06 04 2020

Կառավարությանն ազնվությունն է պակասում, չկա նաև պրոֆեսիոնալիզմ. տնտեսագետ

Կառավարությանն ազնվությունն է պակասում, չկա նաև պրոֆեսիոնալիզմ. տնտեսագետ

«Կորոնավիրուսի տարածման պայամաններում Հայաստանի տնտեսական վիճակը պետք է գնահատել երկու առումով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը և պարզաբանեց. «Օբյեկտիվն այն է, որ ամբողջ աշխարհում վիրուսի տարածման պայմաններում տնտեսությունն ինչ-որ չափով կանգ է առել, և դա, բնականաբար, ազդում է ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա»:

Կա նաև սուբյեկտիվ գործոն, որը, ինչպես նշում է Թևանյանը, պայմանավորված է կառավարության դրսևորած ապաշնորհությամբ. «Վաղուց արդեն պարզ էր, որ պետք է բյուջեի վերանայում իրականացնել, և կառավարությունը պետք է կարողանար հատկացումներ անել սոցիալապես խոցելի խմբերին, սակայն դա չի արվում: Տնտեսական քաղաքականության առումով հիմա որևէ ծրագիր չի իրականացվում, որ և՛ տնտեսապես էֆեկտիվ լիներ, և՛ չնպաստեր վարակի տարածմանը»:

Տնտեսագետի խոսքով, այս պահին տնտեսական առումով կառավարության կողմից առհասարակ հեռանկար չի տրվում. «Այսինքն, չի ասվում, թե ինչ պետք է անեն և ինչ միջոցներով: Կառավարությունը չի կարողանում նաև բանակցել համաշխարհային բանկի հետ և այլն, որպեսզի կարողանա միջոցներ ներգրավել խնդիրները կարգավորելու համար: Ընդամենը 3 մլն դոլարի ինչ-որ հատկացումներ արվեցին, բայց դա ծիծաղելի գումար է: Այս պահին նաև զուգահեռաբար գազի գնի խնդիրն է, որի հետ կապված ևս բանակցել չեն կարողանում, և սա էլ ցույց է տալիս, որ կառավարությունն այս առումով ևս, ինչպես բոլոր ուղղություններով, տապալված է»:

Իսկ այն տնտեսական և սոցիալական ծրագրերը, որոնք շաբաթներ առաջ ներկայացրեց կառավարությունը, ինչպես նշում է Անդրանիկ Թևանյանը, ուղղակի կարճաժամկետ և ոչ էֆեկտիվ ծրագրեր են. «Ամենակարևոր հարցն այն է, որ պետք է երկարաժամկետ պլանավորում արվի։ Կարծում եմ, որ կառավարությանը պակասում է ազնվությունը, բացի այդ՝ պրոֆեսիոնալիզմ չկա: Ազնվություն չկա այն առումով, որ կառավարությունը պետք է հստակ մեսիջ տա այն մասին, որ ինքը չի կարող ասել, թե որքան ժամանակ կտևի այս ամենը, որպեսզի բիզնեսը կարողանա գոնե միջնաժամկետ պլանավորում իրականացնել: Այսօր առավոտյան էլ լսեցի, թե վարակման դինամիկան կարող է այնպես ընթանալ, որ դրական լինի, այսինքն, նախապատրաստում են որպեսզի ցույց տան, թե իբր դրական դինամիկա կա, ու կարող են տնտեսությունն աշխատեցնել, որովհետև ապաշնորհ են և չեն կարողանում սոցիալական խնդիրները լուծել: Բայց դա կարող է վտանգավոր լինել և՛ տնտեսության, և՛ մարդկանց կյանքի ու առողջության առումով»:

Տնտեսագետը նաև հավելում է, որ մեր կառավարության պայմաններում թերահավատ է, թե ստեղծված իրավիճակից կկարողանանք արագ և ճիշտ դուրս գալ. «Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր, որ սա հնարավորություն է, իսկ օրերս էլ հայտարարեց, որ տնտեսական ճգնաժամն ազդելու է: Քանի կար, հնարավորություն էր և խնդիր չկար, հիմա արդեն ամեն ինչ երևի դուրս է գրվելու այս վիրուսի վրա, և իրենց ապաշնորհությունը փորձելու են արդարացնել վիրուսի տարածմամբ: Եվ քանի որ կառավարությունը հետևողական չի և՛ իր հայտարարությունների, և՛ գործողությունների մեջ, նրանց քայլերը պետք է այլ հարթության մեջ գնահատել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ