04 06 2020

Պարոն վարչապետ, լավ բաներից մի խոսեք, ձեր «աչքը բռնում է»

Պարոն վարչապետ, լավ բաներից մի խոսեք, ձեր «աչքը բռնում է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020թ․ մարտի 18-ին՝ ուշացումով արտակարգ դրություն սահմանելուց օրեր անց, հայտարարեց․ «Մենք իրականում բոլոր առումներով ամենալավ վիճակում գտնվող երկրներից ենք՝ փառք Աստծո, մինչև այս պահը: Առնվազն եկեք նայենք աշխարհի խանութներում, սուպերմարկետներում ինչ վիճակ է, Հայաստանում ինչ վիճակ է, մեզ մոտ ասիպտոմ դեպքերի քանակը մեծ է, այսինքն մարդու մոտ չկա ոչ մի ախտանշան, բայց մենք հետևողական գնացել ենք, մեծ թվով մարդկանց ենք ստուգել ու հայտնաբերել»:

Հունիսի 4-ին հայտարարեց բոլորովին այլ բան՝ գուժելով վարակվածների ռեկորդային թվի մասին․ «Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք»:

 Նիկոլ Փաշինյանը 2020թ․ մարտի 18-ին հայտարարեց․ «Մեզ համար մեր կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ այս անորոշությունները մեզ համար բացելու են նոր հնարավորություններ, և հետևաբար մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես հնարավորություն, պետք է նայենք հնարավորություն Հայաստանի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով դիրքերը աշխարհում ուժեղացնելու համար: Հույս ունեմ սա ցինիկ չի հնչի, այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին մենք ասում էինք, սա հիմա մենք դիտում ենք որպես զրոյական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակն իրոք եկել է»:

Մայիսի 6-ին, արդեն, նահանջ էր գրանցել հավակնոտ հայտարարությունից․ «Ճգնաժամը նոր-նոր սկսվում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն մեկ տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»։ Իսկ հունիսի 3-ին հայտարարում է, որ եթե այսպես շարունակվի, տնտեսական սահմանափակումները կվերականգնեն, բայց դա նշանակում է, որ մի քանի տարի տնտեսությունը չի վերականգնվի։

 2018թ․ ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանը կդառնա տուրիզմով ամենազարգացած երկրներից մեկը, որովհետև բոլորը կգան տեսնելու, թե այդ ինչ երկիր է, որ հեղափոխություն է արել։ 

2020թ․ հունիսի 2-ին, սակայն, հույս է հայտնում, թե․ «Հայաստանի Հանրապետությունում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա: Նախորդ տարի 41 տոկոս աճ ենք ունեցել, դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկս աճ ունենաք»: Այսինքն, հիմա էլ հույս է հայտնում, որ գոնե հայաստանցիները կգնան Հայաստանը տեսնելու։

 Այս ամենի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը չեն տիրապետում իրավիճակին, չկա վերլուծություն տնտեսության վրա ազդող գործոնների մասին։ Տնտեսությունը, ըստ նրանց, մեքենա է, որը բավական է ոտքդ դնես գազին ու կգնա։ Բայց իրենք եկել են ու «գազի պեդալը» հանել։

Կամ էլ, գուցե, պարզապես Փաշինյանի աչքը բռնում է։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ