19 03 2020

Կենտրոնական բանկը՝ ֆինանսական կայունության ապահովման խնդրի մասին

Կենտրոնական բանկը՝ ֆինանսական կայունության ապահովման խնդրի մասին

ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի, որոնք ըստ անհրաժեշտության կիրառվում են ֆինանսական համակարգի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները  կլանելու կամ մեղմելու համար։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրությունն ամբողջությամբ․ 

«Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները։

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ այս իրավիճակում, կարգավորողի և վերահսկողի իր գործառույթներն իրականացնելիս, առաջնորդվելու է հիմնական նպատակ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման անհրաժեշտությամբ՝ միաժամանակ հավասարակշռելով իր գործողությունները տնտեսական ակտիվության պահպանման համատեքստում։

Նշված նպատակների համար ՀՀ կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի (իրացվելիության տրամադրման գործիքներ, մակրոպրուդենցիալ և տնտեսական նորմատիվներ), որոնք ըստ անհրաժեշտության կիրառվում են Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները  կլանելու կամ մեղմելու համար։ Իրադարձությունների հետագա ընթացքի տարբեր փուլերում Կենտրոնական բանկը դիտարկում է նաև բոլոր կողմերի շահերը հավասարակշռող մոտեցումների կիրառում։

Իրականացվող քաղաքականության արդյունավետության համար Կենտրոնական բանկը մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ, ինչպես նաև կարևորում վերջիններիս սերտ և թափանցիկ հաղորդակցումը իրենց հաճախորդների հետ։

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների սերտ համագործակցության և օպերատիվ գործողությունների արդյունքում բոլոր այն քաղաքացիները, ովքեր տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրների առջև են կանգնել, հնարավորություն ունեն դիմել իրենց սպասարկող կազմակերպությանը իրենց վարկային պարտավորությունների համար անհատական մոտեցում կիրառելու նպատակով։ Արդյունքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի դրամական հոսքերի գնահատման հիման վրա կարող է ձեռք բերվել երկկողմ համաձայնություն, այնպես որ հաճախորդի վարկային բեռը կտրուկ չավելանա և ժամանակավոր դժվարությունները բացասաբար չանդրադառնան վերջինիս վարկային պատմության վրա։ 

Միևնույն ժամանակ, նպատակահարմար ենք համարում հնարավորության դեպքում ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, ինչպես նաև հորդորում ենք քաղաքացիներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս հնարավորինս օգտվել բանկային էլեկտրոնային ծառայություններից (վճարային հավելվածներ, առցանց բանկային ծառայություններ)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ