05 06 2020

Վարչապետի՝ գազի մասին 1 տարի 8 ամիս առաջ արած հայտարարության հետքերով

Վարչապետի՝ գազի մասին 1 տարի 8 ամիս առաջ արած հայտարարության հետքերով

2018թ․ սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց․ «Ես ՌԴ նախագահին ներկայացրեցի գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը, և ես նրան ասացի, որ 150 դոլարով ստանում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը, նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան և կարձանագրենք, թե ինչ է տեղի ունենում և կանենք հետևություններ»:

Այս հայտարարությունից անցել է մեկ տարի և 8 ամիս։ Yerevan.Today-ը հարցումով դիմեց կառավարություն՝ ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը վարչապետի հայտարարության առնչությամբ, արդյո՞ք ուսումնասիրություն իրականացվել է և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։

Կառավարությունից ստացանք հետևյալ պատասխանը․ «Ձեր կողմից նշված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿՀ ներկայացված գազի սակագները վերանայելու հայտի քննարկման ընթացքում»։

Կառավարությունը գլուխն ազատեց ու գտավ հարցին պատասխանելու հեշտ տարբերակ։ Սակայն, բնականաբար, սա ոտքի վրա գրված պատասխան էր։ Մենք կոնկրետ հարց ենք բարձրացրել, և կառավարությունը պետք է պատասխաներ, թե ինչ էր արել, ինչ արդյունք ունի, այլ ոչ՝ առաջարկեր սպասել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին՝ մեր պատասխանը ստանալու համար։ Եթե կառավարությունը քննարկում է արել գնագոյացման վերաբերյալ, դա պետք է լիներ հրապարակում-հաշվետվություն։ Եվ ուշագրավ է՝ որ դա արվել է գաղտնիության պայմաններում, քանի որ նման քննարկման մասին որևէ անգամ խոսք չի գնացել։

Պարզ է մեկ բան՝ վարչապետը պարզապես հայտրարել է՝ այդ պահին լրագրողի հարցին պատասխանելու համար։ Այն ժամանակ էլ էր կասկծելի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ի դեպ, վարչապետը մեկ նշում է, որ որևէ մեկին չի թողնի մեր ինքնիշխանության վրա ազդել, հաջորդ պահին հայտարարում է, որ այլ երկրի ղեկավարի առաջարկել է Հայաստանում գազի գնագոյացում ուսումնասիրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ