Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 և 2019թ. հուլիսի 5-ի № 860 որոշումներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Վերջինիս կողմից իրականացվելու է մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից մակնշման կոդերի ստացում, տրամադրում ՀՀ տնտեսավարողներին, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման կազմակերպում:
Մինչև մակնշման ազգային օպերատոր սահմանելը, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները, Ռուսաստանի Դաշնության տարածք վերոնշյալ ապրանքախմբերից ապրանքներ տեղափոխելիս, կարող են մակնշման տեղեկատվության փոխանակումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:
Այսպիսով, մինչև ազգային օպերատորի սահմանումը, Ռուսաստանի Դաշնության ներմուծողը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել դրանք հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը