Մենք հա ասում ենք մի քիչ լրջացեք, ի վերջո՝ պետություն եք ղեկավարում, չի կարելի կասետի ծամած լենտի պես անընդհատ նույն ստերը կրկնել, մեկ է՝ չի ազդում իրենց վրա։ Իրականությունն այլ է, բայց իրենք չեն հոգնում իրենց ստերից։
Ստերից մեկը, որը կրկին սկսել են շրջանառել, վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իբր նախկինում ճանաչելուն։ Անընդհատ ասում են՝ 1999 թվականի նոյեմբերին Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ մեջը։ Հրապարակվել է այդ փաստաթուղթը, դրա մեջ խոսվում է Վրաստանի մասին, խոսվում է Հարավսլավիայի մասին, Բոսնիա և Հերցեգովինայի վերաբերյալ, Մոլդովայի վերաբերյալ, Ռուսաստանի վերաբերյալ, և միայն Ադրբեջանի վերաբերյալ մոտեցումն այլ է եղել։ Ընդհակառակը՝ այնտեղ կարևորում են, որ Ղարաբաղի հարցով բանակցություններ կան։ Այսինքն, այդ փաստաթղթում գրված է, որ էն բոլոր դեպքերում հաստատում ենք, պնդում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը առաջնային է, բայց Արցախի մասով այդպիսի բան գրված չէ, գրված է որ ողջունում են Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցությունները։ Ավելին, դա ստորագրել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, ուրախ-ուրախ։ Այ այդպիսի փաստաթուղթ է այդ չարչրկված Ստամբուլյանը, ոչ թէ այն, ինչ ներկացնում է Փաշինյանը։ Հիմա, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց են տալիս արցախցիների ինքնորոշման մասին, ասում է՝ «Տարածքային ամբողջականության մասին հարցը պետք է տայիք Ռոբերտ Քոչարյանին, երբ նա իջնում էր Ստամբուլից Երևան իջնող օդանավից և խոսում էր Ստամբուլում տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման մասին»։ Արարատ Միրզոյան, դու պետք է հպարտանայիր այն ժամանակվա դիվանագիտությամբ, որ էդպիսի արդյունք ենք ունեցել։ Մի քանի օր առաջ դու անձամբ բանակցություն ես վարել Թուրքիայում, Թուրքիայի արտգործնախարարի հետ, դրանից անմիջապես հետո վավերացրել են հակահայկական հռչակագիրը հենց թուրքերը։ Դու լայն ժպտացել ես, իրենք վավերացրել են։ Վստահ եմ՝ Արարատ Միրզոյանը դիվանագիտական փաստաթղթերը կարդում է, վստահ եմ՝ տեսել և հասկացել էր, որ հենց այդ Խարտիայում Արցախի մասով ձևակերպումները դիվանագիտական հաղթանակ են եղել։ Դու էլ հո ՔՊ թիմի մեջ համարվում ես ինքնուրույն մտածելակերպ ունեցող մարդ, ինչո՞ւ ես ընկնում Վահագն Ալեքսանյանի ջրերը։ Ստացվում էէ Նիկոլենք, որ ասում էին Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ասում են՝ պետք է քննարկենք՝ Արցախը Արցա՞խ է, թե՞ Ադրբեջան։ Դու ինչի՞ ես «վիզ վերցնում» էդ տապալված քաղաքականության թեման ու առաջ տանում՝ կրկնելով իրենց սուտ թեզերը։
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նույն բանն է ասում, ասում ա՝ մեզ ինչի՞ եք քննադատում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը համաձայնելու համար, հենա՝ Քոչարյանն էլ է կողմ քվեարկել, Սերժն էլ է կողմ խոսել։ Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ-ում ադրբեջանի ներկայացուցչին ասում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ Արցախը կապ չունի։ Բացատրում է, թե ինչպես են անկախացել Ադրբեջանը, Արցախը, Հայաստանը և ինչու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող ներառել նույնկերպ անկախացած Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը։ Որքա՞ն ցավալի է, երբ պարզ պատասխանը, որը տրվել է Ադրբեջանի ներկայացուցչին, ստիպված ես ցույց տալ նաև ՀՀ վարչապետին։ Ձեր կարծիքով իզո՞ւր է Նիկոլը կառավարության նիստում ադրբեջանական քարոզչություն անում։ Բոլորովին ոճ։ Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, պատրաստում է հանրությանը հերթական պարտությանը։ Նա, իմ կարծիքով, արդեն իսկ համաձայնել է Ադրբեջաի բոլոր կետերին, ու հիմա քարոզչական հնարք է անում՝ ասելով, թե նախկիններն էլ են ճանաչել, ես ի՞նչ կապ ունեմ, նրանք ճանաչեցին, գցեցին իմ ջեբը։ Նույնն էլ պատերազմի ժամանակ էր և հետո, ինքը պարտության տարավ, հանձնեց ամեն ինչ ու ասաց՝ նախկիններն էին հանձնել, գցին ջեբս։ Վաղը Նիկոլը հերթական թղթով կհանձնի Արցախը ամբողջությամբ ու սկսել է կոպիտ քարոզչությունը, որ էն քիչ գիտակցող մասսան իրեն չմեղադրի, էլի հիշեն Քոչարյանին, Սերժին։
Թող գոնե ասեր՝ նախկինները ճանաչել են ամբողջականությունը, բայց ես իմ կետից եմ քանի որ սկսել, չեմ ճանաչելու։ Էլի սուտ կլիներ, բայց գոնե դա ասեր։ Նա ասում է՝ քանի որ նախկիններրը ճանաչել են, ես էլ եմ ճանաչում, ինչ կա՞ որ։ Բայց նախկինները ասել են ու ասում են՝ Արցախը երբեք չպիտի լինի Ադրբեջանի կազմում, դու քո ձեռքով մտցնում ես Ադրբեջանի կազմ, վաղուց անկախացած Արցախի ինքնիշխան հանրապետությունը։
Մյուս սուտը Մեղրին է։ Կա մեկ այլ փաստ ևս․ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի տարածքով կապել իրար։ Ինքը ասում է՝ ընդամենը կապ է, Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ մեզ Զանգեզուրի միջանցք է տալիս։ ԱԺ նիկոլական դեպուտատ Ալեքսանյանը ամբիոնը քիչ է մնում շուռ տա, ոգևորված ասում է, թե բա որ Քոչարյանը Մեղրին հանձնում էր։ Այ տղա՛, բա որ հանձնում էր, ինչի՞ չհաձնեց, դու արգելեցի՞ր, թե՞ քո Նիկոլը։
Փաստ է հետևյալը՝ Քոչարյանի օրոք Մեղրին զարգացել է, Սյունիքի մարզը զարգացել է, ենթակառուցվածքներ են զարգացել, Նիկոլը հենց էդ սարքած ճանապարհները տվել է ադրբեջանցիներին, հիմա Սյունիքն է կտրում ու ասում են՝ Քոչարյանը․․․ Ամոթ ա, թարկեք, մարդկանց հիմարի տեղ մի դրեք, հերիք է։ Սյունիքը հանձնում են, թշնամուն մտցրել են սյունեցիների տները ու ասում են՝ 20 տարի առաջ ոնցոր թե Մեղրին հանձնում էր։
Մյուս սուտը, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ լկտի սուտը ՔՊ-ականների հայտարարություններն են, թե՝ դուք պատերազմի օրերին ասում էիք մի կռվեք, հողերը Նիկոլը արդեն հանձնել ա։ Ես չեմ հասկանում, ինչո՞ւ այդ խոսքերի համար դատի չեն տալիս այդ ՔՊ-ականներին, օրինակ՝ Վաղարշակ Հակոբյանին։ Նիկոլը, ինչպես հետո պարզվեց, իրոք, հանձնում էր հողերը, բայց այդ մասին ասվել է կապիտուլյացիայից ի վեր, ընդդիմադիրները պատերազմի ժամանակ ասում էին, որ քանի դեռ երկրի ղեկավարը Նիկոլն ա, հաղթանակ չի լինելու, ընդդիմությունը, այո, ասել է ձեր թիմը տանում է մեր պետությունն ու Արցախը պարտության ու ցավալին այն է, որ հենց այդպես էլ եղել է։ Բայց ո՞վ է ասել զենքերը վայր դրեք, մի կռվեք, հանձնում է։ Մեկի անուն տվեք։ Էդ դուք էիք ասում՝ հողերը վաղուց ծախված է, բայց ժողովրդին տարաք սպանվելու, ու հիմա անգամ անունները չեք հայտնում, որ զոհերի իրական թիվը չիմանանք։ Էդ դուք չէի՞ք ասում հողերը վաղուց հանձնած էր։ Ես էլ ասում եմ, բա որ վաղուց հանձնած էր, վարչապետ հալիդ բոլորին նոր Սարդարապատի էիր տանում, զոհեր էիր տալիս հազարներով, կարծես դու էիր էդ էրեխեքին ծնել-մեծացրել․ բա հանձնած էր, տայիր առանց այդ անմեղ զոհերի։ Իսկ իրականությունը շատ պարզ է, դու եկար, մեծ-մեծ խոսացիր, բանակը քանդեցիր, սարքեցիր ելակի մակարդակի, էնքան մեծ-մեծ խոսացիր, որ պատերազմ բերեցիր, այդ նույն ելակի մակարդակով պատերազմը ղեկավարեցիր, քո աշոտիկներով, արծրուններով, էռատոյով ու պարտության տարար մի ամբողջ ազգի։ Հիմա արդարանում ես, թե էդ ես չէի, սաղ մինչև ինձ էր։
Մյուս սուտը։ Իշխանությունը ամենը հանձնում է թշնամուն, մեր գյուղերը հանձնում է թշնամուն, Սյունիքից է տվել, Գեղարքունիքից տվել ու ասում, բա չիմացաք՝ մեղավորը Սերժի ժամանակ ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքն է։ Մեռանք ասելով՝ հերիք ա Ադրբեջանին օգնեք, վարչապատարծքային բաժանման մասին օրենքը կապ չունի պետական սահմանի մասին օրենքի հետ։ Շարունակում են մինչև էսօր դա կրկնել ամեն տեղ ու ստում են։ Նախ սխալ եք ասում թվականը․ օրենքը ոչ թե 2010 թվականին է ընդունվել, այլ 1995 թվականին։ Բացի այդ՝ դուք իշխանության գալուց հետո 3 անգամ էդ օրենքը փոխել եք՝ 2019, 20, 21 թվականներին։ Ինչո՞ւ էդ հոդվածները չեք փոխել, որ մինչև Թալիշի վերջը համարեք Հայաստան։ Դուք էիք ասում, չէ՞, Արցախը Հայաստան է և վերջ։ Թարկեք էդ օրենքը մեջբերելը, որովհետև երեսպաշտություն է՝ մտածելը, որ էդ օրենքի պատճառով հողերը զիջվելու են, բայց գալ ու չփոխել էդ օրենքը։
Թշնամին էս պահին մեր երկրի տարածքում է, պաշտպանության նախարարը գնացել-քարոզարշավ է անում։ Արարատի մարզում կրակում է թշնամին, Պապիկյանը էդ վայրերը չի գնում, գնում է հարևան Վեդի քարոզարշավի, թե եկեք մեր կոկորդիլոսագետին ընտրեք։ Պապիկյան Սուրեն, հենց էս պահին թշնամին քո երկրի մեջ է, չես կարողանում դուրս քշել, դու ընդանհրապես ի՞նչ ես քարոզում։ Նիկոլն ասում է՝ պետք է Երասխից մեր դիրքերը հետ քաշենք, դուք պլակատ եք դրել, թե Վեդիում ապագա կա, ի՞նչ ապագա կա։ Ձեզ հետ ի՞նչ ապագա կարող է լինել։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բրենդ է սարքել սուտը ու թշնամու օգտին գործելը։ Եթե ընդդիմադիր ՔՊ-ի պարագայում սուտը բրենդ սարքելը այլ էր, ապա իշխանության պարագայում լրիվ այլ է։ Դուք օգտվել եք էդ ստից՝ իշխանությունը զավթելու համար, դուք օգտվել եք այդ նույն տեսակի ստից իշխանությունը պահելու համար, բայց՝ ևս մի առժամանակ։ Դրանք այլևս չեն օգնի։ Դուք չեք կարող այդ ստից օգտվել ձեր հանցանքները ուրիշների վրա բարդելու համար։ Դա չի աշխատում։ Մենք տեսանք, որ ձեր ստերը կործանեցին Արցախը ու կործանում են Հայաստանը։ Այդ սուտը ձեզ չի փրկելու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը