Politeconomy.org-ը գրում է․ «Դատելով այս տարվա հունվար-հուլիսի մակրոտնտեսական ցուցանիշներից՝ տնտեսական անկումը դեռ չի կանխվել: Այդ մասին առաջինը «հուշում է» մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության գործակիցը: Այն առաջին կիսամյակի տվյալներով 95.3 տոկոս էր նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: Իսկ հունվար-հուլիսինը մեկ տոկոսով ցածր է՝ 94.3: Արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ոգևորիչ չէ: Մի կողմից փոքր թվի պատճառով: Մյուս կողմից առայժմ պարզ չէ, թե որ ոլորտի հաշվին է այն արձանագրվել: Մեկ ամիս առաջ արձանագրված 1.3 տոկոսանոց աճը հանքահումքային արդյունաբերության ու բացահանքերի շահագործման հաշվին էր: Շինարարության ոլորտն էլ շարունակում է նկատելի ետ մնալ անցած տարվանից՝ կրճատումը 22.6 տոկոս է: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, որ առաջին կիսամյակի տվյալներով 4.4 տոկոս աճ ուներ հուլիս ամսին, ուղիղ մեկ տոկոսով «դանդաղել է»՝ անցած տարվա հունվար-հուլիսի համեմատ 3.4 տոկոս է աճը: «Ուշքի չի գալիս» ծառայությունների ոլորտը, որի նահանջն առաջին յոթ ամիսներին նվազել է 6.4 տոկոսի չափով: Նվազել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Շարունակում է նաև առևտրի ոլորտի անկումը: Նախ ներքին առևտրի ծավալների մասին: Առևտրի շրջանառությունը երկու ամիս է «կայունացել է» 11 տոկոսանոց կրճատման ցուցանիշի վրա: Իսկ արտաքին ապրանքաշրջանառության անկումը դեռ չի կայունացել: Անկումը խորացել է 0.6 տոկոսով՝ 11.3 տոկոս առաջին կիսամյակի 10.7-ի փոխարեն: Անցած տարվա արտահանման ծավալը 1 մլրդ 417.5 մլն դոլար էր: Այս տարվա ցուցանիշը 1 մլրդ 333.8 մլն դոլար: Արտահանումը կրճատվել է 6.4 տոկոսով: Ներմուծումներն ավելի մեծ չափով են նվազել: Անցած տարի ներմուծվել էր 2 մլրդ 778 մլն դոլարի ապրանք: Իսկ այս տարվա «գինը» 2 մլրդ 405 մլն դոլար է: Կրճատումը 13.7 տոկոս է:
Մեր վիճակագրությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական նախնական 7 ցուցանիշ (կամ ցուցանիշների խումբ) է հրապարակում: Այդ յոթ ցուցանիշներից մեկը միջին անվանական աշխատավարձն է: Աշխատավարձի չափի հրապարակումը՝ հարկերը ներառյալ, արվում է հավանաբար այն պատճառով, որ այդպես աշխատավարձի չափն ավելի մեծ է: Կամ ավելի «պատկառելի»: Աշխատավարձի աճի թեման էլ մեր իշխանությունների հպարտանալու առիթներից է: Բայց այս անգամ աշխատավարձերի չափի թվերում մի հետաքրքիր «մանրուք» կա: Աշխատավարձի խմբում միանգամից երեք տվյալ է ներկայացվում: Նախ հրապարակվում է միջին անվանական աշխատավարձը: Այս տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով՝ այն կազմել է 187 հազար 224 դրամ: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 5 տոկոս է: Բայց վիճակագրությունը նաև առանձին-առանձին ներկայացնում է միջին աշխատավարձը պետական և ոչ պետական հատվածներում: Հասկանալի է, որ պետական հատվածի միջին աշխատավարձը միշտ ավելի ցածր է եղել, քան տնտեսության ոչ պետական հատվածում: Այս տարվա յոթ ամիսների հաշվարկով աշխատավարձը ոչ պետական հատվածում կազմել է 197 հազար 603 դրամ: Եւ վերջին տարիներին առաջին անգամ ոչ պետական հատվածում ավելի ցածր ցուցանիշ է, քան արձանագրվել է նախորդ ամսին: Առաջին կիսամյակում աշխատավարձի միջին չափը 198 հազար 323 դրամ էր: Հետևաբար կարելի է ենթադրել, որ աշխատավարձերը մեր երկրում բարձրանում են, որովհետև բարձրանում են պետական ոլորտում աշխատողների աշխատավարձերը: Կոնկրետ այս տարվա աճը նախորդի համեմատ կազմել է 7.7 տոկոս: Զուտ թվերով հունվար-հունիսին պետական ոլորտում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ էր: Իսկ հունվար-հուլիսին արդեն՝ 165 հազար 813 դրամ:
Այսպիսին են հունվար-հուլիսի մակրոտնտեսական թվերը:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը