Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով:
Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի»-ի 9-րդ եւ 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը եւ դրա հետեւանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը:
Փաշինյանը նշել է, որ կառավարությունը գործնականում յուրաքանչյուր շաբաթ ընդունում է տարբեր որոշումներ, որոնք կապված են նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ: «Այսօր էլ կառավարության նիստում հերթական այդպիսի որոշումն ընդունեցինք: Մենք այսօր պիտի քննարկենք այն գործողությունների ծրագրի նախագիծը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը եւ ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձեւակերպենք մեր առաջ եւ լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք եւ հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել եւ անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը:
Նշվել է, որ ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի եւ տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին եւ քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ:
Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը