16 03 2022

Ինչպե՞ս խոստանալ էժանացում, գալ իշխանության և արդարացնել թանկացումները․ Փաստեր ու թվեր



2018 թվականին Նիկոլ Փաշինյանը զարմանում էր, որ լոլիկը 800 դրամ է, այսօր ՀՀ ամբողջ բնակչությունն է տարակուսած այն գներից, որ ամեն օր փոփոխվում են: Հաց, ալյուր, շաքարավազ, ձեթ: Ցանկն ամեն օր է լրացվում, գներն էլ երկրաչափական պրոգրեսիայով են աճում: ՏՄՊՊՀ նախագահն ու երկրի վարչապետն էլ ձայն ձայնի տված ավետում են, որ շաքարավազն ավելի կթանկանա, առաջիկայում էլ որևէ լավ բան չի լինի:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 10,1 տոկոսով, միսը՝ 9,6 տոկոսով, կարագը՝ 7,8 տոկոսով, շաքարավազը՝18,2, պանիրը՝17,2 տոկոսով, բանջարեղենը՝31,1 տոկոսով։ Գներն աճում են, բայց Փաշինյանն այլևս շուկաներով ու խանութներով չի շրջում, ապրանքների գներով չի հետաքրքրվում, կառավարության նիստից նիստ արձանագրում է գնաճի փաստն ու անցնում առաջ: Ի դեպ, եթե սկզբում ասում էր կզսպենք,  մի բան կանենք, հիմա շատ ուղիղ ասում է՝ ոչ մի լավ բան չի լինելու, աշխարհում էլ է այդպես:

Հայաստանում ամուսնությունների թվի աճն ու Կովկասյան ընձառյուծի անտառներ վերադառնալը իր հետ կապող Փաշինյանը հիմա ասում է՝ հացն ամեն օր թանկանալու հետ մենք կապ չունենք, աշխարհն է մեղավոր: Մտափոխվել է նաև էկոնոմիկայի կատակասեր նախարարը: Քերոբյանը նախավերջին կառավարության նիստին անգամ կատակելու տրամադրություն չուներ, հավանաբար նա այլևս չի համարում, որ գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում, այլ հորդորում է հող մշակել:

Հավանաբար, իշխանությունում արդեն մոռացել են, որ իրենց ասած այդ գնաճի բումը համընկնում է հենց այն ժամանակահատվածին, երբ նորից, իրենց իսկ ասելով, գնաճը պետք է մեղմվեր: Գնաճի համար պատասխանատու կառույց Կենտրոնական բանկը որպես վերջնաժամկետ նշում էր այս տարվա երկրորդ եռամսյակը:

Բացի պարենային մթերքներից թանկացել են նաև կոմունալները: Հունվարի 1-ից ջուրը թանկացել է 20 դրամով` 180 դրամից դառնալով 200 դրամ, իսկ փետրվարից էլ հոսանքը թանկացել է միջինը 4.7 դրամով: Ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա՝ սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Ինչո՞ւ այսպես եղավ, ո՞րն է պատճառը, ինչո՞ւ էին մեզ խոստացել սրա բոլորովին հակառակը: Հարցեր են, որ կառաջանան ձեր և անգամ ձեր հարևան Պողոսի մոտ:

Իսկ իշխանությունը այս ու այն կողմ չի ընկնում, շատ ուղիղ ասում է՝ մեր իշխանության թանկացումները հիմնավոր են:

Ստացվում է, որ նախկինում, որ ավելի քիչ էին թանկանում, անհիմն էին, հիմա, որ թանկանում են մինչև 200 տոկոսով՝ կախված ապրանքից, հիմնավոր են։ Այսինքն՝ քաղաքացու համար ավելի լավ է հիմնավոր աղքատացո՞ւմը։

Իրավիճակը, մեղմ ասած, վատ է, երբ իշխանությունը խոստովանում է, որ վստահության քվե խնդրել է ոչ թե լուծումներ գտնելու, այլ խնդիրները խորացնելու, բայց դրանց գոյությունը արդարացնելու համար: Նախկին ընդդիմադիր Փաշինյանը, գոնե փոքր-ինչ ստեղծագործական մոտեցում ուներ՝ թանկացումներին այլընտրանք էր առաջարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ