09 04 2020

Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. քննարկում՝ գործադիրում

Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. քննարկում՝ գործադիրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները: Այս մասին տեղեկացնումէ կառավարության լրատվական ծառայությունը։

Նախ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ: Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: Նշվել է, որ վարկային ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալները կշարունակեն ընդլայնվել:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները հաջողությամբ կյանքի են կոչվում:

Այնուհետև քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած «Սեփական կապիտալի համաֆինանսավորման» ծրագիրը, որով առաջարկվում է գյուղատնտեսության, առողջապահության, արդյունաբերության, զբոսաշրջության և ռազմական արդյունաբերության ոլորտներում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացնել ներդրումային ծրագրեր: Ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ծրագրի իրականացման ուղղությամբ քննարկումները՝ դրա արդյունավետությունը գնահատելու նպատակով:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ