15 04 2020

Ծայրահեղ աղքատության չափանիշը պարենային աղքատության գիծն է. Արա Գալոյան

Ծայրահեղ աղքատության չափանիշը պարենային աղքատության գիծն է. Արա Գալոյան

Այս օրերի ամենամոդայիկ թեման աջակցությունն է: Առաջին նախարարից մինչև վերջին պատգամավորը փորձում են գտնել աջակցության կարոտ խմբեր: Գտնել՝ աջակցելու նպատակով: Իսկ դա հեշտ գործ չէ:

Աղքատության գնահատման վերջին լայն ուսումնասիրությունը վերաբերում է 2018թ-ին: Այն աղքատության վերին գիծ սահմանել է 42 621 դրամը: Սա ամսական և մեկ չափահասի հաշվարկով: Դրանից պակաս տնօրինող-ծախսողները (ու տնային տնտեսությունները) համարվում են աղքատ: Հայտնի բան է՝ այս տարվա հունվարից թոշակառուների մեծ մասին աղքատ չես համարի: Այս թվերի համադրությամբ: Բայց նույնիսկ այդ՝ 2018-ի ուսումնասիրությունը բնակչության 23.5 տոկոսին «համարում» է աղքատ: Ավելին, այն նաև սահմանում էր՝ ում համարել ծայրահեղ աղքատ:

Ծայրահեղ աղքատության չափանիշը պարենային աղքատության գիծն է՝ 2018-ին 24 827 դրամ ամսական չափաբաժնով: Աղքատության հաշվարկման մեթոդաբանության (ներդրվել է 2009թ․) համաձայն՝ պարենային աղքատությունը հաշվարկում է օրական էներգետիկական 2412.1 կիլոկալորիա հաշվարկով: Սակայն հաճախ պաշտոնական վիճակագրությունն այս ցուցանիշը նվազեցնում է օրական 2100 կիլոկալորիայի հաշվարկով: Պաշտոնական վերջին տվյալներով՝ բնակչության 9.5 տոկոսի մոտ սննդի օրական կալորիականությունը ցածր է այդ ցուցանիշից:

Ինքնին հետաքրքիր է դիտարկել, թե ինչ բաղադրություն ունի պարենային աղքատությունը կամ, որ նույնն է՝ նվազագույն պարենային զամբյուղը: Վիճկոմիտեն զամբյուղի կառուցվածքը ներկայացնելիս նշում է, որ այն կազմվել է «ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի»: Այն կարելի է համարել օրինակելի շաբլոն, ուր 11 անուն սննդատեսակներ են ներառված: Դրանք, բնականաբար, զամբյուղում տարբեր տեսակարար կշիռ ունեն: Որովհետև հաշվարկողներին կարելի է անվանել լավատես:

Ըստ զամբյուղի կառուցվածքի հեղինակների՝ հացամթերքը պիտի զբաղեցներ զամբյուղի 19 տոկոսը: Նշենք, որ հացամթերք ասածը միայն հացը չէ, այլ նաև մակարոնեղենը, բրինձը, ձավարեղենը, ընդեղենը: Սակայն, նույն պաշտոնական ուսումնասիրությունների համաձայն, աղքատ տնտեսությունների սննդակարգում հացամթերքը 19 տոկոսի փոխարեն փաստացի 31 տոկոս է կազմում:

Նվազագույն զամբյուղի հաշվարկում ԱՆ լավատես մասնագետները 27 տոկոս մսամթերք են հաշավարկել: Ուսումնասիրությունների թիվը 13.1 տոկոս է:

Բանջարեղենի զանգվածը զամբյուղում հաշվարկվել է 5.4 տոկոս (առանց կարտոֆիլի հաշվարկի): Ուսումնասիրություններում կամ եթե կուզեք՝ իրականում այն 14.9 տոկոս է:

Զամբյուղի հեղինակ-հաշվարկողները նույնիսկ մրգի հաշվարկում են անճշտություն թույլ տվել: Մեղմ ասած: «Նախատեսված» 8.5 տոկոսի փոխարեն իրականում մրգի տեսակարար կշիռը 6 տոկոս է: Հնարավոր է, որ սա թույլատրելի (կամ հասկանալի) անճշտություն է: Բայց կաթնամթերքի տոկոսային շեղումն ինքնին հնարավորություն է տալիս ԱՆ մասնագիտական հաշվարկը անսահման լավատեսական համարել: Տեսեք՝ նրանք ենթադրել են, որ կաթնամթերքի կշիռը պարենային զամբյուղում կազմելու է 22 տոկոս: Իրականում այն մոտավորապես 12.6 տոկոս է (կաթնամթերք ասածը ներառում է նաև կարագ-պանիր ապրանքախումբը):

Հետաքրքիրն այն է, որ աղքատագույն պարենային զամբյուղը հաշվարկելիս ենթադրվել է, որ բուսական յուղի մասնաբաժինը կլինի 1.3 տոկոս, իսկ կարագինը՝ 8.8 տոկոս: Մասնագիտական նման կարծիք-հաշվարկն իսկապես, որ անուղղելի լավատեսություն պիտի ենթադրել: Ու նման լավատեսությունն իրավ պիտի, որ դժվարություններ ստեղծի իշխանությունների համար: Նման լավատեսության պարագային անհնարինության աստիճան դժվար է գտնել տնտեսական աջակցություն ունեցող մարդիկ ու սոցիալական խմբեր: Հետևաբար մեր իշխանությունները լուրջ դժվարության են բախվել: Ու մենք՝ հոռետեսներս, չենք հասկանում դա:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ