08 06 2020

Քննարկում ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ գազի գնի ավելի կայուն սակագին ունենալու հնարավորությունը. ՀԾԿՀ նախագահ



Մենք քննարկում ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի հունիս ամսին ԱԺ-ի նիստում:

Նրա խոսքով՝ այն նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար, նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում և առաջիկա 10 տարիների կանխատեսելի սակագնային մարժա, այսինքն կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կլինի, այդ գնից կախված կանխատեսելի կլինի մարժան և սպառողների համար ձևավորվող գները:

«Միջին գինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է 283 դոլար, որը 5 սպառողական խմբերի միջինն է առաջարկում: Այսօրվա գործող սակագինը 255 դոլար է, մեր աշխատակազմը առաջարկել է 266.7 դոլար: Ընդ որում, այդ միջին ՝ 266.7-ը առաջարկվում է այնպես, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չարվի, ավելանում են միջինի բարձրացման չափով ջերմոցները և վերամշակման գործարանները, և 10 հազար խորանարդից ավել սպառում ունեցողների գները»:

Անդրադառնալով ջրի գնին՝ նա նշեց, որ վարձակալության պայմանագրի համաձայն «Վեոլիա ջուր»-ը մինչև օգոստոի 1-ից 12-ը պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման ճշգրտման հայտ՝ ելնելով 4 գործոնից:

Իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գնին, Գարեգին Բաղրամյանը վստահեցրեց, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ