06 08 2021

Գյուղատնտեսությունը սպասում էր, թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն․ Հրանտ Բագրատյան

Գյուղատնտեսությունը սպասում էր,  թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն․ Հրանտ Բագրատյան

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է.

«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2021թ 1-ին կիսամյակի արդյունքները։ Ըստ այդմ հանրապետության տնտեսությունն աճել է 5%-ով, աճել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և նույնիսկ ծառայությունները։ Առաջին հայացքից դինամիկա կա։ Ճիշտ է տնտեսության աճն ավելի փոքր է (առայժմ), քան կառավարության պլանավորածը և չի թույլ տվել վերականգնել 2019-ի մակարդակը (2020-ին անկումը 7.6% էր)։ Փորձենք այս երևույթին ավելի մասնագիտական աչքով նայել։ Նախ, արդյունաբերության հավելաճը (2.1%) իրականում չկա։ Այն ապահովվել է (այս էլ որերորդ անգամ) հանքարդյունաբերության աճի շնորհիվ (7.2%)։ Առանց հանքարդյունաբերության արդյունաբերությունում անկում է՝ 98.9%։ Երկրորդ, ակնհայտ են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աճի ցածր տեմպերը։ Թերևս, միակ բացառությունը արևային ու հողմային կայանների տեսակարար կշիռների ավելացումն է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մինչև 1%։ Բայց դա ծիծաղելի թիվ է միջազգային համեմատության մեջ։

Կիսամյակի արդյունքներով ներառված են գյուղատնտեսության թվերը։ Այստեղ հավելաճը կազմել է 6.8%։ Թիվն, իհարկե, հավատ չի ներշնչում։ Կորցված է 10 հազ. քառ. կմ Արցախում, այդ թվում Քարվաճառի արոտավայրերը, չենք կարողանում օգտագործել շուրջ 800 քառ. կմ արոտներ ՀՀ տարածքում, երաշտ և այլն։ Տարօրինակ է, գյուղատնտեսությունը սպասում էր,  թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն։ Բացի այդ, գյուղատնտեսության թվերի կամայական հավելագրումն ԱՎԾ կողմից ակնհայտ է դառնում, երբ նայում ենք վերամշակող արդյունաբերության սննդի հատվածի արտադրանքի թողարկման ֆիզիկական ծավալներին։ Ամենուր անկում է։ Ի վերջո, 2021-ի 1-ին կիսամյակում ՀՀ բնակչությունը պակասել է 94 հազ. մարդով (սարսափելի արտագաղթ կա), գյուղմթերքների արտադրությունն ավելացել է 6.8%-ով և սննդամթերքի գներն աճել են 7.8%-ո՞վ։ Սա ամնհնարին է։ Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ եթե այդ թվերը ճիշտ են, ապա պետք է տեղի ունենար 14-15% գնանկում։ Գյուղատնտեսության թվերի հավելագրումները ԱՎԾ 23-ամյա խաբեբայությունների շարքից են։ 

Բնակչության իրական եկամուտները պակասել են 0.3%-ով։ Բյուջեի եկամուտները նույնպես էական դինամիկա չեն ունեցել։Այսպես, 2021-ի հունվար-հունիսին դրանք կազմել են 750 մլրդ.դրամ և ավել են եղել 2020-ի համանուն ցուցանիշից (680 մլրդ դրամ) 10%-ով։ Ասել կուզի պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ դինամիկայի նկատմամբ պակասել են։ Ունենք 5.7% գնաճ և 5% տնտեսական աճ է։ Որպեսզի հաշվետու տարվա (2021) S1 բյուջետային եկամուտները համեմատենք բազիսային տարվա (2020) S0 եկամուտների հետ, ապա S1-ը S0-ից պետք է առնվազն մեծ լինի «գնաճ х տնտեսական աճ» արտադրյալի չափով։ Այսինքն, 2021թ հունվար-հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները պետք է լինեին 754 մլրդ դրամ՝ 750-ի փոխարեն։ 

Հիմա անդրադառնանք զբաղվածությանը։ ԱՎԾ-ն պնդում է, որ 2021-ի 1-ին եռամսյակում 2020-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ով (19.7%-ից դարձել է 17%)։  Այդպե՞ս է արդյոք։ Գործազրկության մակարդակը սինթետիկ ցուցանիշ է. գործազուրկների թիվը բաժանում ենք աշխատուժի վրա։ 2021-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 193 հազ. գործազուրկ, իսկ աշխատուժը եղել է 1136.8 հազ. մարդ։ Ճիշտ 17%։ 2020-ին թվերը եղել են այսպիսին. 232.8 հազ. և 1178.8 հազ. մարդ (19.7%)։ Հիմա, զբաղվածներ, այսինքն աշխատողներ, 2020-ին ունեցել ենք 946 հազ. մարդ, իսկ 2021-ին... 943.8 հազ մարդ։ Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Շատ պարզ։ 43 հազ մարդ, աշխատող, մահացել է, զոհվել է պատերազմում, համաճարակի զոհ է դարձել և/կամ հեռացել է երկրից։

Նրանց աշխատատեղերը զբաղեցրել են հերթի կանգնած գործազուրկները։ Եվ սա մենք գովու՞մ ենք։ Սա էլ ասենք. 2017-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 974.5 հազ. մարդ։ «Ժողովրդական» իշխանության շնորհիվ վերջին 4 տարում աշխատողների թիվը պակասել է ուղիղ 40 հազ. մարդով։ Եվ իրոք, 2021-ի 1-ին կիսամյակում 94338 մարդ լքել է երկիրը։ Սա էլ եղել է գործազրկության իջեցման հիմնական գործոնը։ Մարդ չկա, ուրեմն գործազուրկ չկա։
Ուրախացնում է ծնվածների թվի հավելաճը (8.9% 2020-ի նկատմամբ)։ Դժբախտաբար մահացածների թիվն աճել է 15.2%-ով։ Ցավալին այն է, որ  արդեն 3-րդ տարին է, երբ մահացածների թիվը գրեթե հավասարվել է ծնվածների թվին։ Արդյունքում, մեր գնահատմամբ, մարդկանց կյանքի միջին տևողությունը վերջին տարիներին 75.5-ից դարձել է 74.3»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ