07 01 2021

«Իշխանությունները» կրկին ձախողել են գազային բանակցությունները Մոսկվայի հետ․ Վահե Դավթյան

«Իշխանությունները» կրկին ձախողել են գազային բանակցությունները Մոսկվայի հետ․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը։

«2021 թ. առաջին եռամսյակի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը Հայաստանի համար չի փոխվի՝ կազմելով 165 դոլար 1000 խմ դիմաց:

Ու սա այն դեպքում, երբ ներկայումս եվրոպական շուկայում Ռուսաստանից արտահանվող գազի սփոթային գինը հազիվ հասնում է 160 դոլարի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ պայմանագրային գներին, ապա, օրինակ, Բելառուսի դեպքում այն կազմում է 127 դոլար, Մոլդովայի դեպքում՝ մոտ 125 դոլար: 2020 թ. մայիսին ՛՛Գազպրոմը՛՛ 15%-ով իջեցրեց գազի գինը նաև Վրաստան համար:

Հիշեցնեմ, որ դեռ 2020 թ. գարնանը ՀՀ կառավարությունից նամակ ուղղվեց ՛՛Գազպրոմր՛՛ նախագահ Ա. Միլլերին՝ Հայաստանի համար գազի գինը վերանայելու խնդրանքով: Այնուհետև բազմիցս հայտարարվում էր, որ հայկական կողմը գործադրում է բոլոր ջանքերը՝ 2021-ին Հայաստանի համար ավելի բարենպաստ գնային պայմաններ ձևավորելու համար: Այժմ ակնհայտ է, որ իրենց իշխանություն համարող դիլետանտները ոչ միայն չեն կարողացել շտկել իրավիճակը, այլ վերջին երկու տարվա ընթացքում ամբողջությամբ ձախողել են գազատրանսպորտային քաղաքականությունը: Դա իր արտահայտումն է գտել 2019 թ. սահմանին գազի գնի բարձրացման (15%) և 2020 թ. ամռանը ներքին սակագների աճի (6%) տեսքով:

Հատկանշական է, որ ՛՛Գազպրոմը՛՛ անփոփոխ է թողնում Հայաստան արտահանվող գազի գինը միայն առաջին եռամսյակի համար: Մինչդեռ, որպես կանոն, այդ պայմանագիրը կնքվում էր 1 տարվա կտրվածքով: Հարկ է նաև ընդգծել, որ նույն Բելառուսի կամ Մոլդովայի, ինչպես նաև մնացած բոլոր պայմանագրային գնորդենրի համար ՛՛Գազպրոմը՛՛ հունվարի 1-ից գինը սահմանել է 1 տարով:

Ի՞նչ է սա նշանակում:

Նախ՝ նման կարճաժամկետ պայմանագրի կնքումը հայ-ռուսական հարաբերությունների ձախողման, Երևանի հանդեպ Մոսկվայի վստահության բացակայության ուղիղ արգասիքն է:

Մյուս կողմից, համաշխարհային շուկայում գազի գները սկսում են վերականգնվել, ինչը հատկապես դրսևորվում է ասիական շուկաներում: Ուստի, առավել քան իրական է դառնում մոտ ապագայում՝ տարվա երկրորդ եռամսյակում գազի գնի բարձրացման հեռանկարը նաև Հայաստանի համար»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ