19 12 2020

Ոստիկանապետը ճնշում է ծառայակիցներիս, որ կանխի հրաժարականները․ Կապիտան Վարդան Հովհաննիսյան



 

Ոստիկանական համակարգի ծառայողների հայտարարությունները իսկական խուճապ են ստեղծել համակարգի ներսում: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն անցել է ճնշումների, որպեսզի կադրերի արտահոսքը կանխի: Այս մաիսն Yerevan.Today-ի տաղավարում հայտնել է Ոստիկանության հատուկջոկատային գումարտակի պահեստազորային կապիտան Վարդան Հովհաննիսյանը: Նա նաև մի քանի սկանդալային հայտարարություն է արել, որոնք միանշանակ խոսում են հանցագործության մասին:

«Համակարգը լքելու՝ շատերիս հայտարարություններից հետո ակտիվ հանդիպումներ ենք  ունեցել մեր ծառայակից ընկերների հետ, քննարկում ենք երկրում լարված վիճակը, ելքերը: Շատերն են ուզում համակարգից դուրս գալ, բայց վախենում են ճնշումներից, այդ թվում՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի: Այո, գլխավոր ոստիկանապետը ճնշումներ է գործադրում, համոզում է տղաներին չգիտեմ ինչ ձևերով, բայց ես հույս ունեմ, որ  մեր ընկերները ուժ կգտնեն իրենց մեջ և կմիանան համաճողովրդական շարժմանը, որպեսզի երկիրը օրհասական վիճակից փրկեն:

Փա՛ռք Աստծո, որ այսքանից հետո ոստիկանների ներսում սև-սպիտակ բաժանումը չկա, մենք չթիրախավորվեցինք ներսում այն բանի համար, որ դուրս եկանք միանալու համաժողովրդական շարժմանը։ Միակ հարվածողը նորից իշխանությունը դուրս եկավ: Մենք թիրախավորվեցինք միայն սոցցանցերում, այն էլ՝ ֆեյքերի բանակի կողմից, անպատվաբեր խոսքեր, քոմենթներ գրվեցին մեր հասցեին։ Մենք գիտակցում ենք, որ սա իշխանության վերջին գործիքն էր մեր դեմ, արհամարհեցինք և անցանք առաջ»,- Yerevan.Today-ին հայտնել է ոստիկանության կապիտանը:

Ի դեպ, Վարդան Հովհաննիսյանը բավականին ուշագրավ հայտարարություն արեց այն չինական սևազգեստ դիմակավորված անձանց մասին, որոնք իբրև ոստիկանական զորքի հատուկջոկատային խումբ՝ ներմուծվել էին  նոյեմբերի 20-ին ոստիկանական շարքեր, որպեսզի Երևանի փողոցներում ճանապարհը փակող ակցիաների մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկեին:  Վարդան Հովհանիսյանը, իբրև հատուկջոկատային կապիտան, ասաց, որ չի ճանաչում այդ համազգեստը և վստահաբար պնդում է՝ այդ օրը իշխանությունը լրացուցիչ ռեսուրս է ներմուծել ոստիկանական շարքեր, որոնք ոչ միայն սխալ համազգեստով էին, այլև իրականում դիմակավորված լինելու իրավունքը չունեին․ «Դիմակավորված լինում են բացառապես քրեական օպերատիվ հետախոսւզական աշխատանքների ժամանակ, իսկ խաղաղ ցուցարարների դեմ երբեք չպետք է հանվեին։ Ես չգիտեմ՝ ովքեր էին նրանք և ում հրամանն էին կատարում, բայց նրանք մեր տղաները չէին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ