Երբ կարդում ենք օրվա միջազգային լրահոսը, ամբողջությամբ ճգնաժամերի մասին է, դրանք կան համարյա բոլոր պետություններում, բայց նաև տեսնում ենք, թե ինչ քայլեր են անում տարբեր կառավարություններ՝ հաղթահարելու, մեղմելու համար։ Հետո գալիս ենք Հայաստան, կարդում ենք մեր իշխանավորների գործողությունները ու տեսնում ենք, որ լրիվ ուրիշ տրամաբանություն է․ այդ ցնցումները մեզ մոտ էլ կան, բայց այ գործողությունները՝ ոչ։ Չկա մի ելույթ, չկա մի տող, մի որոշում, որը կլինի եղած կամ եկող ճգնաժամը հաղթահարելու համար։ Ու այս ամենը հակառակ նրա, որ մեզ մոտ էլ ավելի բարդ վիճակ է, որովհետև էդ բոլորին զուգընթաց՝ ունենք աղետալի պատերազմի չհաղթահարված հետևանքներ։
Հայաստանում առկա ճգնաժամերի ընդամենը 5-10 տոկոսն է աշխարհում տեղի ունեցողի արձագանք, մնացած բոլորը այսօրվա իշխանության գործողությունների արդյունք է։ Եթե մյուս երկրներում ճգնաժամի սկիզբ է համարվում կորոնավիրուսը, Հայաստանում կորոնավիրուսը սկսվեց արդեն ճգնաժամային վիճակում, մինչև դա՝ արդեն վարի տրված վիճակ էր։ 2018 թվականին փողոցային բարքերով եկան իշխանության, ասին՝ պետք է բոլորը մեզ հետ հաշվի նստեն։ Բոլորը ասելով, նկատի ունեին բոլորին, ամբողջ աշխարը։ Բայց բոլորը սկսեցին վերապահումմներով շփվել։ Նախ գործարարները 2018 թվականից արդեն սկսեցին վերապահումներով մոտենալ, ներդրումներ չանել, ներդրումները հանել մեր երկրից, որովհետև տեսան՝ էս մարդիկ կարծես վարի են տալիս ինչ տեսնում են։ Ամբողջ աշխարհը համավարակի ժամանակ մեկուսանում էր, սրանք ընդհակառակը, մարդկանց էին փողոցները լցնում՝ հանրաքվեի։ Ադրբեջանը սկսեց պատերազմ, սրանք առաջին օրից խոսեցին պարտության ու կապիտուլյացիայի մասին։ Ու Հայաստանում այսօր կատարվողը այս իշխանության գործունեության արդյունք է, ոչ թե կորոնավիրուս է պատճառը, պատերազմն է պատճառը, ռուս-ուկրաինական բախումներն են պատճառը, այլ այս իշխանությունը, իրենց գործողությունները։
Հայաստանում էսօր քաղաքացիներին ամենամտահոգող հարցը հացի խնդիրն է, սոցիալական վիճակն է։ Սովորաբար մենք երբ ուզում ենք սոցիալական վատ վիճակ նկարագրել, ասում ենք «Լևոնի թիվ»․ դա արդեն բոլորին հասկանալի է, մեկնաբանելու կարիք չի լինում։ Մենք ապրել ենք էդ թիվը, մեր ծնողներն ապրել են էդ թվերը ու էդ ժամանակների իշխանությանն ուղղված անեծքով են հիշում Լևոնի թիվը։ Բայց էդ թվերը մանրից վերադառնում են։ Հիշո՞ւմ եք հոսանքի անջատումները․ օրը երկու ժամ էին տալիս։ Հիմա Հայաստանի համարյա բոլոր բնակավայրերում ամեն օր բողոքում են, որ հոսանքը տանում են։ Ատոմակայանը չի գործում, այս իշխանությունը նորն էր խոստանում կառուցել, բայց ոչ մի աշխատանք չի տանում, ու չզարմանաք, որ վաղը գանք էդ վիճակին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանում որքա՞ն քիչ էր արտադրությունը, նրա հեռանալուց հետո տնտեսությունը սկսկեց շնչել։ Լիքը ապրանքներ սկսեցին Թուրքիայից չբերել, այլ արտադրել տեղում։ Հենց երեկ թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչներն ասում էին, որ արդեն սկսելու են էլի Թուրքիայից ներկրել, որովհետև իշխանության լինել-չլինելը նույն բանն ա, իրենց թիկունքին կանգնած չէ։
Անգամ օլիգարխիայի առումով ենք վերադառնում 90-ականներ, ոչնչից մեկ էլ տեսնում ես մեկը ծլեց ու սկսում ա իրենով անել ինչ կարողանում է։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ իշխանությունից գնաց, Հայաստանում աղքատությունը 50 տոկոսից ավելի էր։ Հայաստանում այս ճգնաժամերի արդյունքում աղքատությունը խորանում է նաև այսօր։ Աղքատները դառնում են ծայրահեղ աղքատ, իսկ միջին ապրող մարդիկ աղքատության գիրկն են գնում։ Այս տարի Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելը դառնում է շատ դժվար, փողն այլևս գին չունի, այդ երկրում բազմաթիվ բիզնեսներ են փակվել, ավելի էժան աշխատուժ են գտնելու կամ հենց ռուսներն իրենք կլրացնեն հնարավոր պակաս տեղերը, հարյուր հազարավոր մարդիկ, որ ՌԴ գնալով էին հաց վաստակում, էս տարի փակուղու առաջ են կանգնել։ Ի՞նչ է անում կառավարությունը։ Ոչ մի բան, աղամաններն է սեղաններից հավաքում, մեկ էլ ծխելը արգելում, իսկ մարդկանց սովի գիրկն է մղում։
Խանութում մի կին ձեռքս բռնեց, տարավ ու ասում է՝ արի տես՝ 2400 դրամից յուղը դարձրել է 3600 դրամ, ես ո՞նց առնեմ, յուղը թանկացել է, կաթը թանկացել է, պեսոքը, ալյուրը, հավի միսը, ի՞նչ անեմ։ Ասում եմ՝ էկոնոմիկայի նախարարին նամակ գրի, ինքն էր ասում դիտմամբ ենք թանկացնում, որ մարդիկ խուճապի չմատնվեն, շատ գնումներ չանեն։ Ի՞նչ պատասխանեմ էդ մարդուն։ Ասում են պահեստները լիքն են, բայց էդ դեպքում ինչո՞ւ են դախլները դատարկ։ Կառավարությունն ասում է գնաճային ցնցումներ է լինելու, պատրաստվեք, հետո մարդկանց մեղադրում է խանութները դատարկելու մեջ։ Բա դուք եք էդ խուճապն առաջացնում։ Ոչ մի բան չեն անում զսպելու համար գնաճը ու հույսը դրել են նրա վրա, որ մարդկանց փողերը կվերջանան, հնարավորություն չի ունենա գնումներ անելու, պահանջարկը կիջնի, գները կիջնեն։ Բայց դա սովն է հենց, պարոն նախարար Քերոբյան։
Ի՞նչն է այս թանկացումների պատճառը, գյուղեգյուղ ընկած չագուչ թափահարողը չէ՞, ձեր կարծիքով։ Ժողովուրդ, ես ինձ խաբված չեմ զգում՝ ի սկզբանե չեմ հավատացել Նիկոլին ու ի սկզբանե խոսել եմ էդ մասին ու ինձ պես՝ շատերը։ Ես սրանցից չեմ ունեցել դրական սպասում, բայց դուք տեսնում եք, չէ՞, որ հետ ենք գնում ամեն հարցում։ Մենք գնում ենք դեպի տոտալ ճգնաժամ։
Նիկոլենք ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես․ սուտ է, ամբողջ աշխարհում տարբերակներ են մտածում ժողովրդին վիճակից դուրս բերելու համար, մի երկիր սահմանում է գների վերին շեմ, մեկ այլ երկիր սառեցնում է որոշ գներ, երրորդ երկիրը աշխատավարձի ինդեկսացիա է անում, դո՞ւք ինչ եք նում, աղամաններ եք հավաքու՞մ։
Խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում, ճգնաժամն ամենուր է։
2018 թվականին երբ եկան իշխանության Նիկոլ Փաշինյանն ու թիմը, ի՞նչ հարցեր էինք քննարկում, հիշում ե՞ք։ Մի հատ հիշեք էն ժամանակ։ Սրանք ժողովրդի մեջ սերմանեցին վախ ու հարմարվողականություն․ կա՛մ հարմարվի սրան, կա՛մ ավելի վատն է լինելու, պատերազմ է լինելու։ Քաղաքացին, որ Նիկոլի կառավարման 4 տարիների ընթացքում կորցրել է առողջությունը, կորցրել է հայրենիքի մի մասը, կորցրել է տունը, հիմա էլ արդեն հաց ուտելու վտանգի տակ է։ Քեզ համոզում են, թե Թուրքիայի հետ սահման կբացեն, առևտուր կանես, լավ կապրես․ դուք ի՞նչ գիտեք, թե ինչ են բանակցում հիմա։ Բանակցում են ինչ ուզում են, վաղը կախվածության մեջ են դնելու Թուրքիայից, նա էլ որ պահին ուզենա՝ օդերը փակի, ոնցոր Ադրբեջանը ջարդեց գազի խողովակը ու Արցախին թողեց իրենցի կախվածության մեջ․ հիմա էլի որ պահին ինչ ուզենա՝ կանի։
Ձեր կարծիքով, էս իշխանությունը մտածո՞ւմ է այդ մասին։ Նրանք հատուկ ծրագրով եկել են, նույն չվերթով էլ հետ են գնալու, նրանք արդեն իրենց գրին քարտն ունեն, երբ որ ավարտեն անելիքը, գնալու են, հեռանալու են, ամեն մեկը գնալու է էն երկիրը, որտեղից իրենց աջակցում են, աչք են փակում իրենց ապօրինությունների վրա, դուք եք մնալու, մենք ենք մնալու։ Դուք եք մնալու մութ ու ցուրտ տարիների մեջ շրջափակված ապրեք, դուք եք վերադառնալու «կռուժկով» լողանալու ժամանակաշրջան։ Իրենք էս պահին վայելում են, հետո կգնան ուրիշ երկրում «վաստակածը» վայելելու։ Մի թոշակառու ասում է էս խանութում չեմ տեսնում մի իշխանավորի առևտուր անելիս, որ մի լավ տեղը դնեմ։ Չես էլ տեսնելու, էն մարդիկ կարիք չունեն խանութը դատարկելու, եթե դու հիմա 10 կիլո մակարոն ես առնում, որովհետև վաղը 100 դրամով որ թանկանա, էլ չես կարողանա գնել, էդ մարդիկ վաղն էլ, մյուս օրն էլ փող ունենալու են, որ հա՛մ 5 հազար դրամով պեսոք առնեն, հա՛մ իկրա առնեն, դրսերում էլ հանգստանան։ Քեզ էլ մի հատ զեկույց դեմ կտան, թե իբր տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն ես, կուրախանաս, թե՝ տե՞ս Նիկոլն ինձ երջանիկ է դարձրել։
Կարճ ասած՝ մենք ունենալու ենք մշտական ծանր վիճակ, աղետալի շրջափուլի մեջ ենք մտնելու, քանի դեռ Հայաստանի ղեկավարությունն այս թիմն է։ Պետք է նոր իշխանություն, այնպիսի իշխանություն, որը ճգնաժամային ժամանակներում կարող է կառավարել։ Այս իշխանությունն անգամ չգիտի մեր առաջնահերթությունները որոնք են, քննարկվող հարցերի օրակարգն է դա փաստում։
Քանի դեռ Նիկոլի իշխանությունն է, ունենալու ենք սով, պատերազմ, աղետ։ Կա՞ այս ամենը փոխելու, վտանգները փոքրացնելու տարբերակ։ Վերացնել չենք կարող, կանխել չենք կարող, բայց կարող ենք տակից դուրս գալ։ Կա տարբերակ․ իհարկե՝ անհնար ոչինչ չկա, բայց մենք հիմա լրիվ հակառակ ճանապարհով ենք գնում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը