող անել, այլ բան մի սպասեք։

Կարճ ասած՝ ինչ պետք է աներ ցանկացած նորմալ երկրի նորմալ ղեկավար այս իքնախոստովանությունից հետո՝ գնար ու գրեր հրաժարականի տեքստ, գնար կառափնարան։ Ի՞նչ պետք է աներ ցանկացած նորմալ երկրի նորմալ դատախազը, որը ոչ միայն լավ դհոլ է խփում, այլևր լավ իրավաբան է, քրեական գործ հարուցեր, կասեցնել տար պաշտոնավարումը, քններ՝ տեսնեինք ինչ է տակներից դուրս գալիս։ Ի՞նչ պետք է աներ այս ամենից հետո ցանկացած նորմալ երկրի արժանապատիվ ժողովուրդ, դուրս գար հրապարակ ու տուն չգնար՝ մինչև վերը թվարկածս երկու կետերի իրականացմանը հասնելը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ