ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչեւ մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչեւ մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
«Քարֆուր» սուպերմարկետում մինչեւ մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ-ի դիմաց 4590 դրամ, այնուհետեւ մինչեւ մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-ից մինչեւ մարտի 31-ը գինն արդեն կազմել է 16 990 դրամ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ «Նոր Զովք» եւ «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող: Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները եւ գինը:
Հարկ է նշել նաեւ, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի տրամադրած տեղեկատվության համաձայն, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մարտ ամսվա վերջից այս ապրանքատեսակն այլեւս վաճառքում առկա չէ: Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռեւս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան:
Համաձայն ՀՀ ԿԵ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի մարտ ամսին կոճապղպեղ ներկրվել է 7 տնտեսվարող սուբյեկտի կողմից 4 երկրներից՝ Նիդերլանդներ, Վրաստան, ՌԴ եւ ԱՄԷ: 2020 թվականի մարտին կոճապղպեղի ներկրումը կազմել է շուրջ 11 000 կգ, փետրվարին՝ շուրջ 9 000 կգ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը