Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արդեն մի քանի օր է, ինչ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Երևանի Բաղրամյան փողոցում։ Թերևս դա կարելի է համարել «ընտրանքային կարկատան»։
Թե ինչո՞վ էր պայմանավորված այս օրերին դրա հրատապությունը և անհրաժեշտությունը, այդպես էլ պարզ չդարձավ։Բաղրամյան փողոցը թերևս ո՛չ տեսողական, ո՛չ էլ կիրառական տեսակետից դրա անհրաժեշտությունը չուներ։ Ասֆալտածածկույթն էլ գտնվում էր բավական բարվոք վիճակում։ Փոխարենը` մի քանի օր շարունակ երթևեկությունը քաղաքի այդ ամենաբանուկ մայրուղիներից մեկում, հատկապես պիկ ժամերին, գտնվում էր կոլապսային վիճակում։ Իսկ դա տրանսպորտային միջոցների տերերի և վարորդների համար արժեցավ տասնյակ հազարավոր լիտրեր և խորանարդ մետրեր վառելիք ու նյարդեր։ Եթե նույնիսկ այդ աշխատանքների անհրաժեշտությունը կար, ապա դա կարելի էր անել թեկուզ դպրոցական արձակուրդները սկսվելուց հետո։ Ակնհայտ է, որ այս հարցը իշխանությունների համար հստակ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ։ Իսկ հիմա` ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ։
Ինչպես Երևանի կենտրոնական և նշանակություն ունեցող մի շարք փողոցներ, այդպես էլ Բաղրամյան փողոցը, վերջին անգամ հիմնանորոգվել է և, բնականաբար ասֆալտապատվել է, շուրջ 15-16 տարի առաջ, Քըրք Քրքորյանի կողմից հիմնադրված «Լինսի» հիմնադրամի միջոցներով` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ նախագահության տարիներին։ Կարելի է փաստել, որ կատարվել էր որակյալ աշխատանք։ Այդ հիմնադրամները, կամ այլ միջոցները, լինեն դրանք մեր հայրենակիցների կողմից ստեղծված, թե այլոց, հենց այնպես, «ինքնակամ» չեն եկել և չեն գալու Հայաստան։ Այդ ամենի հետևում եղել է և լինելու է մարդու գործոնը, հետևողական և քրտնաջան աշխատանքը։ Իսկ այդպիսի շատ աշխատանքներ և ջանքեր կատարել ու գործադրել է ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` նաև, մասնավորապես «Լինսի» հիմնադրամը, այսպես ասած` Հայաստան «բերելու» գործում։ Մեկ գրառման շրջանակներում, բնականաբար, չենք կարող անդրադառնալ դրա ամբողջ ծավալին, տնտեսական ու սոցիալական հսկայական նշանակությանը։ Թերևս բավական է նշել միայն, որ ընդամենը երկու տարվա ընթացքում (2000-2001) այդ աշխատանքների արդյունքում ստեղծվեցին շուրջ 40 հազար ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԱԵՂԵՐ։ Եվ դա նույնպես պարոն Քոչարյանի անուրանալի վաստակն է։ Առայժմ այսքանը....»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը