22 07 2020

Կենսաթոշակային ֆոնդերի կատարողականը կտրուկ նվազել է․ ԿԲ

Կենսաթոշակային ֆոնդերի կատարողականը կտրուկ նվազել է․ ԿԲ

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում կենսաթոշակային ֆոնդերի կատարողականը կտրուկ նվազել է, սակայն իրավիճակը արդեն կայունացել է: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ուժի մեջ մտած փոփոխությունների քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

Նա նշեց՝ անցած վեց տարիների ընթացքում կենսաթոշակային ֆոնդերի բաժնեմասերը կայուն աճում են՝ նույնիսկ չնայած ցնցումներին: Առաջին նշանակալի անկումը գրանցվել է 2014-ին արտարժույթի շուկաներում տիրող իրարանցման պայմաններում, սակայն կենսաթոշակային ֆոնդերի համար ամենամեծ ցնցումը եղավ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

«Ինչպես ցույց է տվել փորձը, եւ ոչ միայն մեր կենսաթոշակային ֆոնդերի, այլեւ ամբողջ աշխարհի նմանատիպ ֆոնդերի դեպքում, անկումը ժամանակավոր բնույթ է կրում: Հայաստանի օրենսդրական կարգավորումը նպատակաուղղված է հենց ֆոնդերի գործունեության վրա ճգնաժամային իրավիճակների ազդեցությունը նվազագույնի հասցնելուն»,- նշեց նա:

Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ նա նշեց, որ համաշխարհային շուկաների անկման լույսի ներքո ֆոնդերի եկամտաբերությունը նվազել է: Հենց այդ պատճառով կուտակային ապահովագրության համակարգի շատ օգտվողներ, առաջին եռամսյակի իրենց զեկույցները դիտելիս, նկատել են բացասական ցուցանիշներ, սակայն լիարժեք գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել երկարաժամկետ ցուցանիշները, քանի որ կարճաժամկետ հեռանկարում տատանումներ միշտ լինում են: Եթե հաշվի առնենք կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները տարեսկզբից, ապա ակնհայտ է դառնում, որ եկամտաբերությունը վատ չէ, եւ այս միտումները պահպանելու դեպքում տարեվերջին այդ ցուցանիշը կկազմի 6-13%՝ կախված ֆոնդից: Եթե հաշվի առնենք եկամտաբերության մակարդակը ստեղծման օրվանից, ապա ցուցանիշները դրական են եւ նույնիսկ բարձր: «Կուտակումների 19-20%-ը կառավարումից եկամուտ է: Անցյալ տարվա վերջի դրությամբ կուտակումների ընդհանուր ծավալը կազմել է 251 միլիարդ դրամ, որից 48 միլիարդ դրամը եկամուտ է կառավարումից»,- տեղեկացրեց Շահնազարյանը: Կառավարումից եկամուտների տոկոսը տարեցտարի կաճի, եւ 2035-2037 թվականներին, մասնագետների կանխատեսումների համաձայն, դրանց մասնաբաժինը կհասնի 50%-ի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ