Այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է ավելի ուժեղացած դուրս գանք: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ նախօրեին կառավարությունում քննարկել են հակաճգնաժամային տնտեսական մարտավարություն ու ռազմավարությունը. «Ուզում եմ ասել, որ մեր որոշումը միանշանակ է, մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը, որքան էլ այդ իրավիճակը լավն էր Հայաստանում: Մենք խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք և իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ իհարկե, հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է. «Մենք պետք է առերեսվենք ու համարժեք քայլեր ձեռնարկենք նաև դրանք կապակցությամբ: Շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, հասցեական, լինեն արդար»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում էին մի քանի տեղերում և սոցիալական աջակցությունների ֆոնին ստվերային հարստացման երևույթներ են տեղի ունեցել. «Մենք դա պետք է բացառենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը