19 10 2024

«Ուղեղլվա․ մաս 6»․ Փաշինյանի խոստումները բանակին և Ռուսաստանի Դաշնությանը



 

«Ուղեղլվա» շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։

Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 12-ի իրադարձություններից է։ Այդ օրը նա ՊՆ-ում ներկայացրեց նորանշանակ Դավիթ Տոնոյանին, խոստումներ ու հանձնարարականներ տվեց, այնուհետև ֆեյսբուքյան էջում հրապարակեց հարցազրույց «Ռոսիա 24»-ի հետ։

Նախ՝ ՊՆ-ի հանդիպման մասին․

«ԶՈւ-երի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև բոլորս հասկանում ենք, որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի ՀՀ-ի, ԱՀ-ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա:

Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ:

Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈւ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈւ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈւ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է:

Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են բանակ

Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Ե՛վ հակառակորդի գործողությունների, և՛ տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Եվ հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար:

Ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում այսօր կա կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը, գուցե ոչ այնքան՝ որքան բանակը, բայց առնվազն ունենք պոզիտիվ իրավիճակ, որը բացառիկ է: Սա պետք է կարողանանք վերածել կոնկրետ արդյունքների, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի անվտանգային միջավայրը և որոնց արդյունքում այն դրական մթնոլորտը, որ հաստատված է հանրապետությունում՝ կպահպանվի»։

«Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում հարցազրուցավարը մշտապես կասկածներ էր հայտնում, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ջռրմությունը կպահպանվի, Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ինչին ի պատասխան Փաշինյանը նշում էր, որ չկա նման բան։

«Կարծում եմ, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությւոնները կփոխվեն, բայց դեպի լավը։ Ես դրանում գործնականում համողվածեմ»,- հարցազրույցում ասում է Փաշինյանը՝ հավելելով․ «Մենք շատ սերտորեն կապված ենք, անհնար է չհամագործակցել Ռուսաստանի հետ, սա Հայաստանի ազգային հետաքրքրությունների և ազգային անվտանգության հարց է։ Ինչ-որ մեկը կարող է մեր վրա ճնշում գործադրել, որ մենք մեր դեմ գործե՞նք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Շարքը ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ