ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» ու կից ներկայացված օրենքի նախագծերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Նախագծով օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու համար օդանավակայանի տաքսի-կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ։ Իսկ իրավախախտումների համար, եթե առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղիից փոխադրումներ իրականացնեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, թե սովորական տաքսիով քաղաքացին կարո՞ղ է գալ օդանավակայան:
«Բա որ սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում։ Խախտումների համար 50 հազար դրամ տուգանքը քիչ չէ՞։ Թող շատ լինի, որ ընդհանրապես չանեն», - ասաց նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը չհամաձայնեց Աղազարյանի հետ:
«Իրականում, օրինագիծը շատ կարևոր է, շատ ողջունելի է, որ կանոնակարգվում է: Ինչ վերաբերում է տուգանքներին՝ 50 հազարը անգամ ավելին է, որովհետև այն վարորդը, որը պետք է օդանավակայանից տանի, չեմ կարծում, որ պատրաստ կլինի այդ տուգանքը վճարելուն, պետք է դադարեցնել ՀՀ քաղաքացուն ու, առհասարակ, տնտեսվարողներին որպես տուգանքի միջոց դիտարկելը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը