Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է տարածել առ այն, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման դեպքում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով՝ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր:
Լավրովը, մասնավորապես, նշել է. «Ես այն կարծիքին եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,- ի պատասխան դիտարկմանը՝ ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների դեպքում:
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:
«Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,- ամփոփել է ԱԳ նախարարը։
Հարցին այն մասին, թե ինչու է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար ռուսական գազի գինը շարունակում բարձր մնալ այն պարագայում, երբ այդ գինը, անգամ հետին ամսաթվով, նվազում է ԵՄ անդամ մի շարք երկրների, օրինակ՝ Բուլղարիայի համար, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է, որ դա կապված է պայմանագրային պարտավորությունների հետ:
«Երբ գազի գինը Հայաստանի և Բելառուսի համար 2-3 անգամ ավելի ցածր էր շուկայականից, բոլորը դա իրողություն էին ընդունում և ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Ես, իհարկե, կարծում եմ, որ դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ, դրանում կասկած չկա: Բայց անգամ այս դեպքում, երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա է, կան պայմանագրային պարտավորություններ... Իսկ եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է արտահայտվեն բոլոր ոլորտներում: Տնտեսության մասին խոսելիս մենք հույս ունենք, որ վերջին երկու տարիներին մեր համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի դեմ հարուցված դատական գործընթացները կկարգավորվեն` առանց դաշնակիցներին ոչ սազական քայլերի: Ես դրա մասին անկեղծ եմ խոսում, քանի որ ռուսական մի քանի ընկերություններ հայտնվել են այսպիսի դժվարին իրավիճակում»,- հայտարարել է Լավրովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը