Տնտեսավարողների համար գազի գնի ավելի քան 6 տոկոս բարձրացումը տնտեսավարողների վրա կազդի ուղղակիորեն, իսկ սպառողների վրա՝ անուղղակիորեն: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով տնտեսվարողների համար գազի գնի բարձրացմանը:
«Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն իրենց վրա գազի գնի բարձրացման ազդեցությունը կունենան, որովհետև գազի կոմպոնենտն ինքնարժեքի մեջ մտնող բաղադրիչ ունի և այդ պարագայում բոլոր մյուս ոլորտները զգալու են կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի կերպով: Օրինակ, կարող է հացը թանկանալ, կամ կարող է չթանկանալ, բայց հացի քաշը պակասի, որպեսզի տնտեսավարողները կարողանան տեղավորվել, կամ էլ պետք է թանկացնեն, ինչն արդեն սպառողների վրա կազդի»,- նշեց Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով, գազի գնի մասով Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան բանակցել Ռուսաստանի հետ. «Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փաստացի սառեցված հարաբերություններ են, և ես սա ցավով եմ արձնագարում: Այդ սառեցված հարաբերությունները տարբեր դրսևորումներ են ստանում և՛ դիվանագիտական ոլորտում, և՛ տնտեսական հարաբերություններում, և՛ քաղաքական հարաբերություններում, այդ պարագայում ակնկալել, որ այս իշխանության օրոք մենք Ռուսաստանի հետ կարող ենք նորմալ բանակցել, հնարավոր չէ»:
Անդրանիկ Թևանյանը նաև ընդգծեց՝ շատ վատ մեսիջներ ենք ստանում, որ փաստացի իշխանությունը հերթական անգամ ստեց. «Եթե հիշում եք, իշխանությունը սկզբնական փուլում ասում էր, որ գազն էժանացնելու է, հետո ասացին, որ փորձելու են գազի գինը նույնը պահել, հիմա փաստորեն մենք ունենք թանկացում, և մեզ ասում են, որ սպառողների համար չի թանկանա: Եվ այստեղ մի ուրիշ բաղադրիչ էլ կա՝ գազային ոլորտում ներգրավված լայնամասշտաբ կրճատում և աշխատավարձերի իջեցում է սպասվում, որը նույնպես կազդի և՛ առանձին անհատների կենսամակարդակի, և՛ ընդհանուր սպառողական պահանջարկի վրա, որովհետև այդ մասով մենք փաստորեն կունենանք սոցիալապես ավելի վատ վիճակում գտնվող քաղաքացիներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը