168.am-ը գրում է․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատրաստվում է վարույթ հարուցել ցեմենտի շուկայում։ Հանձնաժողովի նախագահը մտահոգություն ունի, որ վերջին շրջանում այստեղ ստեղծված դեֆիցիտը կարող է արհեստական լինել։
Թե ի՞նչ կպարզվի հարուցած վարույթի ընթացքում, կիմանանք հետագայում։
Բայց Հանձնաժողովի նախագահի հայտարարությունն արդեն իսկ որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Եթե պարզվի, որ իսկապես գործ ունենք արհեստական դեֆիցիտի հետ, ապա դա նշանակում է, որ շուկայի մասնակիցները չարաշահելով իրենց դիրքը՝ փորձել են այդ ճանապարհով բարձրացնել գները և սպառողների հաշվին լրացուցիչ շահույթներ ստանալ։
Վերջին 1-2 տարիներին ցեմենտի գները Հայաստանում իսկապես բարձրացրել են, նաև բավական կտրուկ։
Այս տարի շուկան թանկացել է գրեթե 25 տոկոսով։ Երկու տարվա կտրվածքով էլ թանկացումը հասնում է 40-45 տոկոսի։
Սա հսկայական գնաճ է, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ՝ ինչպես ընդհանրապես շինարարության, այնպես էլ՝ անշարժ գույքի շուկայի գների վրա։ Դրանց թանկացումներն ուղղակիորեն կապված են նաև ցեմենտի գների բարձրացման հետ։
Ցեմենտի գների բարձրացման պատճառները, անշուշտ, տարբեր են։ Բայց ամենակարևորներից մեկը մրցակցության խաթարումն է, որի հիմքերը դրել են իշխանությունները՝ իրենց իրականացրած չհիմնավորված քաղաքականության հետևանքով։
Ներմուծվող ցեմենտի վրա այնպիսի պետտուրքեր դրեցին, որ գրեթե դադարեց ներկրումը։ Շուկան մնաց միայն ներքին արտադրողների հույսին։
Նորություն չէ, թե նման իրավիճակներում սովորաբար ինչպես են իրենց պահում շուկայի մասնակիցները։
Օգտվելով իշխանությունների բարեհաճությունից՝ ներքին արտադրողները ոչ միայն վերցրեցին շուկան, այլև բարձրացրեցին գները։
Այս քաղաքականությունը բերեց նրան, որ շուկայում արդեն տևական ժամանակ է, ինչ դեֆիցիտ է նկատվում։ Դա արհեստակա՞ն է, թե՞ իսկապես պայմանավորված է արտադրության ու սպառման ծավալների խզումով, հավանաբար կպարզվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարույթի ընթացքում։ Թեև դատելով արտադրության ծավալներից ու շինարարության աճի տեմպերից, թվում է, թե դեֆիցիտ չպիտի լիներ։
Պաշտոնական տվյալներով, հունվար-օգոստոսին Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալներն ավելացել են գրեթե 18 տոկոսով։ Նախորդ տարի արտադրվել էր՝ 528 հազար, այս տարի՝ շուրջ 623 հազար տոննա ցեմենտ։ Արտադրության ծավալներն ավելացել են 95 հազար տոննայով։
Նույն ժամանակահատվածում աճել են նաև իրականացված շինարարության ծավալները։ Բայց տոկոսային հարաբերությամբ, ավելի քիչ, քան աճել է ցեմենտի արտադրությունը։
Շինարարության աճը տարեսկզբի 8 ամիսներին կազմել է 14,2 տոկոս։
Այս երկու ցուցանիշներն ուղղակի համադրելի չեն, բայց կապված են իրար հետ։ Դրանք ցույց են տալիս, որ ցեմենտի արտադրության աճն անհամեմատ ավելի մեծ է եղել, քան շինարարությանը։ Նման իրավիճակում որքանո՞վ է հիմնավոր ցեմենտի դեֆիցիտի առաջացումը։ Այս հարցի պատասխանն առայժմ բաց է մնում։ Փաստն այն է, որ կա դեֆիցիտ։ Ու դա կապված չէ շինարարության «աննախադեպ» ծավալների հետ, ինչպես փորձում է առաջացած դեֆիցիտը հիմնավորել Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ համար անակնկալ էր արձանագրել, որ Հայաստանի շուկայում, փաստորեն, ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ կան։ Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել, և մեր տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Տեղական արտադրողները չե՞ն հասցնում շուկային մատակարարել ցեմենտ, թե՞ արհեստական դեֆիցիտ են ստեղծել, դեռ պետք է ճշտել։ Սակայն, եթե նույնիսկ պարզվի, որ արհեստական դեֆիցիտ չկա, միևնույն է, դա չի նշանակում, թե գործ ունենք աննախադեպ ծավալի շինարարության հետ։
Այս տարի շինարարության ոլորտում ակտիվություն կա, և ծավալները 14,2 տոկոսով ավելացել են։ Բայց պետք է հաշվի առնել, որ այդ աճը արձանագրվել է 2020թ. 9,5 տոկոսանոց անկման և անցած տարվա ոչ ամբողջական վերականգնումից հետո։
Հիշեցնենք, որ անցած տարի շինարարության աճը կազմեց 7,4 տոկոս, 2,1 տոկոսային կետով ավելի ցածր, քան նախորդ տարվա անկումն էր։ Այսինքն՝ այս տարի դեռ շարունակում ենք հետ բերել 2 տարի առաջվա կորցրածը։
Հայաստանում իրականացվող շինարարության մեջ օգտագործվում է ոչ միայն տեղական արտադրության, այլև դրսից ներկրվող ցեմենտը։ Այնինչ՝ ներմուծման բարձր տուրքեր սահմանելու պատճառով՝ դրսից գրեթե դադարեց ցեմենտի ներկրումը, խաթարվեց առաջարկ-պահանջարկը։
Մինչև դանակը ոսկորին չհասավ, իշխանությունները քայլ չարեցին՝ լուծելու այս խնդիրը։ Միայն այն, որ միանգամից ցեմենտի ներմուծման պետտուրքը 14 հազարից դարձրեցին 2 հազար դրամ, իսկ կլինկերինը ընդհանրապես հանեցին, ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ անհամապատասխանություն էր ձևավորվել ներմուծվող ու տեղական արտադրության ցեմենտի գների միջև։
Պարզ է, որ նման տարբերության պայմաններում ներմուծվող ցեմենտը չէր կարող մրցակցել տեղականի հետ, ու աստիճանաբար դադարեց դրա ներկրումը։
Սա կարո՞ղ էր շուկայում դեֆիցիտ առաջացնել։ Անշուշտ կարող էր, եթե, իհարկե, տեղական ցեմենտի արտադրության ծավալները չավելանային։ Իսկ դրանք, ինչպես տեսանք, բավական կտրուկ ավելացել են։
Մնում է պարզել, թե ներմուծման ու ներքին արտադրության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ են համահունչ եղել այն դրսևորումներին, որ նկատվել են ցեմենտի շուկայում՝ դեֆիցիտի ու գների բարձրացման տեսքով։
Ներմուծման վրա պետտուրքը նվազեցնելուց հետո՝ դեֆիցիտը, անկախ նրանից՝ արհեստական է, թե ոչ, կմեղմվի։ Դա թույլ կտա վերսկսել նաև դրսից ցեմենտի ներմուծումը։ Տոննայի հաշվով 12 հազար դրամի տարբերությունը, որն առաջացել էր պետտուրքի կիրառման հետևանքով, փոքր գումար չէ, ու գուցե վերականգնի խաթարված մրցակցությունը։
Ներմուծման վերականգնումը կհանգեցնի՞ գների նվազեցմանը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակ։ Թեև, եթե իսկապես գործ ունենք արհեստական դեֆիցիտի հետ, ապա այդպես էլ պիտի լինի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը